Խմբագրական. Հին ընկերոջ պես

Անկախ իշխանական կոալիցիաներում լինել-չլինելուց՝ Հայաստանի ամենահին համարվող քաղաքական ուժը չի դավաճանել իր սկզբունքներին

FotorCreatedԱլեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ 200-ից ավել երիտասարդներ երդում տվեցին եւ ընդգրկվեցին դաշնակցության շարքերը:

Միջոցառման սկզբում ցուցադրվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը, ապա ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ավելի ուշ Կիրո Մանոյանի եւ քաղաքական խորհրդի անդամների մասնակցությամբ երիտասարդները երդվեցին կանոնակարգի եւ զենքի առջեւ:

«Այո՛, խաղաղությունն է բնական միջավայրը արարման եւ կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դեմ չի կարող լինել: Բայց խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են: Թշնամուն խաղաղության բերում են ոչ զիջելով, այլ պարտադրելով: Եվ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թե զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է ավելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականորեն մերժեց «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով հակամարտությունը կարգավորելու օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նույն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կփորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը», – նշեց Արմեն Ռուստամյանը:

Երեկվա միջոցառումն իրապես հուզիչ էր եւ հուսադրող, որ անկախ իշխանական կոալիցիաներում լինել-չլինելուց՝ Հայաստանի ամենահին եւ ամենագաղափարականը համարվող քաղաքական ուժը չի դավաճանել իր սկզբունքներին եւ ազգայնական իդեալներին:

Երեկվա միջոցառմանը, որը կազմակերպված էր առանց վերջին տարիներին ՀՀ քաղաքական վերնախավին բնորոշ «գլամուրի» եւ իրապես ազգային ոգով, հիշեցրեց այն Դաշնակցությանը, որին յուրաքանչյուր հայ այսպես թե այնպես համակրել է եւ ներքուստ իրեն համարել այդ Դաշնակցության մի մասը:

ՀՅԴ առաջնորդների՝ երեկ հնչեցրած հայտարարությունները նաեւ ցույց տվեցին, որ Դաշնակցությունը, առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու եւ առանց ծայրահեղական քայլերի դիմելու, որպես հայոց ազգային քաղաքական մտքի այսբերգ՝ խոչընդոտելու է ԼՂՀ ազատագրված տարածքները հանձնելուն ուղղված որեւէ գործընթացի: Այո՛, միայն զենքով կա հային փրկություն, եւ տարածքները զիջելու մտադրություն ունեցողները պետք է անմիջապես վերածվեն քաղաքական դիակների, որպեսզի բանը չասնի նրանց իրական դիակների վերածելու զինված փորձերին: Սակայն դրա համար նախ եւ առաջ՝ անհրաժեշտ է ունենալ իրապես ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովրդի ու իշխանությունների միջեւ չկա անջրպետ, որտեղ երկրի կարեւորագույն հարցերը որոշվում են ոչ թե կուլիսների հետեւում, «մեկ գիշերվա մեջ», այլ թափանցիկ՝ համազգային մասնակցային սկզբունքով:

(խմբագրական)

«ժողովուրդ» օրաթերթ
03/09/2016

armlur.am

Տպել Տպել