Գյումրիի մանկատան 124 սան մկրտվել է

fotorcreatedԳյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ սաները՝ 124 մանուկներ, նոյեմբերի 8-ին մկրտվեցին: Հանրապետական նշանակության մանկատան երեխաների կնքահայրեր դարձան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: Մկրտության արարողությունն անցկացվեց ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի:

Մանկատանը սաները 0-7 տարեկան են և հիմնականում առողջական խնդիրներ ունեն, ինչի պատճառով ծնողները հրաժարվում են երեխաներից հենց ծննդատանը:

«Ողջունելի է, որ իշխանության ներկայացուցիչները ուրախությամբ են ստանձնել կնքահոր պարտականությունները: Թող Աստծո աջն այս մանուկների վրայից անպակաս լինի, քանզի այս փոքրիկներն արդեն հոգևոր իմաստով անտեսված չեն»,-մկրտության արարողության ավարտին ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

«Այսօր հուզիչ ու պարտավորեցնող օր է, ես առանց վարանելու և ուրախությամբ եմ ընդունել այս փոքրիկներին կնքահայր դառնալու առաջարկը, քանզի եթե շատ դեպքերում կնքահայր ու սանիկ դառնում են ինչ-ինչ հանգամանքների բերումով, սա այն դեպքն է, երբ անշահախնդիր ու աստվածահաճո գործ ենք անում: Այս փոքրիկները կյանքում արդեն իսկ դժվարությունների են հանդիպել` զրկված են ծնողական խնամքից, ունեն առողջական խնդիրներ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը:

Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն էլ խոսքում կարևորելով օրվա խորհուրդը, նշեց, որ «Երեխաների տան» փոքրիկները սիրո կարիք ունեն, մկրտության շնորհիվ Աստծո սերը նրանց ավելի մոտեցավ, իսկ դրանից կարևոր բան արդեն չկա: «Սա սովորական մկրտություն չէ, որ կատարվում է ընտանիքներում, այլ այն երեխաների, որոնք կարիք ունեն Աստծո սիրո ու ջերմության»,-նշեց թեմակալ առաջնորդը:

Արմենուհի Մխոյան

armenpress.am

Տպել Տպել