ՏԻՄ ընտրություններին կատարելու եմ այն, ինչ որ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է

FotorCreatedՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառանալով առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ասաց, որ Շիրակի մարզի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ընտրությունների ընթացքում իր դերակատարումը լինելու է օրենքի սահմանում:

«Բնական է՝ տարբեր պետական կառավարման մարմիններ ունեն իրենց՝ ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները, ես ընդամենը կատարելու եմ այն, ինչ որ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է: Կարևոր է այն, որ Գյումրիի ընտրությունները տարբերվելու են նրանով, որ ընթանալու են համամասնական ընտրակարգով: Բայց ասեմ, որ ապահովելու եմ հավասարություն, թափանցիկություն, արդարություն, բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ, որպեսզի մեր ազգաբնակչությունը, մարզի բնակիչները որևէ հարցում չդժգոհեն: Փորձելու եմ հնարավորինս բացառել որևէ պետական մարմնի կողմից ուղղորդում կամ ճնշում»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ իր կուսակցական պատկանելությունը որևէ կերպ չի կարող ազդել իր գործունեության վրա: «Ես կասեի, որ կուսակցական լինելը մեծ հնարավորություն է տալիս, որովհետև կրկնակի պարտավորություն կա: Ես միշտ մտածել եմ, որ մարզպետը, կուսակցական լինելով, պետք է կարողանա ապահովել հավասարություն՝ դրանով իսկ ավելացնելով իր կուսակցության քվեները: Եթե ժողովուրդը տեսնում է, որ պաշտոնյան իր լիազորություններն իրականացնում է հանուն ժողովրդի, դա լուրջ առավելություն է»,- նշեց Սիմոնյանը:

Նա բոլոր քաղաքական ուժերին հորդորեց ամեն ինչ անել, որ ընթանա պարզ, թափանցիկ, անձնական վիրավորանքներից հեռու պայքար: «Իմ կարծիքով՝ դրանով ավելի շատ կշահեն ընտրողի վստահությունը, քան ճնշումներ գործադրելու, վարկաբեկելու տարբերակով»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով իր ղեկավարած մարզի Սարատակ համայնքի գյուղապետ Միշա Ղրզոյանի անվան հետ կապված պատմություններին` Սիմոնյանն ընդգծեց, որ որևէ միջամտություն չի ունեցել այդ ամենին, և ամեն ինչ իրավապահների վերահսկողության ներքո է: «Իմ ցանկացած խոսք, ցանկացած մեկնաբանություն կարող է ոչ ճիշտ ընկալվել: Եթե կան խախտումներ, կան օրենքի կետի շրջանցումներ, կարծում եմ, որ իրավապահ մարմինների խնդիրն է ճշտել՝ ինչ է եղել: Եթե եղել է հանցանք, արարքի համար կան պատիժներ, և կա ճանապարհ, որը կփաստի, որ մարդը մեղավոր է: Իմ կարծիքով՝ այստեղ մարզպետի միջամտության անհրաժեշտություն չկա: Ես` որպես մարզպետ, հետևելու եմ, որ ամեն ինչ օրենքի սահմաններում ուսումնասիրվի և տրվի գնահատական»,- նշեց նա:

Տպել Տպել