Սևանի մակարդակն այս տարի ավելացել է 25 սմ-ով : Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցին, թե ի՞նչ վիճակում են Սևանը և անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները:
Ըստ նրա` անտառածածկ տարածքների մաքրման մոդելը սկզբունքային նշանակություն ունի.
«Մաքրման աշխատանքները շարունակվում են, և մտադիր ենք ավելի ընդլայնել: Այս տեմպերով առնվազն մի 15 տարի էլ պետք է մաքրվի: Մինչդեռ էականորեն էժան է, եթե մինչև ջրի ծածկելը մաքրենք: Էժան է նաև փայտանյութի օգտագործման տեսանկյունից»:
Ա. Մինասյանը նշեց, որ Սևանի իշխանի վերաբերյալ վերջին մոնիտորինգի արդյունքները դեռ չկան, բայց մեկ ամսում կլինեն.
«Իշխանի մասով մենք ունենք գնահատական, որ այն շարունակում է գոյատևել` ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան: Բեղլուի, կողակի մասով պատկերը շատ վատ է, միայն առանձին առանձնյակների կարելի է հանդիպել»,- ասաց նա:
168.am







