«Ատկատի» համակարգի խորհուրդներն անտեղի են

Հալեպում եւ սիրիական տարբեր քաղաքներում ծայր առած մարտական գործողություններից հետո հայկական օրակարգում հայտնված սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդիրը սահմանափակվեց ընդամենը մեկ հարցադրմամբ. պե՞տք է մեր եղբայրներն ու քույրերը տեղափոխվեն Հայաստան, թե՞ պիտի շարունակեն դիմագրավել վտանգին։

Իրար հերթ չտալով` խոսում էին բոլորը. քաղաքագետ ու վերլուծաբան, արեւելագետ ու «Սփյուռքի մասնագետի” թիկնոց հագած մարդիկ։ Ոչ երկար բանավեճից հետո, քննարկումը հանդարտվեց, քանզի լսելի դարձավ բուն հալեպահայության ձայնը։ Հետո եկավ գործ անելու ժամանակը, իսկ դա արդեն զանգ կախել չէր, որ հերթ գոյանար։ Միայն մտահոգները, հայության ներուժի գիտակ, պատասխանատվություն ունեցող անձինք ու կազմակերպություններն էին, որ ստանձնեցին դժվարին առաքելությունը։ Բայց հայկական պետականության ձայնը չէր լսվում. սուր քննադատություններից, բողոքներից հետո միայն, դժվարությամբ, դանդաղորեն սկսվեցին աշխատանքները՝ օրենսդրության փոփոխությունից մինչեւ առաջին օգնություն։

Առաջին անգամ չէր, որ հայությունը նման իրավիճակում էր հայտնվում: Ուներ փորձառություն՝ դիմագրավելու եւ կազմակերեպելու այն աջակցությունը, որն անհրաժեշտ էր սիրիահայությանը։ Սփյուռքի տարբեր համայնքներում ձեւավորվեցին միասնական՝ կրկնում եմ՝ միասնական մարմիններ, որոնցում ներառնված են բոլոր կառույցները՝ կրոնականից մինչեւ քաղաքական, երիտասարդականից՝ մինչեւ բարեգործական։ Եղան առանձին բացառություններ, որոնց արմատները թերեւս հարկ էլ չկա փնտելու, ամենքին են հայտնի։ Սփյուռքը շատ լավ գիտի բարեգործություն կազմակերպելու ձեւաչափը, գինը, ու նաեւ շատ ավելի հստակ են մշակված հաշվետվու լինելու բոլոր ձեւերը։ Հաշվետվություն ներկայացնելը պարկեշտություն է, ինչը տասնամյակներ շարունակ անբիծ է պահել այդ կազմակերպություններին։

Հայաստանից սիրիահայությանն օգնություն հասցնելու գործը, ցավոք, չնախաձեռնվեց պետական մակարդակով ու հասարակական հիմքերի վրա էր` նախաձեռնված “Օգնիր եղբորդ” ծրագրի կողմից։ Արդյունքները հանրության աչքի առջեւ են՝ պարբերական հաշվետվություններ, Հալեպ մեկնող ուղեբեռներ, երկկողմանի լրատվություն։ Կարո՞ղ էր ավելին լինել։ Իհարկե, կարող էր, եթե մի պահ շրջանցենք ավանդական բանաձեւումը՝ “Նվիրած ձիու ատամները չեն հաշվում”։ Իսկ ատամ հաշվելու դեպքում կփաստեին, թե որքան ավելին կարելի էր անել, եթե միայն սեփական հարստության մասին չմտածեին, շատ գործարարների ու պաշտոնյաների հոգսը չլիներ օրենք շրջանցելով հարստություն դիզելը։ Նվիրատուների ցանկերի վրա թեթեւ հայացք նետելով անգամ` կարելի է պատկերացում կազմել այդ ամենի մասին։ Սակայն թերեւս չարժեր խոսել, եթե անցնող մի քանի օրերին պետական մակարդակով՝ լինի Սփյուռքի նախարարությունում կամ “Հայաստան” հիմնադրամում, չհնչեր տարօրինակ մի ձեւակերպում, թե նվիրատվությունները շատ հաճախ փոշիանում են, ուստի պետք է կենտրոնացված մի ձեւ որդեգրել ու դրանք ուղղել հիմնադրամի հաշվին։

Արձագանքը շատ բուռն եղավ շատ գաղութներում, որի իրավունքը, վստահաբար, բոլորն ունեին։ Այդ ի՞նչ փոշիացման մասին է խոսքը։ Հայկական համայնքներում միասնական մարմինների հանգանակությունների՞, “Օգնիր եղբորդ” ծրագրով ապրանքի հայթայթման, դասակարգման ու Հալեպ առաքմա՞ն։ Դա զայրույթ էր, որն ինքնին հասկանալի էր, որովհետեւ համայնքներում գործում է ոչ թե հեռուստաէկրաններից ներկայանալու, այլ իրական կյանքում հասարակական արժանապատվություն հասկացությունը։

Սփյուռքի հետ աշխատող կառույցների պաշտոնյաները, անգամ նման հաղորդագրություն գրող քարտուղարուհիները, պետք է շատ լավ իմանային, որ համայնքային կյանքում միասնական ունեցվածքը փոշիացնելու մեղադրանքը ամենածանր պարսավանքն է, որ կարելի է հասցնել հայ մարդուն։ Դա մեր պետական համակարգը չէ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները գլուխները կախ լսեն իրենց ուղղված ամենածանր խոսքերը՝ գողից մինչեւ թալանչի ու հանցագործ, իսկ հաջորդ օրը շարունակեն աշխատել, կարծես ոչ մի բան էլ չի պատահել։ Լավ կլիներ, եթե Սփյուռքի նախարարությունն ու “Հայաստան” հիմնադրամը փոշիացումից խուսափելու հարցով կոչ ուղղեին հայրենի կառավարությանը, տարբեր պետական մարմիններին` բացատրելով, որ մեր հայրենիքում ժողովրդի ունեցվածքի համատարած փոշիացման պատճառով է, որ վստահությունը պակասում է, հիմնադրամի թելեթոնին նվիրատվությունները քչանում են, պետության նկատմամբ վստահությունը խամրում է։ Հիմնադրամում հետո պատճառաբանել էին, թե հայտարարությունում փոշիացում բառի հայտնվելը թյուրիմացության արդյունք է։

“Սփյուռքի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ “Հայաստան” հիմնադրամի տնօրենի օգնականը հայտարարել էր, թե առաջիկա հեռուստամարաթոնում հանգանակված գումարի 10 տոկոսը հատկացվելու է Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով”: Այս մասին Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքն է գրել։ Հիմա ճշտող հարց. այսինքն, գումարները փոշիացումից պաշտպանելու համար հանգանակությունը պետք է կատարի միայն հիմնադրա՞մը, իսկ դրանք ծախսվեն լոկ Հայաստանում գտնվող սիրիահայերի՞ն օգնելու նպատակով։ Իսկ ի՞նչ պետք է անեն Հալեպում մաքառող մեր հայրենակիցները։ Թե՞ Հայաստանում ծախսելու դեպքում հայաստանյան “ատկատն” ավելի լավն է։

Գեղամ Մանուկյան
Երկիր Մեդիա

Տպել Տպել