Դաշնակցության ծրագրային դրույթներն ընկալելի ու համոզիչ են

ՀՅԴ-ն կուղղի վանաձորցու մեջքը

FotorCreatedՎանաձորում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Այսօր մեկնարկել է ընտրական քարոզարշավը: Վանաձորի խնդիրների, դրանց լուծման ուղղված` ՀՅԴ ծրագրի, ընտրական ընդհանուր իրավիճակի մասին Yerkir.am-ը զրուցել է Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող` «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն»-ի կրթական ծրագրի պատասխանատու, դաշնակցական Նելսոն Մամուլյանի հետ:

– Պարո’ն Մամուլյան, վանաձորցին հետաքրքրվա՞ծ է ընտրություններով, ընտրական թեժության ի՞նչ աստիճան է Վանաձորում:

-Նոր Սահմանադրությունը, ընտրությունների նոր ընտրակարգը, ինչ խոսք, փոխում են պատկերը: Գիտեք՝ այսօրվանից սկսվում է քարոզարշավը: Իիհարկե, որոշ կուսակցություններ չեն սպասել այս օրվան, բայց մենք` որպես օրինապահ կուսակցություն, համեստ ենք պահել մեզ (ժպտում է): Մենք էլ այսօրվանից կսկսենք մեր քարոզարշավը: Վանաձորում պատկերը հետևյալն է` 8 կուսակցություն է առաջադրված, սա ակտիվության նորմալ չափ է, կարծում եմ: Իհարկե, չէի ասի, որ առաջադրված բոլոր կուսակցություններն էլ Վանաձորում առանձնակի ակտիվ գործունեություն են ծավալել, բայց հույս ունեմ, որ այսօրվանից արդեն իրական մրցակցային պատկերը կերևա, քանի որ արդեն խոսքը կգնա ծրագրերի մասին, Վանաձորի խնդիրների մասին. դա է վանաձորցուն հուզող թիվ մեկ հարցը:

– Մեր ընտրություններում այսպիսի մի միտում է նկատվում, եւ որքան ընտրությունները խոշոր մասշտաբի են լինում, այնքան այս երևույթն ավելի ցցուն է դառնում` մարդիկ հիմնականում չեն խոսում իրենց ծրագրերի մասին, առաջին հերթին փորձում են սևացնել մրցակցին, դա հստակ գործելաոճ է դարձել մեր քաղաքական դաշտում: Ինչպիսի՞ն է պատկերը Վանաձորում` այս առումով:1473423577-7052

– Նախ ասեմ, որ ՀՅԴ-ի նկատմամբ որոշ հարթակներում սև քարոզչություն տարվում է` ոչ հրապարակային, մասսմեդիայի մակարդակով եմ նկատել նման բան: Մենք, բնականաբար, որևէ խնդիր չունենք պաշտպանվելու կամ նախահարձակ լինելու: ՀՅԴ-ն, ինչպես մշտապես մեր սկզբունքն է եղել, միայն ծրագրային, գաղափարային դաշտում է, մենք նույնիսկ էներգիա չենք ծախսելու ինտրիգների, սև փիար անելու վրա: Դա մեր մշակույթի մեջ չի մտնում: Հակառակը`Դաշնակցությունն այս ընտրարշավին մշակույթ է թելադրելու, ցույց է տալու, որ ընտրապայքարը պետք է կառուցել բացառապես հանդուրժողականության վրա: Պետք է ընթանա զուտ գաղափարական, մրցակցային պայքար: Այս առումով` տոն թելադրողներից մեկն ենք լինելու և կոչ ենք անելու մյուս կողմերին` այս դաշտում միայն երկխոսություն կազմակերպել: Ի վերջո, բոլորիս նպատակները պետք է ուղղված լինեն Վանաձորի խնդիրների լուծմանը:

-Այսօր, երբ արդեն քարոզարշավը մեկնարկել է, հանգիստ կարող ենք խոսել ձեր անելիքների մասին: Դուք սկսե՞լ եք ծրագրերը ներկայացնելու աշխատանքը, ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք լուծելու քաղաքի առջև ծառացած խնդիրները:

