ՀՅԴ նախաձեռնությամբ մոտ 500 կամավորական է հավաքագրվել

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանի հետ

96887-1ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնած պահեստային գումարտակը գրեթե կազմավորված է եւ առաջիկայում ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսումնավարժական հավաքներ կսկսի՝ անհրաժեշտ պահին բանակի կազմում մեր երկրի տարածքը պաշտպանելու համար:

– Պարոն Թադեւոսյան, հոկտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարեց, որ կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

– Այս պահին կազմավորման գործընթացն ընթացքի մեջ է, բայց շատ շուտով գործընթացը կամբողջանա, կավարտվի: Բնականաբար, արդեն կան անհրաժեշտ թվով կամավորներ, բայց դեռ հերթագրումն ընթացքի մեջ է:

– Երբ հերթագրումն ավարտվի, ի՞նչ է լինելու դրանից հետո:

– Զորամաս է ձեւավորվում եւ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում՝ մեր բանակի կողքին է կանգնում հակառակորդի դեմ մարտնչելու համար:

– Կամավորները ուսումնավարժական պարապմունքներ անցկացնո՞ւմ են:

– Հիմա հավաքագրումները ավարտվում են արդեն, դրա հետ կապված որեւէ խնդիր չունենք: Գումարտակի կազմավորումն ավարտվելուց հետո ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ պետք է սկսվեն ուսումնավարժական հավաքներ, որտեղ հերթագրված անձինք պետք է անհրաժեշտ պատրաստություն ստանան եւ կազմ ու պատրաստ լինեն՝ անհրաժեշտ պահին իրենց պարտականությունները կատարելու համար:

– Դուք նշեցիք, որ կան անհրաժեշտ թվով կամավորներ: Ո՞րն է այդ թիվը:

– Այս պահի դրությամբ 500 կամավորներ արդեն գրանցվել են, բայց մենք դեռ ստուգում ենք բոլորի առողջական վիճակը, այլ հանգամանքներ, որպեսզի ընտրություն կատարվի: Այսինքն՝ այնպես չէ, որ պետք է անպայման բոլորը լինեն գումարտակի կազմում:

– Հավաքագրված բոլոր մարդիկ դաշնակցակա՞ն են, թե՞ դա պարտադիր չէր:

– Դա պարտադիր չէր, մենք երբեք որեւէ գործ մեզանով չենք արել:

– Հավաքները, ուսումնավարժական պարապմունքները որտե՞ղ են անցկացվելու:

– Այդ բոլոր հարցերը ՊՆ-ից ճշտեք, որովհետեւ այդ զորամասը լինելու է ՊՆ պահեստային զորամասը, նախարարության տրամադրության տակ է լինելու: Պաշտպանության նախարարությունը պետք է որոշի, թե որ զորամասում պետք է հավաքվեն, հավաքները որտեղ պետք է անցկացնեն:

– Պարոն Թադեւոսյան, երեկ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Կապ ունե՞ն ձեր եւ Ավետիսյանի հայտարարություններն իրար հետ: Ձեր տեղեկություններով առաջիկայում հնարավո՞ր է ռազմական գործողություն:

– Մենք Վարդան Ավետիսյանի ՀԿ-ի հայտարարության հետ ոչ մի առնչություն չունենք: Որեւէ այլ տեղեկության ես չեմ տիրապետում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել՝ կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»:

Տպել Տպել