Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը Ազատության մրցանակ է շնորհել Գերմանիայի խորհրդարանի ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին` անհատապես և ողջ Բունդեսթագին` Թուրքիայի կառավարության ճնշմանը դիմագրավելու քաջության ու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:
Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
«Օզդեմիրը և Գերմանիայի Բունդեսթագն արժանի են մեր բարձրագույն պարգևին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պաշտպանելու իրենց քաջության համար` ի հեճուկս նրանց անցյալի և ներկա դաշնակից, ժխտողական թուրքական կառավարության աննկարագրելի ճնշումների: Չդատապարտված հանցագործության մեջ իրենց նախնիների պատասխանատվությունն ընդունելու նրանց ազնվությունն ու թափանցիկությունն իրապես արժանի են բարձր գնահատանքի, քանի որ դա առաջ է տանում ճշմարտությունն ու նպաստում է արդարությանը»,- նշել է Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը` հույս հայտնելով, որ ամերիկացի օրենսդիրները օրինակ կվերցնեն գերմանացի գործընկերներից` թույլ չտալով թուրքական կառավարությանը քաղաքականություն թելադրել Միացյալ Նահանգներին դատարկ սպառնալիքներով:
Մրցանակը ստանալու կապակցությամբ Ջեմ Օզդեմիրն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին:
Նա կընդունի մրցանակը հոկտեմբերի 16-ին կայանալիք գալա-երեկոյի ժամանակ` տեսակապի միջոցով:
armenpress.am









