Վայրկյան առաջ ստորագրել ՀՀ-ԼՂՀ ռազմաքաղաքական պայմանագիրը

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին:

Նրա խոսքով՝ ներկայումս միջնորդ պետությունների կողմից ճիգերը շատ են՝ ուղղված բանակցությունների վերսկսմանը, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած` Վիեննայի և մյուս հանդիպումներում անդրադարձ չի եղել հարցի բուն էությանը, հիմնական հարցերը վերաբերել են զինադադարի ռեժիմի ապահովմանը:

Մանոյանը նշեց նաև, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների նվազմանը նպաստել են նաև միջնորդների կողմից ճնշումները: «Ճնշումները կան, բայց հարցի կարգավորման հարցում նորություն չկա: Արծարծվող փաթեթը նույնն է, դրա մեջ նորություն չկա: Հիմնականում այն է, ինչ Մադրիդյան սկզբունքները, Կազանյանը, հիմա սկսեցին խոսել նաև Լավրովի փաստաթղթի մասին, բայց հիմնականում բոլորն էլ նույնն են` առաջարկվում է Ղարաբաղի կարգավիճակ՝ տարածքների դիմաց»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին հրապարակեց հայտարարություն, որին ոչ բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան: «Այնտեղ կրկնվում էր կուսակցության կեցվածքը, որը 2009 թվականից ի վեր այս հարցի մասին հրապարակվել է: Հիմնարար սկզբունքները կամ Մադրիդյան սկզբունքները հրապարակվել են այդ թվականի հուլիսին, և կուսակցությունը դրանց մասին իր տեսակետը հայտարարել է: Մենք հայտարարության մեջ անդրադառնում ենք նաև այն հարցին, որ ակնկալել, թե հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի անորոշ ապագայի, ինչ-որ խոստումների դիմաց, լրիվ սխալ է: Առանց դիմացի կողմից որևէ բան ստանալու՝ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել, նշանակում է` ինչ-որ բան տալ` առանց ոչինչ ստանալու»,- ասաց նա:

Մանոյանը նաև կարծիք հայտնեց, որ դժվար է ակնկալել, որ մինչև տարեվերջ բանակցային գործընթացում կարող է լինել լուրջ տեղաշարժ: «Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը, և պետք չէ բացառել, որ Ադրբեջանի կողմից, ի նշան բողոքի, կլինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր»,- ասաց բանախոսը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղված երկկողմանի ճիգերի կիրառումը շարունակվում է:

«Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Թուրքիային և Ադրբեջանին ու պետք չէ դրանից խուճապի մատնվել: Ռուսաստանի՝ Թուրքիային սիրաշահելու շարունակական ճիգը նրան Արևմուտքից պոկելու համար է: Արևմուտքը անհանգիստ է, և Ռուսաստանը փորձում է օգտվել այդ առիթից՝ Թուրքիային Արևմուտքից հեռացնելու համար: Դրա համար կարող է ինչ-որ բաներ հայտարարվել Ղարաբաղյան հարցի շուրջ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում»,- լրահգրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մանոյանը:

Նրա խոսքով՝Ադրբեջանին զսպելու առումով հայկական կողմը ռազմական տեսանկյունից ճիշտ քայլեր արել է, բայց դիվանագիտական տեսնակյունից, շատ կարևոր է ամրագրել, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ստորագրեն ռազմաքաղաքական այն պայմանագիրը, որի մասին ապրիլի սկզբին հանրապետության նախագահն է խոսել և հանձնարարել է արտգործնախարարությանը պատրաստել այն:

«Կարծում ենք, որ հիմա է այն պահը՝ ստորագրելու: Դա նաև մեր կողմից կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Անհրաժեշտ է վայրկյան առաջ այդ ռազմաքաղաքական պայմանագիրը ստորագրել, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատանք տանել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Պատրանք չունենք, որ վաղը պետությունները կճանաչեն, բայց անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրից բխող հարցերի էությունը պարզ դառնան: Այդ ինչպե՞ս է որ ՀՀ զինակոչիկը հայտնվում է Արցախի և Ադրբեջանի շփման գծում, այդ ինչպե՞ս է, որ ԼՂՀ-ում գործածում են նույն ՀՀ անձնագիրը, այս բոլորը բացատրելու համար, անհարժեշտ է այդ պայմանագիրը ստորագրել»,- ասաց Մանոյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂՀ հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության քննադատությանը՝ Մանոյանը նշեց. «Մադրիդյան սկզբունքներն ընդունվեցին 2007 թ-ի նոյեմբերին, երբ Քոչարյանը նախագահն էր, արտգործնախարարն էլ Օսկանյանն էր: Հիմա հետաքրքիր է, որ այդ մարդիկ, ովքեր այդ փաստաթղթի շուրջ բանակցել են և բանակցություններով ընդունել են սկզբունքները, այսօր ասում են, թե իրավիճակը փոխվել է, կեցվածքը ևս: Բնականաբար, բոլորն էլ իրավունք ունեն իրենց կեցվածքը փոխելու, բայց մեղադրել, որ ներկա իշխանությունն է այսօրվա իրավիճակի պատասխանատուն, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չէ»,- ասաց նա:

Ըստ Մանոյանի, իհարկե, երկրորդ նախագահը և իր արտգործնախարարը չեզոք դիրքերից են խոսում և քաղաքական որոշ մոտեցումներ ունեն:

«Պետք է իրենց քաղաքական մոտեցումները որպես կողմ ընդունենք. որ իրենք այս իշխանություններին քննադատում են, բայց տեսնենք, թե, ըստ էության, իրենց ասածների մեջ որն է ճիշտ, որը սխալ»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը, սակայն, վստահ է՝ այս իրավիճակը կարելի է հիմնովին փոխել հարմար առիթի դեպքում։

«Կարծում եմ՝ այդ հարմար առիթը կլինեն արդար ընտրությունները եկող տարի՝ խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն, երբ ՀՀ-ում արդեն կձևավորվի նոր իշխանություն, այդ նոր իշխանությունը կարող է այս ամբողջը վերտեսության ենթարկել և փորձել նոր ուղղությամբ վերսկսել»,- ասաց նա:

Տպել Տպել