Արծվիկ Մինասյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

untitledԲնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով Ամուլսարի հանքավայրում օրենքի խախտումներ չեն արձանագրվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սա մի ծրագիր է, որով շուրջ 400 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Այն պահանջում է զգուշավոր մոտեցում հատկապես ներդրողների տեսակետից: Ես կողմնակից չեմ ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու»,­ասաց նախարարը: Նա նշեց, որ ցանկացած տնտեսական ծրագիր պետք է այլընտրանքով բանավեճի առարկա դառնա: Եթե չկա այլընտրանքային ծրագիր, ստացվում է, որ շատ հաճախ հայտարարությունները հիմնավորված մոտեցում չեն: Հարցին, թե որպես բնապահպանության նախարար՝ ինքը թույլատրելի համարո՞ւմ է Ջերմուկի առողջարանի հարևանությամբ նման հանքավայրի շահագործումը, նախարարը պատասխանեց. «Էմոցիոնալ հարթության վրա հարցադրում է դա: Եթե չկա ծրագրի այլընտրանքը, այլ ընդամենը ասում ենք, որ մեր պապերն ապրել են այդտեղ կամ մենք ենք ստեղծել այս քաղաքը, ճիշտ չէ: Եթե վնասը կամ այլընտրանքային ծրագիրը ներկայացված չէ, ի՞նչն եք ինչի հետ համեմատում: Ես ի՞նչ կարող եմ անել, երբ կա ծրագիր, որով նախատեսված է, որ ամբողջ գործընթացները գոնե մեր գործող օրենսդրության շրջանակներում արվել է: Սրա լուծումը ո՞րն է»:

Նա հավելեց, որ բնապահպանների մի մասն ամենևին չի զգում պատասխանատվություն, պարզապես փորձ է արվում ամեն բան շահարկել:

Տպել Տպել