Պետք է փոխվեն խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները

FotorCreatedԱյսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին:

Ըստ նրա` այն արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև, թույլ չեն տալիս սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, և խորհրդարական կառավարման համակարգին սահուն անցնելու համար ճիշտ է, որ այսօրվանից սկսվեն փոփոխությունները: Ռուստամյանի խոսքով` դա նաև հնարավորություն է տալու ՀՅԴ-ին աշխատելու նոր կառավարության ծրագրի վրա, որ համահունչ լինի այն քաղաքական համագործակցության համաձայնագրի հետ, որը կնքվել է ՀՀԿ-ի հետ:

«Մեր հասարակության մի զգալի մասը չունի այդ համբերությունը և չի պատկերացնում, որ 2017թ. բարեփոխումները կբերեն այն նպատակների իրականացմանը, որոնք շատերը մտքում այսօր ունեն: Մենք համոզում ունեինք, որ ոչինչ չի խանգարում մեզ փոխությունները սկսել այսօր: Պետք է նոր սկզբի հիմքեր դնել, մարդկանց մոտ հույսեր արթնացնել: Այդ համատեքստում ես գնահատում եմ Հովիկ Աբրահամյանի քայլը՝ հրաժարականը, և հույս ունեմ, որ նոր վարչապետը, ով բանիմաց, պարկեշտ, կիրթ, իր գործը լավ իմացող անձնավորություն է, ունի ժամանակակից մտածելակեպ և կարող է առաջնորդել փոփոխությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Եվ անգամ 8 ամսով վարչապետ նշանակելու իմաստը, ըստ նրա, փոփոխությունների հրամայականն է, որն արտացոլվեց թե’ Սերժ Սարգսյանի, թե’ Հովիկ Աբրահամյանի ելույթներում: Ռուստամյանի խոսքով՝ բոլորն են գիտակցում, որ բարեփոխումների գործընթացն արագացնելու անհրաժեշտություն կա:

Դիտարկման կապակցությամբ, որ վարչապետի ու կառավարության փոփոխություն ՀՀԿ-ն անում է ընտրությունների նախաշեմին` իր վարկանիշը բարձրացնելու համար, Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա բնական է: Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանություններ են եղել, որոնք թքած ունեին իրենց վարկանիշի բարձրացման խնդրի վրա և համարում էին, որ «իրենց դեմ խաղ չկա», ինչպես էլ գործեն: Բայց հիմա իշխանությունները հասկացել են, որ իրավիճակ է փոխվել, և իրենց իշխանությունը պահելու համար պետք է մտածեն իրենց վարկանիշի բարձրացման ուղղությամբ ու իրականացնեն համապատասխան քայլեր: «Այս անգամ, անձերի փոփոխությունից զատ, պետք է փոխվի նաև բովանդակությունը ՝ խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները»,- ասաց նա:

Կկարողանա՞, արդյոք, նոր վարչապետը պայքարել օլիգարխիկ տնտեսության դեմ: Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ օլիգարխիկ տնտեսության դեմ մեկ անձը չի կարող պայքարել, որովհետև անհրաժեշտ է համակարգի փոփոխություն, որը կհանգեցնի բիզնեսի ու օլիգարխիայի տարանջատման, դա ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության հիմնական պահանջներից մեկն է: Այդ խնդիրները, ըստ Ռուստամյանի, կարող են ցավոտ լինել, բայց աստիճանաբար պետք է սկսել, որ Հայաստանում տանաջատված լինեն օլիգարխիան ու տնտեսությունը:

«Մենք հարուստներին դեմ չենք, մենք դեմ ենք ապօրինի հարստացմանը: Եվ եթե մարդիկ հարստանում են, թող գնան` իրենց գործով զբաղվեն, իսկ քաղաքականությունը պետք է անջատվի դրանից: Քաղաքականությունը պետք է հետապնդի ոչ թե օլիգարխների, այլ բոլորի շահերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե կառավարության հրաժարականից հետո ի՞նչ ճակատագիր կունենան Դաշնակցության պորտֆելները, նա պատասխանեց, որ դրանց թիվը չի պակասի, որովհետև քաղաքական համագործակցության հուշագիրը գործում է, ուժի մեջ է: Ավելին՝ այդ հուշագիրը հեռանկարային է:

Իսկ թե ե՞րբ են տեղեկացվել վարչապետի փոփոխության մասին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ փոփոխությունների մասին միշտ է խոսվել կոալիցիայի նիստերում:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Արցախի հետ ռազմական փոխօգնությանը: ԱԳ պատասխանատուները հավաստիացնում են, որ այդ պայմանագիրը մշակման փուլում է: Արմեն Ռուստամյանի խոսքով` ռազմական փոխօգնության պայմանագիրը հենց այն պահանջներից է, որի ՀՅԴ-ն է բարձրացնում, այն կլուծի Հայաստան-Արցախ միասնական անվտանգության ու պաշտպանական համակարգի հարցը, որը կդրվի իրավական հիմքերի վրա:

«Այդ պայմանագրով պետք է ամրագրվի ՀՀ-ի երաշխավորի կարգավիճակը ԼՂՀ անկախության ու անվտանգության հարցում, դա շատ կարևոր է»,- ասաց նա:

«Արդյո՞ք մտահոգիչ չէ այդ պայմանագրի ստորագրման ձգձգումը Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դա մտահոգիչ է: Պայմանագիրը պետք է արագ ստորագրվի, մանավանդ` ապրիլյան պատերազմից հետո, երբ նախագահը հանձնարարեց ԱԳՆ-ին` մշակել այն:

«Ես չգիտեմ, թե ինչու է ձգձգվում այդ պայմանագրի ստորագրումը, բայց որ դա պետք է տեղի ունենա, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունը պետք է ամրագրվի իրավաբանորեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել