Որևէ մեկի մտքով թող չանցնի, թե մենաշնորհների խնդիրը հեշտ է լուծել թարս նայելով կամ գրչի մեկ ստորագրությամբ

FotorCreatedԱյսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և դրա պատճառներին: Նա նախ կարծիք հայտնեց, որ սահմանադրական նորմերը կյանքի կոչվելուց հետո միայն որոշ խնդիրներ կստանան իրենց լուծումները: Սակայն դրանք 1 կամ 2 օրվա խնդիր չեն, և պահանջում են հետևողական ու քրտնաջան աշխատանք:Այս պահի դրությամբ իրականացվում է մեծածավալ աշխատանք օրենսդրական դաշտում:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ մենաշնորհների կամ շուկաների գերկենտրոնացվածության խնդիրը հեշտ է լուծել մեկ թարս նայելով կամ գրչի մեկ ստորագրությամբ: Այդքան հեշտ որ լիներ, շատ զարգացած երկրներ չէին ունենա այդ խնդիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում էհարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականը անակնկալ չէր, Արծվիկ Մինասյանը նշեց, որ որևէ նախարարի առհասարակ նախապես չեն ասում, որ վարչապետը պետք է հրաժարական տա, մանավանդ որ այդպիսի քննարկում կառավարությունում չի եղել: Վարչապետի հրաժարականը ինքնին նշանակում է կառավարության հրաժարական, և նախարարները ըստ Սահմանադրության, շարունակելու են իրենց գործունեությունը, քանի դեռ նախագահի կողմից նոր հրամանագիր չի ստորագրվում: Եվ այդ առումով, ըստ Արծվիկ Մինասյանի, դա ցանկացած նախարարի համար կարող է անակնկալ լինել:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կողմից երկու փուլով` կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրով ներկայանալու փաստին, Արծվիկ Մինասյանը ողջունեց այդ հանգամանքը, որ նոր վարչապետը արդեն պատրաստ ծրագրով է անցնում աշխատանքի, քանի որ լուրջ վերանայումների անհրաժեշտություն կա : Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ մինչ այժմ գործող կառավարությունն ու վարչապետը սխալ էին վարվում, այլ նոր մարտահրավերներին համապատասխան արագ մի քանի գործողություններով պետք է վերականգնել ժողովրդի հավատն ու տնտեսական որակական ցուցանիշները:

Արծվիկ Մինասյանը նոր վարչապետի մասին ասաց, որ նա պրոֆեսիոնալ մենեջեր էր, երբ Երեւանի քաղաքապետն էր: Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակ հետո ականատես կլինենք տնտեսական կյանքում ցուցանիշների բարելավումների:

yerkir.am

Տպել Տպել