Վստահ եմ, որ ընտրվելու եմ

FotorCreatedՈւջանի խնդիրների, ուջանցիների հոգսերի մասին Yerkir.am-ը զրուցել է ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի մասնակից, Ուջանի համայնքապետի թեկնածու Նաիրի Կիրակոսյանի հետ:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում է կռվել, 1992 թվականից դաշնակցական է: «Լավ ընկերներ ունեցա մեր գումարտակում, գաղափարի մարդիկ էին, կռվող տղաներ, քաջ տղաներ: Նրանց հետ շփվելով` ես չէի կարող վատ մարդ դառնալ: Եթե ուրիշ շրջապատ ընկնեի, ասենք` այն գեներալների, կարող է հիմա նրանց նման թալանչի լինեի»,- կատակեց Կիրակոսյանը:1473252460-5996

Խոսելով ուջանցու զբաղվածության մասին` նա նշեց, որ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, բացի այդ` քարհանքեր կան գյուղում, և դա էլ է ապահովում ուջանցիների ապրուստը, ինչպես նաև դեղձի մշակմամբ են զբաղվում: «Այս ամենի հետ մեկտեղ գյուղում շատ են արտագնա աշխատանքի մեկնողները: Ուջանցին դրսից ուղարկված գումարով է գոյատևում: Քիչ ընտանիքներ կան, որ արտերկրում մարդ չունենան»,- իր մտահոգությունը հայտնեց Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանի զարգացումը կախված է հենց գյուղերի զարգացումից, պետությունը պետք է շեշտը դնի գյուղերի զարգացման վրա, որովհետև գյուղից է սկսվում ամեն ինչ:

Իր թեկնածությունը առաջադրելու որոշման մասին նա ասաց, որ իրեն սատարում է գյուղի ընդդիմադիր թևը, և ուջանցին, իրոք, փոփոխություններ է ուզում գյուղի կառավարման համակարգում: «Վստահ եմ, որ ընտրվելու եմ, ուջանցին փոփոխություններ է ուզում. գյուղի առջև ծառացած խնդիրները չեն լուծվել»,- ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ չէր առաջադրվի, եթե ՀՅԴ-ն չսատարեր իրեն, քանի որ դաշնակցականը ուրիշ է իր մտածողությամբ:

Նա մեզ հայտնեց, որ գյուղն ունի տեխնիկայի խնդիր, կան հողատարածքներ, որոնք բնակիչները մշակում են, սակայն դրանք օդից կախված են, և որևէ մեկին չեն պատկանում: «Գյուղում տեխնիկայի պակաս կա, մենք ստիպված ենք լինում այդ տեխնիկան կողքի գյուղերից բերել, ինչը խանգարում է վար ու ցանքի ժամանակին իրականացմանը: Գյուղում կան հողատարածքներ, որ ժողովուրդը մշակում է, բայց ոչ մեկի անունով գրանցված չեն դրանք: Շուրջ 15-20 տարի է` այդպես է: Ես չգիտեմ` չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում լուծել այս հարցը: Պետք է լուծել այս խնդիրը, որովհետև գյուղացին ցանկանում է դառնալ իր մշակած հողի սեփականատերը և հարկ վճարել դրա համար»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով` եթե հող է, ուրեմն գյուղացունն է:

Գյուղի հիմնական խնդիրներից է նաև ոռոգման ջրի խնդիրը. գյուղապետարանը պետք է աջակցի ջրբաժանին, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա: «Այսինքն` սրանք խնդիրներ են, որոնց լուծումը մեծ գումարների հետ կապված չէ, ուղղակի ցանկության հարց է, իսկ ցանկության բացակայությունը ուջանցու ժամանակից է տանում»,- նշեց Կիրակոսյանը:

Վերջում նա մեզ վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում պետք է պարտադիր աշխատի, և ուջանցու բոլոր խնդիրներին լուծում տա:

yerkir.am

Տպել Տպել