Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

fotorcreatedՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության խորհրդական Նինո Ափթիաուրիին:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար` ընդգծելով երկու երկրների դարավոր բարեկամությունը և նշել, որ Վրաստանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, ի դեմս որի՝ Հայաստանը տեսնում է տարածաշրջանի լավ հարևանի և բարեկամի:

Գիորգի Սագանելիձեն իր հերթին նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում: Դեսպանը կարևորել է հայ և վրացի պաշտոնյաների հաճախակի շփումները երկու երկրների համագործակցության զարգացման հարցում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Լոքյանը նշել է, որ Վրաստանի հետ բավականին ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում ինչպես կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի կառուցման, այնպես էլ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան համագործակցության տարածաշրջանային համագործակցության ծրագիր- Հայաստան Վրաստան» ծրագրերի շրջանակում: Վերջերս Դիլիջանում «Արևելյան համագործակցության տարածաշրջանային համագործակցության ծրագիր- Հայաստան Վրաստան» ծրագրով տեղի է ունեցել վրաց գործընկերների հետ բավականին արդյունավետ հանդիպում, որտեղ քննարկվել են ծրագրի արդյունքները:

Դավիթ Լոքյանը նաև կարևորել է Վրաստանի փորձը հատկապես տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ:

«Այժմ սկսել ենք Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարության իրականացումը, որի հիմքում նաև հարևանների հետ սահմանային տարածքներում համատեղ ծրագրերի իրականացումն է: Հայաստանն ու Վրաստանն այստեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն»,- իր խոսքում նշել է Դավիթ Լոքյանը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հաճախակի հանդիպումներով և շփումներով կկարողանան էլ ավելի նպաստել երկու երկրների սահմանամերձ շրջանների հետագա համագործակցության զարգացմանը:

Տպել Տպել