Վարչապետի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա

fotorcreated«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ:

Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն առայսօր իրավապահ մարմինները որևէ գործընթաց չեն սկսել:

«Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը բերեք կարգի: Տոմսի վրայի․․․ Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ», – ասել էր վարչապետը:

«Ի վերջո, սա հայտարարություն էր հանցագործության մասին, գողությունը կոնկրետ հոդված է Քրեական օրենսգրքում: Այս հայտարարությանը պե՞տք է հետևի կոնկրետ գործողություն իրավապահ մարմինների կողմից․ ի վերջո, այդ հայտարարությունը արվեց հենց այդ իրավապահ մարմինների ներկայությամբ», – «Ազատության» այս հարցին Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ – «Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր, և դրանով կզբաղվի դատախազությունն ու իրավապահ մարմինները: Այո, սա նշանակում է, որ վարչապետը պատրաստ է նաև էդ գնով և էդ կտրուկ միջոցներով դեմն առնել էն ամենի, ինչ որ տեղի է ունեցել»:

«Հայտարարությանը կհետևի՞ կոնկրետ գործողություն, թե՞ այսպես էլ հայտարարություն կմնա: Ի վերջո, հանրությունն ուզում է իմանալ՝ ովքե՞ր են այդ պրիմիտիվ գողություն կատարողները», – այս հարցին էլ Դաշնակցություն խմբակցության ղեկավարը պատասխանեց․ – «Ես կարծում եմ, որ պիտի հետևեն կոնկրետ գործողություններ, իհարկե պիտի հետևեն: Եթե խոսքը գնացել է գողության մասին, ուրեմն, արձանագրել է վարչապետը, վարչապետն էլ ունի բոլոր լծակներն ու հնարավորություններն՝ ավելի խորանալու և ավելի բացահայտելու, մարմնավորելու, այսպես ասած, այդ հայտարարությունը»:

Իսկ իրավապահ մարմինները լռում են, որովհետև, ըստ Ռուստամյանի, դրանք «ընդհանուր գողության հայտարարությամբ քրեական գործ չեն հարուցում, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, որ գոնե ինչ-որ սկզբնական հիմք կա»:

«Իսկ դա հիմք չէ՞, որ գնան ուսումնասիրեն, տեսնեն՝ ինչ է եղել․․․», – այս դիտարկմանն էլ նա հակադարձեց․ – «Այսինքն, ո՞ւմ համար պարզ չի, որ Հայաստանում տեղի է ունենում գողություն: Այսինքն, եթե էդպես լինի, պիտի իրավապահ մարմինները օրնիբուն զբաղվեն այդ հայտարարության հետ կապված՝ Հայաստանում ինչքան գողություն կա՝ բացահայտեն: Ըստ էության, դա էլ անում են: Բայց դուք ուզում եք կոնկրետացնեք, չէ՞՝ վարչապետի ասածի հետևանքով»:

Հիշեցմանն էլ, որ «ի վերջո, նա ասում էր՝ որտեղ է կատարվում, որ ոլորտում՝ տոմսերի գնման, պետբյուջեից․․․», Դաշնակցություն խմբակցության ղեկավարը արձագանքեց․ – «Ուրեմն՝ պետք է ուսումնասիրվեն, ավելի հստակ դառնան՝ որտեղ է կոնկրետ, ով է էդ գողությունը կատարողը: Այսինքն, սա արդեն քրեական գործի նյութ պիտի դառնա»:

azatutyun.am

Տպել Տպել