– Մինչև խնդիրները ներկայացնելը, կուզեի նշել, որ այստեղ առաջին հերթին կարեւորը հարցերին համակարգային մոտեցում ցուցաբերելն է: Շատերը գիտեն` ինչպիսի ֆունկցիոնալ նշանակություն ունեցող քաղաք է եղել Վանաձորը: Հիմա էլ Վանաձորն ունի հրաշալի հնարավորություններ: Ես Վանաձորը կհամեմատեի սեղմված զսպանակի հետ. եթե օգտագործվեն Վանաձորի հնարավորությունները, այն կդառնա հանրապետության գեղեցիկ, գրավիչ քաղաքներից մեկը: Մեր ծրագրի առանցքը հենց դա է` Վանաձորը դարձնել կիրթ, բարեկեցիկ և գրավիչ քաղաք: Մինչև հիմա ՏԻՄ մարմինների ընտրությունը հիմնականում իներցիոն բնույթ է կրել և միտված չի եղել համայնքի խնդիրների լուծմանը, միայն ցուցաբերվել են իրավիճակային լուծումներ, ուստի մեր առաջին, կարևոր խնդիրը լինելու է նախևառաջ վերհանել և հստակեցնել Վանաձորի հիմնախնդիրները, հաջորդ քայլը` այդ հիմնախնդիրների լուծման մեջ յուրաքանչյուր վանաձորցուն ներգրավելը: Պետք է նշեմ, որ մեծ նշանակություն ենք տալիս երիտասարդությանը: Մեր ծրագրի դրույթների մեջ չկա այնպիսի մի կետ, որը չվերաբերի երիտասարդությանը, և որի իրականացման գործում նա ակտիվ դերակատարում չունենա: Մեխանիզմներ ենք մշակել, թե ինչպես ենք պատկերացնում ցանկացած վանաձորցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը: Մեր գլխավոր խնդիրներից է լինելու զբոսաշրջությանը զարկ տալը: Այս ամենի համար ներդրումներ են, իհարկե, պետք: Ուստի ներդնելու ենք քաղաքի զարգացման նպատակներով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու մեխանիզմներ, մասնավորապես` մունիցիպալ պարտատոմսերի թողարկման և վարկային ռեսուրսների ներգրավման միջոցով: Գաղտնիք չէ` թե՛ պետական բյուջեից ստացվող միջոցները, թե՛ սեփական եկամուտները բավարար չեն քաղաքի զարգացման ծրագրերի իրականացման համար: Ուստի անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան քաղաքի զարգացման ծրագրերը ֆինանսավորելու համար ներքին և արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավել: Վանաձորն ամեն օր ավելի բարեկարգ պետք է դառնա: Ներդնելու ենք խրախուսման մեխանիզմներ, և իհարկե, ներդրողը ծախսման ամբողջ գործընթացներին մասնակից կլինի: Դրա հետ փոխկապակցված է համայնքային բյուջեի թափանցիկությունը: Այսօր բյուջեի թափանցիկության վերբաերյալ կան դժգոհություններ, ուստի միայն բյուջեն հրապարակելը բավարար չէ: Շատ կարևոր է համայնքի մասնակցությունը բյուջեի կառավարմանը: Մենք սա նախատեսում ենք մեր ծրագրում:

-Պարո;ն Մամուլյան, այսօր մարդիկ շատ դժվարությամբ են ընդունում խոսքերը, շատ դժվար են հավատում: ՀՅԴ-ն ի՞նչ մոտեցում է ցուցաբերելու, որ վանաձորցուն համոզի` իր խոսքը գործ է լինելու:

-Ընդհանրապես, վանաձորցու, լոռեցու լսելու ունակությունը ընդգծված է, իսկ որոշում կայացնում են լսելուց հետո: Վանաձորցին նախ կլսի, մանավանդ, որ այս կուսակցական պայքարը ՏԻՄ մարմինների մակարդակով նոր մշակույթ է, և ընթացքում որոշում կկայացնի: Դաշնակցության ծրագրային դրույթներն ընկալելի ու համոզիչ կլինեն, որովհետև մենք կոլեգիալ կառավարման մեծ փորձ ունենք, իսկ այսուհետ Վանաձորը հենց այդ համակարգով է կառավարվելու, և մենք մեր փորձը, մեր հմտությունները օգտագործելու ենք քաղաքի զարգացման համար: Մյուսը դա մեր թիմն է: Ավագանու մեր ցուցակում 38 մարդ ունենք ընդգրկված, այստեղ ևս կոլեգիալ, թիմային մոտեցում ու հոգեբանություն ունենք, համարի խնդիր չկա բացարձակապես: Թիմը փորձառու է, մարտական է տրամադրված: Մեր վեկտորն ուղղված է մեկ ուղղությամբ` Վանաձորը դարձնել իրոք գրավիչ քաղաք, Վանաձորը հանել այսօրվա ոչ բարվոք պայմաններից:

-Ծանր ժառանգություն եք ստանալու, երբ գաք իշխանության…

-Այո, բայց մեր ուժը բավարար է, մեր թիմը բացարձակապես չի վախենում և պատրաստ է այդ խնդիրներն իր ուսերին վերցնել ու համայնքի հետ լուծել դրանք:

– Քարոզարշավի հիմնական գիծը ո՞րն է լինելու, շեշտը ինչի՞ վրա է դրվելու՝ բակային հանդիպումնե՞ր, մեծ հավաքնե՞ր… Քարոզարշավն ինչպե՞ս եք անցկացնելու:

-Շեշտը որևէ մեթոդի վրա չենք դնելու, բոլոր հանդիպումների ձևաչափերը կիրառելու ենք` կաշկանդված չլինելով որևէ ֆորմալ կամ ոչ ֆորմալ հանդիպում իրականացնելու հարցում: Մեր հարազատ քաղաքն է: Կլինեն և’ կոլեկտիվների հետ հանդիպումներ, և’ բակային հանդիպումներ, շրջայցեր թաղամասեր, նաև երիտասարդության, ուսանողության հետ հանդիպումներ: Նախատեսում ենք տարբեր միջոցառումներ իրականացնել Վանաձորում: Սեպտեմբերի 16-ին կլինի մեծ միջոցառում:

-Եվ վերջում ի՞նչ խոսք կուղղեք վանաձորցուն:

-Իմ սիրելի վանաձորցին այսօր ընկճված է բավականին, ոչ բնական ժպիտով է, ինչը բնորոշ չէ նրան: Ես կցանկանայի, որպեսզի վանաձորցին ուղղի իր մեջքը, և մենք միասին այս գործընթացը տանենք առաջ: Ցանկացած կուսակցություն, թեկուզ` ռեսուրսներով, ներուժով, խնդիրներ կունենա ցանկացած լավ գաղափար առաջ տանելու հարցում, եթե չունի համայնքի աջակցությունը: Վանաձորցուն կուզեի ասել` Դաշնակցության հետ պետք է իրականացնել այս ծրագրերը, որպեսզի միասին կարողանանք Վանաձորը դարձնել հանրապետության լավագույն քաղաքներից մեկը:

Հարցազրույցը՝ Ամալյա Առաքելյանի

Տպել Տպել