ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Վանաձորում դաշինք կկազմեն

fotorcreatedՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Վանաձորի ավագանիում համագործակցության մասին որոշում են կայացրել։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս նշեց, որ Հանրապետականն ու Դաշնակցությունը միմյանց հետ աշխատելու մեծ փորձ ունեն, իսկ այս տարի ստորագրված քաղաքական համագործակցության մասին հուշագիրը հնարավորություն է տալիս համագործակցել նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում:

Մանրամասնելով՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ երկու կուսակցությունների կառույցները Վանաձորում բանակցել են և ունեն որոշում սատարման մասին:

«Վստահ եմ, որ համագործակցության այս դաշինքը հիմք կհանդիսանա Վանաձորի հետագա զարգացման շուրջ կառուցողական համատեղ աշխատանքի համար»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ ՀՀԿ-ՀՅԴ գործընկերությունը կհաղթահարի քաղաքական անջրպետները, որովհետև կա Վանաձորը զարգացնելու ցանկություն:

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցավոք, Դաշնակցությունը ավագանու երկու անդամ կունենա Վանաձորում, որոնք երկուշաբթ օրվա ավագանու նիստոմ կքվեարկեն գործընկեր ՀՀԿ թեկնածուի օգտին:

Նշենք, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցության արդյունքում երկու ուժերն ավագանիում կունենան 15 մանդատ:

tert.am

Տպել Տպել