ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել ֆրանսիացի խորհրդարանականների հետ

fotorcreatedՍեպտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, անդրադարձել երկու երկրների միջև ներմուծման և արտահանման ծավալներին, ընդգծել, որ դրանք բարձր մակարդակի հասցնելու համար ներուժն առկա է:

Արծվիկ Մինասյանը կարևորել է նաև երկու երկրների գործարարների հանդիպումներն ու քննարկումներն աշխուժացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներդրումային գրավչությանը, դեպի ԵԱՏՄ և իրանական շուկա մեր երկիրը որպես հարթակ օգտագործելու հնարավորություններին, զբոսաշրջության զարգացման միտումներին:

Նախարարի պաշտոնակատարը նաև ներկայացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպումների ընթացքը, նշել այն առաջարկների մասին, որոնք զարկ կտան հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես, անդրադարձել դեսպանատանը տնտեսական անկախ խորհրդատուի պաշտոնի ստեղծման նպատակահարմարությանը, ինչը մեծապես կնպաստեր խնդիրների արագ և նպատակային լուծմանը:

Շնորհակալություն հայտնելով Արծվիկ Մինասյանին` երկու բարեկամ երկրների տնտեսական հարաբերությունների վիճակի մանրամասն ներկայացման համար, Բրյունո Լը Ռուն համաձայնել է, որ Հայաստան-ֆրանսիա տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:

Անդրադառնալով տնտեսական խորհրդատուի պաշտոնին` ֆրանսիացի պատգամավորը նույնպես նշել է դրա կարևորությունը և հավաստիացրել, որ դեսպանի հետ հանդիպմանն անշուշտ հարցը կբարձրացնի:

Գոհունակություն հայտնելով հանդիպման և անկեղծ զրույցի համար կողմերը ևս մեկ անգամ հայտնել են համագործակցության խորացման պատրաստակամությունը ու հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված հանձնառությունը:

Պատվիրակությանը մաս էին կազմում Շարլ Փափազյան՝ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, եւ Հարութ Մարտիրոսյան՝ Հայ Դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ։

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

mineconomy.am

Տպել Տպել