Արագածոտնում կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսում փոխհատուցում կստանան

fotorcreatedԱրագածոտնի մարզում այս տարվա հուլիսին տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսվա ընթացքում փոխհատուցում կստանան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը:

«Հարցը շատ ձգձգվեց այս փոփոխությունների հետ կապված: Ինձ թվում է՝ մյուս հինգշաբթի կամ առաջիկա 20 օրվա ընթացքում հարցը կմտնի կառավարություն ու փոխհատուցման խնդիրը կլուծվի»,- ասաց մարզպետը:

Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչքան կլինի փոխհատուցումը:

«Բնականաբար, շատ մեծ էր այն գումարը, որը որ տուժել էին: Հիմա հաշվարկները տարել են, կփոխհատուցվի, ես էլ հստակ չգիտեմ՝ հողի հարկ է զիջվելու, ջրի հարկ է զիջվելու, թե այլ կերպ է փոխհատուցվելու, թե վարկերի սառեցում կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում հուլիսի 10-ի երեկոյան ժամը 20.30 – 21.30-ի սահմանում ուժեղ կարկտահարություն էր տեղի ունեցել: Խոշոր չափերի հասնող կարկուտից տուժել էին Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները: Գրեթե ամբողջությամբ վնասվել էին այդ համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

news.am

news.am

Տպել Տպել