Դեմ եմ, որ հարցին ձևական լուծում տրվի

ԿԳ նախարարը` Գյումրու երկու բուհերի միավորման մասին

FotorCreated
Տևական ժամանակ է` քննարկվում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու հարցը:

Yerkir.am-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից փորձեց ճշտել, թե որ փուլում է այս գործընթացը, և արդյո՞ք կա բուհերը միավորելու հստակ որոշում: Նախարարը պատասխանեց, որ բուհերի միացման հարցն այժմ քննարկման փուլում է, և ինքը հանդիպումներ է ունենում երկու բուհերի դասախոսական կազմերի հետ:

«Ես դեմ եմ, որ հարցին ձևական լուծում տրվի: Եթե մենք մանկավարժական ինստիտուտի անունը փոխենք ու այն կոչենք համալսարան, այդ հաստատությունը չի դառնա համալսարան, քանի որ համալսարանն այն կրթական հաստատությունն է, որն առնվազն 3 ուղղությամբ կրթական ծրագիր է իրականացնում: Հիմա պետք է փորձենք լուծումը գտնել, քանի որ մի քանի տարբերակներ ունենք: Ես հանդիպել եմ կոլեկտիվի հետ, հասկացել նրանց հիմնական խնդիրները»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ բուհերի միացման հետ կապված հիմնական մտավախությունը ոչ միայն սուբյեկտիվ գործոնն է` կադրերի պահպանումը, այլ նաև օբյեկտիվը` յուրաքանչյուր կոլեկտիվ ուզում է իր ակադեմիական ինքնուրույնությունն ու իր ձևավորած ավանդույթները պահպանել: «Բայց որ տարածաշրջանը պետք է ունենա համալսարան, որևէ մեկը չի կարող կասկած ունենալ: Ես խոստացել եմ նրանց, որ լուծումը նույնպես քննարկելու ենք միասին»,- ասաց Մկրտչյանը:

yerkir.am

Տպել Տպել