Տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ

fotorcreatedՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, ապա նշեց՝ հետադարձ հայացք գցելով, կարելի է տեսնել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ:

«Պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան, բայց համակարգի ձեռքբերումներն էլ շոշափելի են»,- ասաց Լոքյանը:

Նրա խոսքով, դեռևս զգալի մաս են կազմում մասնատված և մարդկային, ֆինանսական և այլ սահմանափակ ռեսուրսներով համայնքները և այդ համայնքներում դժվար է իրականացնել տեղական ինքնակառավարման գլխավոր նպատակը ՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների անհրաժեշտ մակարդակով լուծումը: Լոքյանը շեշտեց նաև, որ տեղական ինքնակառավարման համակարգի կարևորագույն՝ ավագանու ինստիտուտը նույնպես կայանալու ճանապարհին է, և բազմաթիվ են համայնքները, որտեղ ավագանու անդամների մրցապայքարը հետաքրքրություն չի առաջացնում, բայց այդ առումով բացառություն են կազմում խոշոր համայնքները:

Նախարարի խոսքով՝ լավ է, որ Երևանի, այս տարվանից նաև Գյումրու և Վանաձորի համայնքների ընտրություններում կիրառվում է ավագանու անդամների ընտրության համամասնական ընտրակարգը, և ավագանու ինստիտուտի կայացման ապագան՝ համայնքների խոշորացմանը զուգընթաց համամասնական ընտրակարգի անցումն է, ինչի արդյունքում կաճի մրցակցությունը և կառավարման պատասխանատվությունը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ,

Հանդիսավոր նիստի մասնակիցներ,

Թույլ տվեք նույնպես ողջունել Ձեզ և շնորհավորել` Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20 -ամյակի կապակցությամբ։

Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 20-ամյա ընթացքին, կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ։ Արձանագրելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները, պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան տեղական ժողովրդավարությունն ապահովող հանրային կառավարման այս կարևոր համակարգում։

Համակարգի ձեռքբերումների մասին խոսեց Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ինչ խոսք, դրանք շոշափելի են: Սակայն, դեռևս առկա են չլուծված խնդիրներ, որոնց մասին կուզենայի բարձրաձայնել:

1. Դեռևս զգալի մաս են կազմում մասնատված և մարդկային, ֆինանսական և այլ սահմանափակ ռեսուրսներով համայնքները: Նմանատիպ համայնքներում դժվար է պատկերացնել տեղական ինքնակառավարման գլխավոր նպատակի իրականացումը, այն է՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների անհրաժեշտ մակարդակով լուծում տալը: Ինչպես գիտեք, վարչատարածքային բարեփոխումներն ընթացքում են՝ արդեն իսկ իրականացվել է 18 խոշորացման ծրագիր, ներառելով նախկին 140 համայնքներ, գործընթացը շարունակվելու է առաջիկա երկու տարիներին։

2. Տեղական ինքնակառավարման համակարգի կարևորագույն` ավագանու ինստիտուտը նույնպես դեռևս կայանալու ճանապարհ ունի: Բազմաթիվ են համայնքները, որտեղ ավագանու անդամների ընտրական մրցապայքարը հետաքրքրություն չի առաջացնում: Թերևս, այդ առումով բացառություն են կազմում խոշոր համայնքները: Ուշագրավ են Երևանի, այս տարվանից սկսած նաև Գյումրու և Վանաձորի համայնքների ավագանու ընտրությունները, որտեղ կիրառվում է ավագանու անդամների ընտրության համամասնական ընտրակարգ: Կարծում ենք, ավագանու ինստիտուտի կայացման ապագան, համայնքների խոշորացմանը զուգընթաց՝ համամասնական ընտրակարգի անցումն է, երբ կաճի թե՛ մրցակցությունը և թե՛ քաղաքական պատասխանատվությունը:

3. Հաջորդ կարևոր խնդիրն է համայնքների զարգացման ծրագրերի կազմման և իրականացման նկատմամբ պրոֆեսիոնալիզմի պակասը: Սովորաբար, այդ փաստաթղթին, որն իմ կարծիքով համայնքի զարգացման տեսանկյունից կարևորագույն ռազմավարական փաստաթուղթն է, չի տրամադրվում պատշաճ վերաբերմունք: Այդ բացը լրացնելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից, ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, քայլեր են ձեռնարկվել: Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը, այդ մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով՝ իրականացվել են աշխատանքային այցեր ՀՀ բոլոր մարզեր: Սկսած 2017 թվականից, այդ ծրագրերի կազմման և իրականացման հիմքում ակնկալվում է ունենալ առավելագույն իրատեսություն, համայնքի զարգացմանն ուղղված միջոցառումներ և համայնքում բիզնեսին աջակցող ծրագրեր:

Հարգելի ներկաներ:

Այժմ կուզենայի անդրադառնալ մեր մի քանի համատեղ անելիքներին:
Տեղական ինքնակառավարման ֆինանսական ապահովման խնդիրները կարիք ունեն հստակեցման ու կանոնակարգման։ Պետությունը` տարեցտարի ավելացնում է պետական բյուջեյից համայնքային բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը։ Ընդունված նոր կարգավորումները թույլ են տալիս այդ միջոցների բաշխումը դարձնել ավելի հասցեական ու նպատակային։ Ներկայացրել ենք տեղական տուրքերի կանոնակարգման օրենքի նոր նախագիծ։ Բայց նաև դուք հետևողական աշխատանք պետք է տանեք սեփական եկամուտների ինչպես հավաքագրման, այնպես էլ դրանք ավելացնելու, նաև ծախսերը արդյունավետ ու թիրախային դարձնելու ուղղությամբ։ Պետք է ավելի լայն կիրառել համայնքային ծրագրերը շուկայական, մրցակցային դաշտ տեղափոխելու պրակտիկան։

Անկասկած, արդեն կարիք կա օրենսդրորեն կարգավորելու, ի նկատի ունեմ հատկապես ավելի դյուրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների համար ֆինանսական շուկաների հասանելիությունը, օրենքով նախատեսված վարկերի, փոխառությունների, արժեթղթերի և այլ գործիքների կիրառելիության մասով։ Ի դեպ, Հանրապետության Նախագահի անմիջական օժանդակությամբ արդեն ունենք համայնքային գործող վարկերի օրինակներ Երևանում, Գյումրիում, Կոտայքի և Գեղարքունիքի 12 համայնքներում: Հետագայում նմանատիպ վարկերը հասանելի կլինեն նաև խոշորացվող համայնքներում։

Մեր անելիքների կարևոր մի մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը։ Ի նկատի պետք է ունենալ կառավարման ժամանակակից, տեխնոլոգիապես արդի մշակույթի ներմուծումը մեր տեղական ինքնակառավարման համակարգ։ Արդեն իսկ ունենք երկու տասնյակի մոտ քաղաքացիների էլեկտրոնային սպասարկման համայնքային գրասենյակներ, շուրջ 500 համայնքներ ունեն կառավարման էլեկրոնային համակարգ և թղթակցված են պետական կառավարման նման համակարգերի հետ։ Նպատակը` անկասկած, բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի բարձրացումը պետք է դիտվի։

Հարգելի ներկաներ,

Օգտվելով առիթից, որ այս տոնական միջոցառմանը մասնակցում են դեսպաններ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շնորհակալություն եմ հայտնում նրանց` համակարգի առջև կանգնած մարտահրավերների լուծմանն իրենց գործուն աջակցությունը բերելու, միջազգային առաջավոր փորձը մեզ հասու դարձնելու, նաև ֆինանսական ռեսուրսներով օժանդակելու համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ օժանդակությունը համայնքների համար առավելագույն` ապագային միտված, զարգացման հեռանկարներով օգտագործելու համար։

Ամփոփելով կուզենայի նշել, որ տեղական ինքնակառավարման համակարգը ապրում է զարգացում և այդ զարգացմանն ուղղված մեր ջանքերը պետք կրեն շարունակական բնույթ:

Համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով հարուստ, նաև մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ: Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:

Շնորհակալություն:

Տպել Տպել