Եռամիասնության մի ոտը կաղ է..

Հայաստանի եւ Արցախի Հանրապետության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասին Արցախի լրագրողները տեղյակ չէին եւ չեն մասնակցել:

Արցախի լրագրողները մասնակցել են միայն համաժողովի Ստեփանակերտի օրերին: Այն էլ՝ «հրավիրված էին» ոչ թե համաժողովի կազմակերպիչների կամ Արցախի ժուռնալիստների միության նախագահի կողմից, այլ «Արցախպրեսս» անկախ լրատվական գործակալության առանձնահատուկ արտոնություններ վայելող տնօրեն Վահրամ Պողոսյանի կողմից:

Ստեփանակերտում համաժողովի աշխատաքները շարունակելն Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի առաջարկն էր: Նա հանդիսանում է նաեւ լրագրողների համահայկական համաժողովի համակարգող խորհրդի անդամ: Սակայն, այն հարցին, թե ինչո՞ւ Արցախի լրագրողները չեն մասնակցել համաժողովի Երեւանյան օրերին, Կիմ Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել:fotorcreated

«Դա մեր խնդիրը չէ, դա տվյալ լրատվամիջոցի խնդիրն է: Ես իրավասու չեմ նման հարցի պատասխանել: Իմ պատասխանատվության դաշտն այստեղ բոլորովին այլ է եղել՝ հանձանարարություն ունեի ելույթները կազմակերպել եւ լուծել շենքային խնդիրը, այսինքն միայն կազմակերպչական մասը: Հայաստանում տեղի ունեցածի մասին իրենց հարցրեք: Ես բոլորովին կապ չունեի»,- մեր հետ զրույցում նշել է Կիմ Գաբրիելյանը:

Մենք չբավարարվեցինք Կիմ Գաբրիելյանի պատասխանից: Դիմեցինք համաժողովի գլխավոր կազմակերպիչ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով ի զարմանս մեզ հերքեց Կիմ Գաբրիելյանի անկարողությունը՝ հարցին պատասխանելու վերաբերյալ եւ նշեց, որ Կիմ Գաբրիելյանը տեղյակ էր, եւ ինքը պետք է կազմակերպեր Արցախի լրագրողների մասնակցությունը համաժողովի Երեւանյան օրերին:

«Կիմ Գաբրիելյանը պետք է ում ուզում էր ուղարկեր: Բայց քանի որ գալիս էինք այստեղ, ավելի նպատակահարմար գտանք, որ Արցախի լրագրողները երկու օր չկորցնեն գալ-գնալու վրա»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Աշխարհի 31 երկրներից ժամանած 200 լրագրողները երեւի երկու օրից ավելի են կորցնում համաժողովին մասնակցելով:

Հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը Արցախի լրագրողների չմասնակցելը Երեւանյան օրերին պայմանավորում է նրանով, որ ժողովը մի տեղում չի կազմակերպվել: Սակայն տեղին է մեջբերել Արցախի լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջի գրառումը / առանց փոփոխություններր/:

«Իմ գործընկերները Սփյուռքից լավ են հիշում 2010 թվականին Ստեփանակերտում անցկացված համաժողովը հիշում է նաև սփյուռքի նախարարը, թե ինչ ցասումով եմ ընդվզել, որ Արցախի սրտում հավաքված մեր գործընկերները խոսում են Արցախի մասին, իսկ Արցախից ոչ մի լրագրողի զեկույց ընդգրկված չի համաժողովի աշխատանքներում /այս անգամ էլ վերհիշեցինք այդ օրը ու սրտանց ծիծաղեցինք, թե ինչպես խաղաղ ու ջերմ դահլիճում հանկարծ ճարճատեց կայկածը ))) /համաձայնեցին բոլորը, որ դիտողությունը ճիշտ է. հարցը շտկվեց 2010-ից հետո Սփյուռքի նախարարությունը, ի դեմս Հրանուշ Հակոբյանի, որը համահայկան համաժողովների բոլոր աշխատանքներին մասնակից է անում Արցախի ժուռնալիստների միության նախագահին, որպեսզի նա իր հերթին տեղյակ պահի լրագրողներին իսկ ժուռնալիստների միության նախագահը հավանաբար որոշում է, որ Արցախում լրագրողներ չկան /բացի իր մտերիմ մի քանի լրագրողից/»:

Չնայած Սփյուռքի նախարարի այն հավաստիացմանը, որ որեւէ խտրականություն չի դրվում լրատվամիջոցների միջեւ եւ Արցախի մասնակցությունը նախարարության բոլոր ծրագրերում պարտադիր պայման է, «Ապառաժ»-ի խմբագրությունը երբեւէ համաժողովին մասնակցելու որեւէ պաշտոնական հրավեր չի ստացել:

Համաժողովի Ստեփանակերտի օրերը մի շարք բացահայտնումեր եւս արեցին:

Պարզվում է, մի քանի տարի է, ինչ Սփյուռքի նախարարության առընթեր գործում է համակարգող խորհուրդ: Եռամսյակը մեկ հեռակապի միջոցով գումարվում են նիստեր՝ տարբեր տարածաշրջաններում գործող հայկական ամենանշանավոր լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ: «Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանի խոսքով, (բացի համահայկական խորհրդաժողովի կազմակերպչական հարցերը քննարկելու), դա մի յուրահատուկ ձեւաչափ է տարբեր տարածաշրջանում գործող հայկական լրատվամիջոցների խնդիրները եւ հարցերը համապարփակ քննարկելու: Համակարգող խորհրդի նիստերին է մասնակցում նաեւ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը: Սա Արցախի լրագրողներիս համար ուրախալի նորություն էր: Սակայն ստացվում է, որ Կիմ Գաբրիելյանը ժամե՞ր է վատնում նիստերին մասնակցելով: Հետաքրքիր է նաեւ, թե ի՞նչ խնդիրներ է բարձրացնում ժուռնալիստների միության նախագահն առանց Արցախի լրագրողների հետ քննարկելու:

Մեզ համար բացահայտում էր նաեւ, որ հերթական համահայկական համաժողովներից մեկում որոշվել էր ստեղծել երիտասարդ լրագրողների ամառային դպրոց: Մի քանի տարի է, ինչ Հայաստանի եւ Սփյուռքի 20-30 լրագրող վերապատրատում են անցնում այդ դպրոցում: Արցախի ավագ լրագրողները նման դպրոցի գոյության մասին չգիտեն, իսկ երիտասարդները հույս ունեն հաջորդ տարի երկու օր վատնել Երեւան հասնելու համար եւ մասնակցել վերապատրաստման դպրոցին:

Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած միջոցառումները հաճախ մեկնաբանվում են որպես շոու: Երեւի լրագրողների 8-րդ համահայկական համաժողովն այդ շարքից էր: Համաժողովն ամպագորգոռ լոզունգներով էր ուղեկցվում, որոնցից ամենահայտնին «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է»: Ինչպես բառից կարելի է կռահել Հայաստան-Արցախ-Սփյուռքը նման է եռոտանու: Իսկ երբ եռոտանու մի ոտը կաղ է…

«ԱՊԱՌԱԺ»
aparaj.am

Տպել Տպել