Գերատեսչությունների լիազորությունների հստակ բաժանում պետք է լինի

FotorCreatedԷկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում, մինչ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի սկսվելը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում որևէ կանխատեսում անել կառավարության նոր կազմի ձևավորման մասին: «Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում նոր կառավարության կազմավորումից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ էկոնոմիկայի նախարարության պորտֆելը փոխարինվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելով, Մինասյանը պատասխանեց, որ, որպես անձ, բացառում է դա:

«Ես կարծում եմ, որ դուք ականատես կլինեք գործողությունների: Հիմա կանխատեսումներ չեմ անելու, այդ գործողություններն այն գործողություններն են, որոնք նախատեսված և ծրագրված էին, որոնք ենթադրում են օրենսդրական և պրակտիկ փոփոխություններ: Այդ ամենը եղել է գործընթացի մեջ: Խոսքը վերաբերում է նաև մեծածախ և մանրածախ շուկաների տարանջատման և էլեկտրոնային առևտրի ներդրմանը»,- ասաց Մինասյանը:

Հարցին՝ ի՞նչ խաղի կանոններ պետք է փոխվեն, որ հասարակությունը զգա երկրում իրականացվող իրական փոփոխությունները, նա պատասխանեց. «Առաջին հերթին գերատեսչությունների լիազորությունների հստակ բաժանում պետք է լինի, չի կարող մի գերատեսչությունը զբաղվել մի բանով՝ այլ գերատեսչությունների հետ հատելով իր լիազորությունները: Բնական է, որ ցանկացած ծրագիր իրակականցնելիս պետք է ունենաս հստակ իրավունքներ, ֆինանսավորում պետք է նաև լինի: Ցանկացած ծրագիր ենթադրում է համապատասխան ֆինանսավորում, որպեսզի արդյունքը լինի լիարժեք»:

Մինասյանը նաև նշեց, որ այս համատեքստում սկզբունքային հարց չէ որոշակի անուններ հրապարակելը: «Սկզբունքային հարցը ոչ թե անուն հրապարակելն է, որը բոլորին հայտնի է` սկսած շաքարավազի ներկրումից, ավարտած այլ ապրանքատեսակների մասով, շատ ավելի կարևոր են գործողություններ, որոնք պետք է ձեռնարկել»,- ասաց նա:

yerkir.am

Տպել Տպել