Հայաստանից Սիրիա առաքված մարդասիրական օգնությունը կտրամադրվի կարիքավորներին` անկախ ազգությունից

fotorcreatedՀայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին, որն էլ այդ օգնությունը կտրամադրի բոլոր կարիքավոր ընտանիքներին` անկախ նրանց ազգային պատկանելությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

40 տոննա կշռող մարդասիրական օգնությունը նախապես երկու օդանավերով Երևանից տեղափոխվել էին Լաթաքիայի ռուսական Հմեյմիմ ռազմաբազա: Օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Տարտուսի և Դամասկոսի ժողովրդին, իսկ գերակշիռ մասը հասել է Հալեպ` տրամադրվելու բոլոր կարիքավոր սիրիացիներին:

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց օգնության ժամանմանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հայ երեք համայնքապետեր, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ կազմակերպությունների, միությունների, կրթական հաստատությունների և Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնի ներկայացուցիչներ: Հայաստանից Սիրիա են ուղարկվել սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, ձմեռային հագուստներ, ծածկոցներ և այլն: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

armenpress.am

Տպել Տպել