Պետք է նաև հետադարձ ուժ ունենալու հարցերը լուծվեն

Արմեն Ռուստամյանը` ՊՆ հիմնադրամի մասին

fotorcreated-64ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բանակի համար հիմնադրամ ստեղծելու հարցին, նշեց, որ, իր կարծիքով, պետք էր մի քիչ ավելի լավ հանրությանը ներկայացնել գաղափարը, որ այսպիսի հանպատրաստից դժգոհություն չառաջանար հանրության որոշ հատվածի մոտ: Ըստ նրա` նպատակը, գաղափարը շատ ճիշտ է:

«Մեր ռեսուրսը նկատի ունենալով` այնպիսի վիճակում ենք, որ պետք է նոր կոնցեպցիայի վրա կառուցենք մեր բանակաշինությունը և ազգ-բանակ հասկացությունը, որ ներդրված է, և հայեցակարգը ամրագրված է նաև կառավարության ծրագրի մեջ, ենթադրում է ազգովի պաշտպանական խնդիրների լուծում»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` սա ազգային տուրքի գաղափար է, սիմվոլիկ գումար է, որով մասնակից ես դառնում պաշտպանական հարցերին:

«Պետք է իսկապես ցույց տանք, որ մենք ազգ-բանակ ենք, այլ տարբերակ չունենք, որովհետև երբ դու չես կերակրում քո բանակը, դու ստիպված կլինես կերակրել օտարի բանակը»,- շեշտեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ իրենք ընդունում են բոլոր այն հարցադրումները, որոնք միտված են գաղափարն ավելի լավն ու ճիշտը դարձնելուն: «Գաղափարը չպիտի կործանվի, գաղափարը պիտի պահպանել, և ովքեր մտածում են` գաղափարը պետք է պահպանել, նրանց հետ ունենք խնդիր` նստենք, քննարկենք` կոնկրետ թվերի հետ կապված, արդյո՞ք համաչափությունը, համամասնությունը ճիշտ է: Պետք է մարդկանց եկամուտներին համապատասխանեցվի նրանց ներդրումը, բայց որ այդ ներդրումը պիտի լինի` մեկ դրամ, տասը դրամ, թե` հազար դրամ, ես կասկած չունեմ, որովհետև դա պարտադիր է, անհրաժեշտ է»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին` արդյո՞ք ճիշտ է համարում այն մոտեցումը, որ պետք է հունվարի 28-ից գործողության մեջ մտնեն հիմնադրամի գումարները, Ռուստամյանն արձագանքեց. «Դա ուրիշ բան է: Նրանք, ովքեր գաղափարն ընդունում են, այդ ընդունողներից բխած առաջարկները մեզ համար հասկանալի են: Այո, կարծում եմ, որ պետք է նաև հետադարձ ուժ ունենալու հարցերը լուծվեն: Այսինքն` հարցեր կան, որոնք հղկման կարիք ունեն, դրա անհրաժեշտությունը կա: Որոշակի խնդիրներ, որոնք հղկվելու կարիք ունեն, ավելի արդար միջավայր ձևավորելու կարիք ունեն, այդ բոլոր առաջարկները մենք կողջունենք: ՀՅԴ-ն էլ է մշակում իր առաջարկները, շուտով կհրապարակենք»:

Ռուստամյանի խոսքով` այս հիմնադրամի ստեղծումը չի փոխարինում պետության ֆունկցիաներին, գործունեությանը: «Պետությունը պիտի շարունակի անել իր գործը, բայց մենք պետք է հասկանանք, որ ազգ ենք, մեկ բանակ ունենք և այդ` մեկ ազգ, մեկ բանակ հասկացությունը մենք չենք հորինել: Բոլոր` մեր պայմաններում գտնվող պետություններն այս քայլով են իրենց պաշտպանությունը ձևավորել և ամրապնդել: Սրանով հասկացնում ենք մեր թշնամուն, որ այստեղ միասնություն կա»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդունում է բոլոր քննադատությունները, որոնք հիմնավոր են, բայց ճիշտ չի համարում այն, որ ամեն լավ գաղափար պետք է քարկոծել: «Ազգ-բանակ գաղափարն էլ սկսվեց քննադատվել: Այսինքն` մենք եթե մեկը չենք անում, ուրեմն այլ ճիշտ քայլ է՞լ չանենք: Պետք է այն գեներալներին էլ գտնել, ովքեր, ձեր ասելով, ապօրինի հարստացել են: Կառավարությունն իր առջև խնդիր է դրել՝ ապօրինի հարստացումը քրեականացնելու: Այս պրոցեսները գնում են, ուրեմն մեկը մյուսին ինչի՞ պիտի խանգարի: Քննադատությունն ընդունում եմ այն մասով, որ վստահություն չկա, դրա դեմ պետք է պայքարենք, բայց դա չի նշանակում, որ ձեռքներս պետք է ծալենք, նստենք: Բոլորը խնդիրները պետք է լուծենք, նո՞ր սկսենք ինչ-որ բան անել, պետք է մեկտեղ անել»,- ասաց պատգամավորը:

Խոսելով հիմնադրամին կամավոր սկզբունքով գումար հատկացնելու մասին` նա ասաց. «Ծառայելն է՞լ կամավոր լինի, հանե՞նք պարտադիր ծառայությունը, կամավոր` ով կգնա, կգնա: Այդպես ազգը կվերանա, մենք չենք պատկերացնում մեր առջև դրված մարտահրավերների ծանրությունը: Բաներ կան, որ պետք է պարտադիր լինեն, որ պետք է մասսայական դառնան, բայց ամեն մեկին` իր չափով»:

Հարցին՝ ինչքա՞ն գումար է ինքը փոխանցելու, պատգամավորը պատասխանեց. «Մեր ամբողջ ֆրակցիան ամեն ամիս 5 տոկոս հատկացնում է բանակին` դեռ ապրիլից էլ շուտ»:

yerkir.am

Տպել Տպել