Յուրաքանչյուր ժամանակ իր խնդիրներն է առաջ դնում, ու դրանք լուծելու համար անհրաժեշտ են նոր մարդիկ

%d5%af%d5%a1%d5%b5%d6%84Հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիր մարմնի կառավարումը ստանձնեց բավական բարդ ժամանակահատվածում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, թե «պարտադիր չէ գնացողի հետևից վատը խոսել» ու նկատեց, որ Հովիկ Աբրահամյանն այս երկու տարիների ընթացքում հիմնական գործառույթները սահուն կերպով կարողացավ իրականացնել:

«Արմատական այն խնդիրները, որոնք դրվել էին վարչապետի առաջ, ձևակերպված էին նոր Սահմանադրությամբ, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրով, որակական փոփոխությունների անհրաժեշտության էին հանգեցնում: Նպատակը սա է՝ նոր որակ հաղորդել կառավարության գործունեությանը: Նշանակվելիք վարչապետն իմ գնահատմամբ եռանդուն է, կազմակերպական մեծ կարողություններ ունի, ժամանակակից մտածողություն, կարողանում է խնդիր ձևակերպել, դրանք լուծել, ուստի համոզված եմ, որ պարոն Կարեն Կարապետյանը կկարողանա նոր կառավարության համախմբված աշխատանքով իսկապես երկրում դրական ակնկալիքներ առաջացնել»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց՝ վարչապետի հերթական փոփոխության մեջ փոփոխություն տեսնել պետք չէ, քանզի անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր որակի կառավարություն:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չէր կարողանա լուծել այդ նոր խնդիրները, Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ժամանակ իր խնդիրներն է առաջ դնում, ու դրանք լուծելու համար անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր մտածողություն… Կան ձևավորված հստակ դրված խնդիրներ, խաղի կանոնների նշաններ և այդ խնդիրներն իրագործելու համար նոր վարչապետը կկարողանա լավ թիմ ձևավորել»:

Անդրադառնալով Կառավարությունում ստանձնած Դաշնակցության պորտֆելներին, Tert.am-ը հարցրեց՝ կպահպանվե՞ն երեք պաշտոնները: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նոր քննարկում այդ թեմայով չեն ունեցել, բայց համոզմունք հայտնեց, որ իրենց նախարարները կշարունակեն պաշտոնավարել, որովհետև «գիշեր-ցերեկ աշխատում են»:

Արդյոք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ազգային համաձայնության կառավարության շրջանակներում էր, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը կձևավորվի խորհրդարանական ընտրություններից հետո, նոր Սահմանադրության պայմաններում: Ես գրեթե վստահ եմ, որ հաջորդ պառլամենտում որևէ քաղաքական ուժ չի ունենա բացարձակ մեծամասնություն, ու մենք կկարողանանք ցանկացած հարց քննարկումների, բանավեճերի արդյունքում լուծել»:

Տպել Տպել