Հայաստանում հանձնելով քննություններ` աշակերտները կարող են ընդունվել Քեմբրիջ, Օքսֆորդ…

FotorCreatedԱրեգ Կարապետյանը մեկն է այն 35 աշակերտներից, ով «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում հանձնել է միջազգայնորեն ճանաչելի քննություններ: Քննությունները պիլոտային կարգով կազմակերպել էր «Այբ» դպրոցը, որն առաջիկայում արդեն, ընդլայնելով ծրագրի շրջանակները, ԿԳՆ-ի հետ համատեղ կփորձի ծրագիրը հասանելի դարձնել բոլոր աշակերտների համար:

«Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը կյանքի է կոչվում Կրթության գերազանցության ազգային ծրագրի /ԿԳԱԾ/ շրջանակներում: Ծրագրի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում Հայաստանում հանձնել քննություն և դրանց արդյունքների միջոցով այնուհետև սովորել արտասահմանյան լավագույն բուհերում:

Արեգ Կարապետյանը նշեց, որ ինքը հանձնել է քննությունների մի մասը, քանի որ դեռ նոր միայն 12-րդ դասարանում է սովորում: Արեգը դժգոհ չէ քննությունների արդյունքից` «Քիմիա»-ից B, «Մաթեմատիկա»-ից C է ստացել` 2017-ին քննությունների երկրորդ փուլն էլ հաղթահարելու դեպքում` հնարավորություն կունենա դրսում սովորելու: «Ուզում եմ ծրագրավորման կամ ինժիներիայի ոլորտում շարունակեմ ուսումս և դրսում սովորեմ: Այս քննության դրական կողմն այն է, որ մենք այստեղ հայերենով հանձնում ենք միջազգայնորեն ճանաչելի քննություն, և հետո ազատ կարող ենք դրսի` այս կամ այն բուհերից մեկում սովորել: Քննությունները հեշտ չեն` եթե հանրակրթական դպրոցում 1 քննություն ես հանձնում, ապա այստեղ 1 առարկայից 4-5 քննություն ենք հանձնում: Բնագիտական առարկաներից, օրինակ, մի քննության ժամանակ դու փորձ ես անում և պետք է փորձի արդյունքները գրես, մյուսի ժամանակ փորձիդ արդյունքները վերլուծել է պահանջվում, իսկ հաջորդ փուլում ընտրովի հարցեր են»,-ասում է Արեգը:

Ըստ նրա` ճիշտ է, քննությունները դժվար են, սակայն դրանց պատրաստվելով` աշխարհայացքդ ընդլայնվում է` մի առարկային կարողանում ես տարբեր տեսանկյուններից նայել:

ԿԳԱԾ-ի տնօրեն տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր` լրագրողների հետ զրույցում, նշեց, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի` միջազգային ճանաչման աշխատանքն իրականացրել է Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը: Քննությունների արդյունքներով, ըստ տեր Մեսրոպի, մեր աշակերտները հնարավորություն կունենան սովորելու Քեմբրիջում, Օքսֆորդում…

«Սա խստապահանջ ծրագիր է և առանց շատ լավ աշխատելու, չես կարող հասնել արդյունքի: Ծրագիրը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, և ծրագրի իրականացման ընթացքին հետևում են Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը: Այս տարիների ընթացքում մենք փորձել ենք մեր խոսքն ասել և մերը ստեղծել կրթության ոլորտում և կարողացել ենք ունենալ մրցունակ կրթություն: Հայերիս մոտ գոյատևման գաղտնիքը եղել է գերազանցության շունչը և լավագույնին հասնելու ձգտումը»,-ասաց տեր Մեսրոպը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նկատեց` Հայաստանում արդեն իսկ ունենք այլընտրանքային ծրագիր, որն ոնի բավական բարձր մակարդակ: «Երբ խոսում ենք, որ կրթական համակարգը պետք է համապատասխանի միջազգային որակին, կարևոր է, որ դա ձևական չանենք, այլ ձևավորենք կրթական արդյունք, որի բոլոր փուլերը կկարողանանք մատուցել: Այսինքն` եթե ունենայինք «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն առանց այն իրականացնող կրթական համակարգի, ինչ-որ օղակ չէր աշխատի»,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԿԳԱԾ-ն էլիտար ծրագիր է, բայց այդպես չէ, և նախարարությունը «Այբ»-ի հետ համատեղ առաջիկայում ծրագիր է կազմելու, որպեսզի դպրոցներին ներկայացնեն «Արարատյան բակալավրիատի» բոլոր հնարավորությունները: Մկրտչյանը նշեց նաև, որ հույսի ունի` 1-2 տարվա ընթացքում «Արարատյան բակալավրիատը» հասանելի կլինի ՀՀ բոլոր մարզերի դպրոցների աշակերտներին:

«Այբ»-ի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց, որ ծրագրի շրջանակում հանձնած քննությունները ոչ միայն փորձում են ապացուցել երեխայի գիտելիքները, այլ նաև ներդաշնակվում է ուսուցման ընթացքը.«Այս քննությունները հնարավոր չէ հանձնել կրկնուսույցների մոտ պարապելու միջոցով, այն որոշակի գիտելիքների հիմք է պահանջում: Հիմա էլ մեր ոշակերտներից որոշները քննությունների հիման վրա արդեն իսկ եվրոպական և ամերիկյան բուհեր են ընդունվել»:

yerkir.am

Տպել Տպել