Մտածողության, վարք փոխելու խնդիր ունենք

fotorcreatedԱԺ ում շարունակվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ելույթում նշեց. «Ամեն ինչից կարելի է խոսել: Կարելի է դժգոհել, բողոքել, շահարկել, ամբոխավարություն անել: Լեզուն ոսկոր չունի: Մանավանդ՝ ընտրություններ են մոտենում: Մանավանդ՝ պատասխանատվության զգացումը, կարծես, հեռանում է այս դահլիճից: Տնավորվում է խոսքի ու գործի հակասականությանը:

Բայց ի՞նչն է այս օրենքի բուն բովանդակությունը: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանության համար զոհվածի ընտանիքը, ըստ աստիճանակարգման, կստանա 82 միլիոն, 70 կամ 58 միլիոն դրամ հատուցում: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձածները, ըստ աստիճանակարգման, կստանան 82, 70, 58, 53, 41, 29 միլիոն դրամ: Այսինքն՝ օրենքով երաշխավորվում է հայրենիքի պաշտպանությանը կյանք ու առողջություն տված մարդկանց ընտանիքների նվազագույն արժանապատիվ կեցությունը: Ինչը չի եղել ու չկա այսօր»:

Վարդանյանը փաստեց, որ, այո, վստահության խնդիր կա, նաև` անցյալի սխալներն ու արատները չկրկնելու խնդիր: «Բայց ե՞րբ և ո՞վ պետք է սկսի: Եվ ինչո՞ւ այս նախագիծը հենց այդ առիթներից մեկը չէ»,- նշեց նա եւ հավելեց, որ ամեն ինչից խոսելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ բարելավել օրենքը, հանրային վերահսկողության մեխանիզմներ սահմանել, վստահության մթնոլորտ երաշխավորել:

Դաշնակցական պատգամավորը համաձայն է՝ օրենքը պետք էր նախապատրաստել, հանրային, մասնագիտական քննարկումներ անել: ՀՅԴ Խմբակցության քարտուղարը 7 առաջարկություն հնչեցրեց՝ նշելով. «Թող զարմանալի չթվա, բայց կոնկրետ նախագծի վերաբերյալ»:

Եվ այսպես` Վարդանյանն առաջարկում է.

«1. Սանդղակ սահմանելու սկզբունքին կողմ ենք: Տարբերակները կարելի է քննարկել: Օրինակ՝ նվազագույն աշխատավարձից բարձր, բայց մինչև 100 հազար վարձատրության դեպքում՝ 500 դրամ, 100-ից 200 հազարի դեպքում՝ 1000 դրամ, 200-ից 500 հազարի պարագայում՝ 2000 դրամ, 500 հազարից բարձր՝ 5000 դրամ:

2. 23-րդ հոդվածով առաջարկվում է ստեղծել երեքից յոթ անդամ ունեցող գործադիր հանձնաժողով: Առաջարկում եմ կոնկրետ թիվ՝ հինգ:

3. Լավ է, որ առաջին հինգ տարին հիմնադրամը կառավարելու են Կենտրոնական բանկի աշխատակիցները՝ հասարակական հիմունքներով: Բայց քննարկման թեմա են հոդված 21-ի 2-րդ մասի՝ հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը նախորդ տարվա ընդհանուր ակտիվների մինչև 0,5 տոկոս և նույն հոդվածի 3-րդ մասի՝ կառավարման ընդհանուր ծախսերը միջոցների մինչև 2 տոկոս թույլատրող սահմանաչափերը:

4. 24-րդ հոդվածով առաջարկվում է հիմնադրամի հոգեբարձուների 9 հոգանոց խորհուրդ ստեղծել: Երեքին նշանակում է կառավարությունը, երեքին՝ Կենտրոնական բանկը: Հետո այս 6-ն ընտրում են մյուս երեքին: Կարծում ենք՝ ճիշտ կլինի առնվազն 2 թեկնածուի առաջարկի խորհրդարանական ընդդիմությունը: Թերևս արժե խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել Սփյուռքի ներկայացուցիչներին, ասենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի կազմակերպություններից:

5. Ո՞ւմ վրա պետք է տարածվի օրենքը, հետադարձ ուժ պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Ապրիլյան օրերից հետո վտահության պակասը խառնաշփոթ ստեղծեց: Հազարավորները օգնում էին՝ ով ում գտնում էր: Կազմակերպված մեխանիզմ չկար: Բոլորը ստացան ինչ-որ բան, բայց խիստ տարբեր չափերով: Նախորդ պատերազմի մասնակիցների պարագան շատ ավելի բարդ է: Մի անգամ ասել եմ՝ Շուշիի ազատագրմանը մոտ 1000 մարդ է եղել, 4 հազար հոգի մեդալ ունի: Կռված-չկռված` ազատամարտիկի թուղթ ունեն: Իրական հաշվառում գոյություն չունի: Նախորդ կառավարությունը խոստացավ անել, չարեց: Այդ խնդիրը այսօր էլ առկա է ոչ միայն հասցեականության, այլև՝ բարոյահոգեբանական առումով: Կարծում ենք՝ միջոցների առկայության դեպքում, հատուկ դրույթով պետք է երաշխավորել, որ առնվազն ապրիլյան օրերի հերոսներին պետք է հատուցել հիմնադրամից:

6. Կամավորության սկզբունքով Սփյուռքին ներգրավելու անհրաժեշտությունն ակնհայտ է, բայց՝ ճիշտ մոտեցումներով ու քայլերով: Ազգային տուրքի գաղափարը հարկ է հասունացնել ու մեխանիզմներ գտնել:

7. Այստեղ ամենաշատը արծարծվեց ապօրինի հարստացածի ու չունևորի, ներքին թշնամանքի թեման: Հիմքեր կան, անշուշտ: Առաջարկում ենք՝ հրապարակայնացնել հիմնադրամին առաջին ամիսը, 1000 դրամից բացի, կամավոր ավելի գումար վճարածների անունները: Թող պարտավորված զգան ու փորձեն մեղմել մթնոլորտը»:

Ելույթի վերջում դաշնակցական պատգամավորը հայտարարեց, որ նոր սկիզբ դնելու, մտածողություն, վարք փոխելու խնդիր ունենք: Եվ բանակը, զինվորը, ըստ Վարդանյանի, հենց այն առանցքն են, որի շուրջ կարող ենք ու պարտավոր ենք համախմբվել: «Փորձենք այս նախաձեռնությունը կատարելագործել ու վստահության հիմքեր ստեղծել: Փորձենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել»,- եզրափակեց Վարդանյանը:

yerkir.am

Տպել Տպել