Թուրքերը սիրում են Թրամփին

fotorcreatedԹուրքիայում թէ իշխանութիւնները, եւ թէ մամուլը ուշի ուշով հետեւում էին Ամերիկայի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնների գործընթացին:

Ընտրութիւնների նախօրէին Թուրքիայի կառավարութեանը կողմ մամուլը (օրինակ «Ենի Շաֆաք», «Ենի Աքիթ» եւ Սաբահ» օրաթերթերը) աւելի կողմ էին Թրամփի ընտրութեանը: Այստեղից նաեւ որոշ չափով պարզւում է որ իշխանաւորները թերեւս կողմ էին Թրամփի նախագահութեանը, բայց վերապահ էին իրենց կարծիքները դրսեւորելուց:

Նախագահական ընտրութիւնների արդիւնքները յայտարարւելուց անմիջապէս յետոյ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ վարչապետ Բինալի Եըլդըրըմը առաջիններից էին, ովքեր շնորհաւորեցին Թրամփին եւ յոյս յայտնեցին, որ Թրամփի օրօք Թուրքիա-Ամերիկա յարաբերութիւնները կը բարելաււեն: Անցեալ ամառ Թուրքիայում ձախողւած զինւորական յեղաշրջումից յետոյ, Թուրքիա-Ամերիկա յարաբերութիւնները որոշ չափով մթագնեցին, Թուրքիան Ամերիկայից պահանջեց Գիւլէնի յանձնումը Թուրքիային, բայց Ամերիկայի կողմից այդ հարցը չլուծւեց:
Իսկ ինչո՞ւ են թուրքերը համակրում Թրամփին եւ ոչ Հիլարի Քլինթոնին:

Նախեւառաջ Քլինթոնի ընտրութեան դեպքում Թուրքիան համարում է թէ Ամերիկայի քաղաքականութիւնը Սիրիայի եւ Միջին Արեւելքի տագնապի խնդրում կշարունակւի նոյն ձեւով: Քլինթոնը շարունակութիւնն է Օբամայի, իսկ Ամերիկան մինչ այժմ Սիրիայում ԴԱԷՇ-ի դէմ պայքարի հարցում հովանաւորում է քրդական ուժերին, ինչը դա դուր չի գալիս Թուրքիային:

Հիլարի Քլինթոնը իր ընտրապայքարի ընթացքում խոշոր գումարներ է ստացել Գիւլէնից: Գիւլէնը հովանաւորում է Քլինթոնին: Քլինթոնի ընտրւելով դժւար թէ Ամերիկան Գիւլէնին յանձնէր Թուրքիային: Թուրքիան պահանջում է Գիւլէնի յանձնումը, քանի որ նրան համարում են անցեալ ամառւայ զինւորական յեղաշրջման գլխաւոր պատճառը: Մի հարց, որը Թուրքիայի իշխանաւորներն ու կառավարամէտ մամուլը շատ լաւ կարողացել են ներկայացնել հանրութեանը: Այժմ Գիւլէնի յանձնումը Թուրքիային այդ երկրի հասարակութեան առաջնահերթ խնդիրներից է:

Մի այլ հարց, որը պատճառ է դարձել, որ թուրքերը համակրեն Թրամփին: Թրամփը դրական արտայայտութիւններն է ունեցել նախագահ Էրդողանի հասցեին: Նա իր ընտրարշաւի ելոյթներում դրական էր գնահատել Էրդողանի ջանքերը զինւորական յեղաշրջումը կանխելու հարցում: Նախ Թրամփը ասել էր, իր համար հարց չէ, թե Թուրքիայի իշխանութիւնները մարդու իրաւունքների եւ քաղաքացիական ազատութիւնների հարցով ինչ քայլերի են դիմում իրենց երկրում: Թրամփը նաեւ քննադատել էր Օբամային, թէ ինչու է նա անտեսում Թուրքիայի կարեւոր դերն ու աշխարհաքաղաքական դիրքը Միջին Արեւելքում:

Այս արտայայտութիւնները բաւական էին, որ թուրքերը սկսեին Թրամփին համակրել:

Ստամբուլի Թրամփի աշտարակը

(www.trumpistanbul.com.tr)

Թրամփը, որպէս միլիարդատէր, գործարար եւ բիզնեսմեն, գլխաւորում է բազմաթիւ ընկերութիւններ եւ հիմնարկներ, տնօրէնն է Թրամփ կազմակերպութեան (Trump organization, trump.com): Թրամփն ունի տասնեակ երկնաքեր աշտարակներ թէ° Ամերիկայում, եւ թէ° Ամերիկայից դուրս, ղեկավարում է հիւրանոցներ Չիկագօ, Լաս Վեգաս, Լոս Անջելէս եւ Ֆլորիդա քաղաքներում, Նիւ Եօրքում ունի բազմաթիւ հիւրանոցներ, բիզնես եւ բնակելի աշտարակներ, զբօսաշրջութեան կենտրոն: Թրամփը իր անունով ունի նաեւ համալսարան:

Թրամփն ունի բազմաթիւ աշտարակներ Ամերիկայից դուրս՝ Շոտլանդիա, Կանադա, Իսրայէլ, Հարաւային Կորէա, Ֆիլիպիններ, Պանամա, Դուբայ եւ Թուրքիայի Ստամբուլ քաղաք:
Թրամփի աշտարակը (Trump Tower), Ստամբուլում գտնւում է քաղաքի ամենապատկառելի շրջանում, քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում՝ Շիշլի քաղաքամասում: Աշտարակները երկու հատ են մէկը՝ բնակելի (39 յարկ) եւ միւսը՝ առեւտրական թաղամասում (37 յարկ): Բնակելի աշտարակը բաղկացած է 200 միաւորից, առեւտրական աշտարակում աշխատում են 80 խանութ, մէկ կինոթատրոն եւ տասնեակ առեւտրական գրասենեակներ:

Եւրոպայի եւ Միջին Արեւելքի խոշոր ընկերութիւնների գրասենեակները գտնւում է «Թրամփ Թաուրում» Շէնքի իրական տէրն է թուրք մեծահարուստ Այդըն Դողանը, որն իր հերթին վարում է միջազգային բիզնեսներ. Դողանը այս շէնքի վրայ Թրամփի անունը դնելու արտօնութիւնը ստացել է նրանից, որի համար նրան տարեկան վճարում է շատ մեծ գումար: Ստամբուլի «Թրամփ Թաուրի» բացումը տեղի է ունեցել 2012-ին, բացման արարողութեանը ներկայ էր հանրապետութեան նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել