Հասարակական վերջնական խզումը դառնում է անխուսափելի

Թուրքիայում, յուլիսի 15-ի ձախողւած զինւորական յեղաշրջման փուլից յետոյ, իշխանութիւնների սանձազերծած քաղաքական հետապնդումները թեւակոխում են նոր փուլ:

«Քուրդստանի Բանւորական» կուսակցութեանն աջակցելու պատրւակով, թուրքական իշխանութիւնները սկսել են երկրի երրորդ քաղաքական ուժի՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան դէմ հետապնդումները:c77377665f9b35f7a47a1a99a2d413a4_xl

Քրդամէտ այս կուսակցութեան դէմ սանձազերծւած հետապնդումներն իրենց նմանը չեն ունեցել 1997 թւականից սկսեալ, երբ զինւորականների ճնշման արդիւնքում Էրդողանի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) նախահայրը համարւող «Բարօրրութիւն» կուսակցութիւնը ստիպւած եղաւ լքել իշխանական կոալիցիան, իսկ նրա հիմնադիր-առաջնորդ Նեջմէդդին Էրբեքանը դատապարտւեց ազատազրկման:

Արդէն ձերբակալւել են ԺԴԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի անդամ 13 պատգամաւորներ, այդ թւում՝ կուսակցութեան համանախագահներ Սալահէդդին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը, որոնց մասին կալանքի որոշում է կայացւել, իսկ աւելի վաղ ձերբակալւել էր նաեւ կուսակցութեան ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից՝ Դիրաբեքրի քաղաքապետ Գիւլթան Քաշընաքը:

Վերջին իրադարձութիւններից յետոյ, Թուրքիայի հարցերով զբաղւող բոլոր փորձագէտները երկու հարցում համակարծիք են.
Առաջին – Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի դէմ գործողութիւններին անմիջապէս յաջորդած ԺԴԿ-ի դէմ ծաւալւած հետապնդումները վկայում են այն մասին, որ Թուրքիայում, քաղաքական գործընթացներն միանշանակօրէն տեղափոխւել են հաշւեյարդարի դաշտ:
Երկրորդ- Ստեղծւած իրավիճակում հասարակական անվերադարձ խզումը դառնում է անխուսափելի՝ երկրին կանգնեցնելով քաղաքացիական կատարեալ դիմակայութեան վտանգի առջեւ: Երկու կարծիք լինել չի կարող. քրդական զինեալ գործողութիւնները նոր թափ են ստանալու:

Փորձագէտների կարծիքով՝ նախագահ Թայիբ Էրդողանն ու թուրքական իշխանութիւնները միտումնաւոր կերպով, փորձում են խնդիրն աւելի առարկայօրէն տեղափոխել բռնութեան դաշտ, իսկ նման պարագայում ակնյայտ է դառնում դրան համարժէք պատասխանի հնարաւորութիւնը, զինեալ գործողութիւնների ակտիւացումը (Այս մասին տես միջազգային եւ հայաստանեան ԶԼՄ-ներում երէկ եւ այսօր առաւօտեան թողարկւած յօդւածներն ու վերլուծականները- Հեղ.):

«Cumhuriyet»-ի սկանդալի պէս, Թուրքիայի երրորդ քաղաքական ուժի դէմ սանձազերծւած բռնութիւնները եւս պէտք է դիտարկել երկրում ընթացող քաղաքական գործընթացների ընդհանուր համատեքստում:

Քրդերին՝ երկրի քաղաքական բնականոն գործընթացներից չէզոքացումը, քաղաքական կոլապս ստեղծելու փորձերը թողնելու են միայն մէկ այլընտրանք՝ զինեալ գործողութիւնների սաստկացում: Իսկ սա ամբողջովին տեղաւորւում է Էրդողանի քաղաքական ռազմավարութեան տրամաբանութեան սահմանում, որը հիմնւած է արտաքին կամ ներքին թշնամիներ մոգոնելու, դրա հիման վրայ քաղաքական մթնոլորտն էլեկտրականացնելու եւ ամբոխին ի շահ սեփական իշխանութեան ամրապնդման եւ նպատակների իրագործման զօրաշարժի ենթարկելու խիստ ռիսկային եւ աւանտիւրական մարտավարութեան վրայ:

Հէնց այս տրամաբանութեան սահմանում էլ, վերջին շրջանում Թուրքիայի ներքաղաքական ասպարէզում, ազգայնական «Ազգային շարժում» կուսակցութիւնը (ԱՇԿ) վերածւել է ԱԶԿ-ի սերտագոյն դաշնակցի:

Յիշեցնենք, որ բոլորովին վերջերս Թուրքիայի ընդդիմադիր ԶԼՄ-ներն ու դեմոկրատական ուժերը լուրեր էին տարածել այն մասին, որ Թայիբ Էրդողանը Մոսուլի, Քերքուքի եւ Հալէպի հետ կապւած իր ծաւալապաշտական ծրագրերը քննարկել ու համադրել է «Գորշ գայլեր»-ի, նոյն ինքը՝ ԱՇԿ-ի առաջնորդ Դեւլեթ Բահչէլիի հետ: Իսկ այսօր արդէն «Քուրդստանի համայնքների միութիւն»-ն ահազանգել է այն մասին, որ քրդերի դէմ նոր հետապնդումները ծրագրաւորւել են հէնց Էրդողան-Բահչէլի հանդիպման ժամանակ:

Այն, որ Էրդողանի պէս բռնապետներին, իրենց իշխանութիւնն ամրապնդելու համար օդի ու ջրի պէս անհրաժեշտ են ներքին կամ արտաքին տարաբնոյթ թշնամիներ ու հասարակական լարւածութիւնը միանշանակ է: Սակայն, չպէտք մոռանալ նաեւ այն իրողութիւնը, որ հասարակական վերջնական խզումը, քաղաքացիական կատարեալ դիմակայութիւնը կարող են վերջնականապէս կազմաքանդել ցանկացած պետական միաւորում: Իսկ կազմաքանդւած պետական միաւորումից ժառանգութիւն մնացած աւերակների վրայ թագաւորել չի կարող ոչ ոք:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

05/11/2016

Տպել Տպել