Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի

unnamed-3Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի: Բացվում է Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, որն իրավական կառույց է, գործելու է ի շահ հանրության, և որի նպատակն է հարատև լուծումներ գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը:

«Այսօր էլ, երբ Թուրքիան, այսօրվա Թուրքիայի բնիկ հայերին զրկում է կրոնական և մարդու իրավունքներից, փորձում է լռեցնել Սփյուռքի համայնքները, Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է դեռևս մեծապես ազդել հայերի իրավունքների վրա: Այս կենտրոնն ազգային և միջազգային ատյանների և հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը»,-ասաց Քենեթ Խաչիկյանը:

Կենտրոնի վարչության անդամ Կիրո Մանոյանը նշեց, որ կենտրոնը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հայցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները և հավաքել անհրաժեշտ ապացույցներ:unnamed-2

«Հայ Դատի հանձնախմբերի կատարած աշխատանքներն ավելի շատ քաղաքական բնույթի են: Այս կենտրոնը, որպես իրավական կառույց, նախ հավաքել է գոյություն ունեցող ուսումնասիրությունները, կատարելու է նաև նոր ուսումնասիրություններ` պարզելու համար, թե ինչ իրավական հայցեր կարող է նախաձեռնել: Կենտրոնը կարող է ինքը նախաձեռնել, կարող է դա անել այլ իրավատերերի հետ: Ամեն դեպքում, հիմա կա կենտրոն, որից կարելի է ակնկալել, որ առնվազն տարբեր նախաձեռնությունների մասին կտա իրավական խորհրդատվություն: Մենք տեսել ենք որոշ դեպքեր, երբ խմբային հայց է եղել, սակայն ինչ-որ փուլում հայց ներկայացնողները զգացել են, որ իրավազրկվել են: Այս կենտրոնի անմիջական աշխատանքները հիմնվելու են այդ ուսումնասիրությունների վրա, որպեսզի տեսնենք թե ինչ ուղղությամբ իրավական հարցերը կարող ենք առաջ տանել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա տեղեկացմամբ, կան տարբեր դատական հայցեր և’ ԱՄՆ-ում, և’ այլ երկրներում: Կենտրոնը հետևելու է նաև այդ գործընթացներին: Ըստ նրա` մինչ հիմա արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքն այնքան էլ կատարյալ չէ, երբ վերաբերում է անցած անարդարությունները սրբագրելուն:

«Ներկայում պետք է կենտրոնանալ տարբեր պետությունների, այդ թվում, Թուրքիայի, դատարանների վրա, տեսնենք, թե ինչ կարելի է ձեռնարկել: Կան նախադեպեր, երբ հայերը թուրքական դատարաններում հայցեր են ներկայացրել և որոշ չափով իրենց իրավունքը վերականգնվել է: Կան նախադեպեր, երբ այլ ազգի ներկայացուցիչները, ովքեր որևէ պետության կողմից անարդար վերաբերմունքի են արժանացել, պետության դեմ գործ են հարուցել և դրական եզրակացության են հանգել»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնն ակնկալում է աշխատել աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ միասնաբար: Կենտրոնը, միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի:

Կենտրոնի գործադիր տնօրենը լինելու է Քեյթ Նահապետյանը, խմբային հայցերի մեծ փորձառությամբ փաստաբան, որը ավելի քան տասը տարի Վաշինգտոնում աշխատել է ամերիկահայերի պաշտպանության հարցերով: Նա նախկինում աշխատել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում, ԱՄՆ Արդարադատության նախարարությունում, այն ժամանակ սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ և Միջազգային Խաղաղության Կարնեգիի Հիմնադրամում: Նա միջազգային և մարդու իրավունքների գծով իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավագիտության բաժնում՝ մասամբ ֆինանսավորվելով հեղինակավոր՝ Նոր ամերիկացիների համար Փոլ և Դեյզի Սորոսների կրթաթոշակի կողմից: Կենտրոնի վարչության անդամները թե՛ Հայաստանից և թե՛ սփյուռքահայ համայնքներից են:

Արդարության և Մարդու Իրավունքների Հայկական Իրավական Կենտրոնի ստեղծման մասին

Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և Արցախի անկախության իրավունքին սատարող ինստիտուտ

unnamed-1

ԵՐԵՎԱՆ – Այսօր մենք հայտարարում ենք բացումը Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնին (ՀԻԿ), որն իրավական կառույց է, գործելու է ի շահ հանրության, և որի նպատակն է հարատև լուծումներ գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում:
Այսօր էլ, երբ Թուրքիան, որևէ զղջում չցուցաբերելով պաշարման մեջ է պահում աշխարհի հայ համայնքները, շրջափակել է Հայաստանի և Ղարաբաղի հայությանը, բորբոքում է պատերազմի բոցը, զրկում է այսօրվա Թուրքիայի բնիկ հայերին կրոնական և մարդու իրավունքներից, փորձում է լռեցնել Սփյուռքի համայնքները, Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է դեռևս մեծապես ազդել հայերի իրավունքների վրա:

ՀԻԿ-ը ազգային և միջազգային ատյանների և հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը: ՀԻԿ-ը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հայցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները և հավաքել անհրաժեշտ ապացույցներ:
«ՀԻԿ-ը ակնկալում է աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ միասնաբար աշխատել անդրադառնալու Թուրքիայի Հանրապետության և այլոց պատասխանատվությանը Հայոց ցեղասպանության աշխարհաքաղաքական, տարածքային և մակրոտնտեսական հետևանքների համար, ինչպես նաև Արևմտյան Հայաստան հայրենիքի, Հայաստանի Հանրապետությանը և համապատասխան սփյուռքյան և այլ շահառուներին փոխհատուցելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագային վերաբերող հարցերին, հատկապես, երբ այսօր Ղարաբաղի անկախությունը և տարածաշրջանային անվտանգությունը միջազգային ասպարեզում հարցականի տակ են հիմնականում հենց Հայոց ցեղասպանության հետևանքով,» ասաց ՀԻԿ վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը:

