Վարձերի զեղչման հարցում խնդիր կա

Ի՞նչ փաստաթղթով պետք է ֆիքսվի, որ տղաները մասնակցել են ապրիլյան պատերազմին

fotorcreatedՔանի՞ ուսանող է մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, քանի՞ երիտասարդ պատերազմից հետո դարձել է ուսանող: Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նախարարությունն ապրիլյան իրադարձություններից հետո հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի զեղչեր կսահմանի:

Նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ կոնկրետ թվեր, թե քանի ուսանող է մասնակցել քառօրյա պատերազմին կամ քանի երիտասարդ է դրանից հետո դարձել ուսանող, այս պահին ներկայացնել չի կարող. «Թվեր ունենք, բայց շատ չեմ կարողանում հիշել»:

«Հանձնարարական եղավ, որ հնարավորինս՝ հիսուն տոկոսից ավել, զեղչեր իրականացվեն են ապրիլյան պատերազմին մասնակից երեխաներին: Խնդիր է դարձել հետևյալ հարցը, թե ինչ փաստաթղթով պետք է ֆիքսվի, որ մասնակցել են պատերազմին: Եթե այսպես գնա, կարող է պատահի, որ ինչպես Հայաստանի կեսը Շուշիի ազատագրմանն է մասնակցել, այնպես էլ այս դեպքում լինի»,- նշեց Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարի խոսքով՝ ապրիլյան պատերազմ շատ ենք ասում, բայց ամեն օր Ղարաբաղի սահմանին ապրիլյան պատերազմ է: «Այսօր էլ ամեն մի երեխա, ով կանգնած է սահմանին, նա նույն վիճակի մեջ է, ինչ ապրիլին: Ապրիլին պարզապես եղավ սրացում, որին մենք արժանի պատասխան տվեցինք: Դրա համար մենք ունենք ընդհանուր մի սկզբունք, որը օրենքի պահանջ է. մարտական հերթապահությանը մասնակիցներին 30 տոկոսի զեղչ անենք: Խնդիրը, կարծում եմ, պետք է լուծենք այս ճանապարհով»,- նշեց նա:

tert.am

Բուհական համակարգում չեն կարող լինել սուպերմարդիկ, որոնք միաժամանակ գիտնական են և լավ կառավարիչ

Այսօր ԱԺ կրթության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կրթության ոլորտին վերաբերող` 2017 թ. բյուջեի նախագիծը:

Խոսելով ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ու անելիքների մասին` կրթության նախարար Լևոն Մկրտչյանը առանձնացրեց դպրոցական համակարգում բարեփոխումները՝ կարևորելով քիչ թվով աշակերտություն ունեցող դպրոցների ֆինանսավորման հարցի լուծումը: Նախարարի խոսքով՝ քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում մեխանիկական օպտիմիզացիա չի կարելի անել, պետք է էլեկտրոնային ուսուցման ձևաչափ ներդնել, և այս մասով կա վարկային ծրագիր՝ դպրոցական ցանցը նոր` որակական մակարդակի բարձրացնելու համար: Ըստ Մկրտչյանի` պետք է գտնել այնպիսի մոդել, որով կհստակեցվի փոքր թվով աշակերտություն ունեցող դպրոցների ֆինանսավորումը:

Նախարարը կարևորեց նաև համալսարանական լուրջ բարեփոխումների հարցը, իրական կրեդիտային համակարգի ներդրումը: «Լուրջ ծանր աշխատանք է սպասվում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԲՈՀ-ի համակարգում ևս բարեփոխումներ են սպասվում:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց նախարարին բուհական և հետբուհական կրթության խնդիրների մասին` ասելով, որ բուհում դոմինանտ պետք է լինի կրթության պրոցեսը, ոչ թե այնտեղ 6-7 պրոռեկտորներ «շարված լինեն»:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ ցանցային համալսարաններում պետք է տարանջատել կառավարումը բովանդակությունից: «Բուհում կա կառավարման պրոբլեմ. երբ ռեկտորի հաստիքի մեջ պահանջում ես, որ նա լինի և’ դոկտոր, և’ պրոֆեսոր, լինի գիտնական ու ունենա մենեջերի կարողություններ, ապա խոսում ես սուպերմարդու մասին»,- ասաց նախարարը:

yerkir.am

Տպել Տպել