Առաջարկում ենք ձևավորել էկոպիտակավորման համակարգ

FotorCreatedԱյսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հարցին, թե ի՞նչ առաջնահերթություններ կան բնապահպանության ոլորտում, որոնք տեղ են գտել կառավարության ծրագրում, նախարարը պատասխանեց` շրջակա միջավայրը` որպես կապիտալի ընկալման միջոց:

«Մինչ այժմ միջազգային մակարդակում շրջակա միջավայրը դիտարկվել է որպես ռեսուրս, որը պետք է վերափոխվի, որպեսզի ստեղծվի նոր արժեք»,- ասաց նա` հավելելով, որ պետք է վերանայել մի շարք ծրագրեր, այդ թվում` մի շարք տնտեսական ծրագրեր, որոնց հիմքում պետք է լինի շրջակա միջավայրը` որպես կապիտալ ունեցող ռեսուրս, այլ ոչ թե այն վերացնելը կամ ոչ արդյունավետ օգտագործելը:

Մինասյանը նշեց, որ միջազգային կառույցներն առաջիկայում ակտիվորեն կներգրավվեն շրջակա միջավայրի և բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականցման գործում:

Մյուս կարևոր հարցը վերաբերում էր էկոլոգիական քաղաքականությանը` որպես համակարգային նոր օրենսդրության ձևավորման հիմք: Այստեղ Արծվիկ Մինասյանը կարևորեց էկոպիտակավորման գաղափարը. մեկը արտադրում է էկոլոգիապես մաքուր արտադրանք, որը ունի ավելի շատ գրավչություն, սակայն այդ տնտեսվարողը չի կարողանում առաջ տանել իր ապրանքը կամ պաշտպանել իր իրավունքները` առանց բախվելու մի շարք խոչընդոտների:

«Մենք առաջարկում ենք ձևավորել էկոպիտակավորման համակարգ, որը մի կողմից կլինի կամավոր տնտեսվարողների ու արտադրողների համար, մյուս կողմից պարտադրող` հակառակ գործողություններ կատարողների նկատմամբ, որպեսզի պաշտպանվեն տնտեսվարողների շահերը և ապահովվի նրանց մրցունակությունը»,- ասաց նախարարը:

Կառավարության ծրագրում ներառված են նաև էկոտուրիզմը, հողային ռեսուրսների պաշտպանությունը, բուսական, կենդանական աշխարհը` որպես հիմնական հարստություն ընկալելու, կենսաբազմազանության հետազոտական աշխատանքները և այլն: Ընդերքի շահագործման մասով պետք է ճիշտ գնահատվի էկոլոգիական ու տնտեսական արժեքը` այն համադրելով այլընտրանքային ծրագրերի հետ:

Լրագրողները հարցրեցին սուպերմարկետներում բնապահպանական նպատակով տոպրակների վաճառքի հետ` ասելով, որ դա բողոքներ է առաջացրել հասարակության շրջանում: Նախարարը նշեց, որ տոպրակների վաճառքը ոչ թե բիզնես նպատակ է հետապնդում, այլ բեռնվածություն ապահովել, որ տնտեսվարողները գնան էկոլոգիապես մաքուր տոպրակների արտադրմանը, և հաջորդ նպատակը` դրանով նվազեցվում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

yerkir.am

Տպել Տպել