Կենտրոնը, միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի:
ՀԻԿ-ը արձանագրելու է հայոց ազգային, համայնքային և անձնական գույքի բռնազավթումները, որպեսզի գտնի այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կհաստատեն հարատև խաղաղություն և կայունություն՝ հիմնված արդարության և պատասխանատվության վրա:

«ՀԻԿ-ը, ազգային և միջազգային իրավական ասպարեզներում Ցեղասպանության համար հատուցման հասնելու իր ջանքերն իրագործելիս, հանձն է առնում ապահովել արդարություն բոլոր նրանց համար, ովքեր դեռևս կրում են այս հանցագործության վերքերը: Իսկ ավելի լայն առումով, որպես մարդու իրավունքների համաշխարհային շարժմանը նվիրված կազմակերպություն, ՀԻԿ-ը, միջազգային իրավունքի և համաշխարհայաին մարդասիրական արժեքներին համահունչ իրավական նախադեպեր ստեղծելու և համապատասխան քաղաքականության մշակմանը աջակցելու միջոցով, աշխատելու է ապագա բռնությունները կանխելու ուղղությամբ,» ասաց ՀԻԿ վարչության անդամ Կիրո Մանոյանը:

Անցած դարասկզբին այսօրվա Թուրքիայի տարածքը միլիոնավոր հայերից, հույներից, պոնտոսցիներից, ասորիներից, քաղդեացիներից բաղկացած մեծաթիվ, հնամյա և կենսունակ, բնիկ քրիստոնյաների հայրենիքն էր, որոնք կազմում էին բնակչության մոտ 25 տոկոսը: Այսօր այդ համայնքները կազմում են Թուրքիայի բնակչության ընդամենը 0.1 տոկոսը: Մարդիկ հետապնդվել են իրենց դեմ կատարված ցեղասպանության մասին խոսելու կամ գրելու համար, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ սերտ համագործակցելով շրջափակել է Հայաստանն ու Արցախը, որտեղ բնակվում են այն մարդկանց թոռները, ում փորձում էր բնաջնջել:
Տասնամյակներ անց արդեն պարզ է, որ հարկավոր է այնպիսի մոդել, որը հիմնված կլինի արդարության, այլ ոչ՝ ցեղասպանության վրա: ՀԻԿ-ը լրացնելու է այդ բացը:

ՀԻԿ-ի գործադիր տնօրենը լինելու է Քեյթ Նահապետյանը, խմբային հայցերի մեծ փորձառությամբ փաստաբան, որը ավելի քան տասը տարի Վաշինգտոնում աշխատել է ամերիկահայերի պաշտպանության հարցերով: Տիկին Նահապետյանը նախկինում աշխատել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում, ԱՄՆ Արդարադատության նախարարությունում, այն ժամանակ սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ և Միջազգային Խաղաղության Կարնեգիի Հիմնադրամում: Նա միջազգային և մարդու իրավունքների գծով իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավագիտության բաժնում՝ մասամբ ֆինանսավորվելով հեղինակավոր՝ Նոր ամերիկացիների համար Փոլ և Դեյզի Սորոսների կրթաթոշակի կողմից: Տիկ. Նահապետյանը Կալիֆորնիայի և Նյու Յորքի փաստաբանական պալատների անդամ է: Այժմ նա հիմնականում զբաղվում է ֆեդերալ դատարաններում լսվող գործերով:

ՀԻԿ-ի կենրոնատեղին գտնվելու է Վաշինգտոնում, բայց աշխատելու է միջազգային ասպարեզում՝ ուշադրությունը սևեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարավորություններին: Վարչության անդամները թե՛ Հայաստանից եւ և թե՛ սփյուռքահայ համայնքներից:

Վարչության նախագահն է Քենեթ Խաչիկյանը (ԱՄՆ), որը երկար տարիներ ակտիվորեն աշխատել է մեր համայնքում, վարչության անդամներն են Կարո Արմենյանը (ԱՄՆ), Ստիվ Դադայանը (ԱՄՆ), Հակոբ Տեր-Խաչատուրյանը (Կանադա), Գևորգ Հակոբջյանը (Ավստրիա), Րաֆֆի Համբարյանը (ԱՄՆ), Խաժակ Քորթյանը (Ավստրալիա), Կիրո Մանոյանը (Հայաստան), Էդվին Մինասյանը (ԱՄՆ), Երվանդ Փամբուքյանը (Լիբանան), Րաֆֆի Սարգիսյանը (Կանադա), դոկտոր Հենրի Թերիոն (ԱՄՆ), դոկտոր Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան) և Վահե Յակուբյանը (ԱՄՆ):

Լինելու է նաև լայն ներկայացուցչական խորհրդականների կազմ՝ բաղկացած միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ ՀԻԿ֊ի աշխատանքներին անհրաժեշտ ոլորտների այլ փորձագետներից:

ՀԻԿ-ը սկսկվել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնադրամի առատաձեռն դրամաշնորհով և ջանալու է ստանալ համայնքների ֆինանսական և բարոյական օժանդակությունը իր աշխատանքները զորացնելուհամար:

Ավելին իմանալու և նվիրատվության համար խնդրում ենք այցելել ՀԻԿ֊ի կայքը՝ www.armenianlegal.org հասցեում։

* * * *
Armenian Legal Center for Justice and Human Rights
1711 N Street NW
Washington, DC 20036
(202) 742-8702
[email protected]

Տպել Տպել