Քաղաքակրթությունների երկխոսությունը սկսվում է կրթությունից

fotorcreatedՍեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ կրթության ոլորտի համագործակցությունը մեծ ծավալ է զբաղեցնում:

Դրա առհավատչյաներից մեկը, ինչպես իր խոսքում շեշտել է Լ. Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն է, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատպարտման ասպարեզում հետևողական ջանքերի և մեծ աշխատանքի համար՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ի դեմս Ֆրանսիայի, տեսնում է բարեկամ երկրի, և այդ բարեկամական կապերի ամրապնդման համատեքստում կարևորվում է ֆրանսերենով և ֆրանսիական մշակույթով կրթական ծառայությունների առկայությունը:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուին, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելությոն համար, ընդգծել է, որ կրթական համագործակցությունը իսկապես կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ֆրանսիական հարաբերությունների բոլոր ասպարեզներում. «Մենք խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին՝ դրան հիմնականում անդրառանալով պատմական հիշողության տեսանկյունից, սակայն սա նաև շատ կարևոր կրթական խնդիր է ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերություններում, այլև ընդհանրապես ողջ աշխարհի համար»,- իր խոսքում նշել է Բրյունո լը Ռուին՝ հավելելով, որ իրենք շարունակելու են հետևողական աշխատանքներ իրականացնել՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կենսունակության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ֆրանսիայի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգը և ոլորտի քաղաքականությունը. նշել է, որ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի կրթական չափարոշիչները լիովին համապատասխանեցվել են եվրոպական չափանիշներին, մեր բոլոր կրթական աստիճանները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում: «Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում անընդհատ շփվել է տարբեր քաղաքակրթությունների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ քաղաքակրթությունների և մշակույթների երկխոսությունը սկսվում է կրթությունից, և վարում ենք բաց կրթական քաղաքականություն»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում գործում են տարբեր պետությունների հետ համատեղ բացված միջազգային բուհեր, որոնցից մեկն էլ Հայաստանում ֆրանսիական համալսարանն է:

Ներկայացնելով ԵՄ «Հորիզոն 2020» գիտական ծրագրին Հայաստանի անդամակցությունը՝ որպես նշանակալի ձեռքբերում, նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը միջազգային համագործակցության շնորհիվ. ներդրումային հոսք է ակնկալում «Գիտության ոլորտում առկա խնդրի լուծման ճանապարհներից մեկը բարեկամ երկրների հետ համատեղ գիտական նախագծերի իրագործումն է»,- նշել է ԿԳ նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի սոցիալական խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ առկա և նախատեսված ծրագրերին:

Պատվիրակությանը մաս էին կազմում Շարլ Փափազյան՝ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, եւ Հարութ Մարտիրոսյան՝ Հայ Դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ։

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

edu.am

Տպել Տպել