Կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը չի կարող ղեկավարել վարչապետը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին միանալու կոչին։

Վահան Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ «վիրաբուժական միջամտության ճանապարհով» պայքարը ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ դեպի բանտ ճանապարհին է տեսնում: Տարիներ առաջ հակակոռուպցիոն մարմնի աշխատանքերին մասնակցել է ու շուտ հրաժարվել. ասում է` անարդյունավետ է աշխատում պարզ պատճառով. նման մարմինը չի կարող ղեկավարել վարչապետը: Որպեսզի իշխանության ներսում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը ոչ իշխանական լինի, Դաշնակցությունը հարցը նույնիսկ օրենսդրական նախաձեռնությամբ էր ներկայացրել:

«Հաշվետուն եւ հաշվեառը չպետք է համատեղվեն նույն անձի մեջ, սա նշանակում է, որ այդ մարմինը պետք է անկախ լինի կառավարությունից»,- ասել է Հովհաննիսյանը։

Արդյունավետության ճանապարհը Վահան Հովհաննիսյանը ցույց է տալիս. կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի լիազորությունը պետք է տալ ընդդիմությանը:

«Ո՞վ է ավելի շահագրգռված գտնելու, բացահայտելու եւ կանխարգելելու իշխանության սխալները՝ օպոզիցիան, եւ երբ նա է այդ անում, իշխանությունը շահագրգռված է չսխալվելու, կոռուպցիայի մեջ չթաղվելու գործում։ Կարծում եմ՝ սա կլիներ ճիշտ ճանապարհ: Բայց վարչապետի դժգոհությունն այսօրվա հակակոռուպցիոն պայքարի մակարդակով հույս է ներշնչում, որ միգուցե տեսնեն այն ճանապարհը, որ նշեցի եւ հասնեն ճիշտ որոշման»,- ասել է Հովհաննիսյանը:

Նախընտրական քա՞յլ է, թե՞ ոչ` Վահան Հովհաննիսյանը չի կարեւորում. ամեն քայլ, որ արվում է հօգուտ ժողովրդի, գնահատելի է` անկախ դրա կատարման ժամանաշրջանից: Արդյունքները հետո կերեւան։ Սակայն առաջընթաց արդեն կա. եթե նախկինում իշխանությունը սվիններով էր ընդունում երկրում կոռուպցիա լինելու մասին հայտարարությունները, ապա այսօր հարցը բարձրացնելու առումով, այսպես ասած, ընդդիմությունից «առավել կաթոլիկ է»:

Տպել Տպել