Արծվիկ Մինասյանն այցելել է նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներ

1479308738-9991ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է բնապահպանության նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներ և առանձնացված ստորաբաժանումներ:

Առաջին կանգառը՝ Հայաստանի բնության պետական թանգարանում էր: Նախարարը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տարածաշրջանում եզակի այս թանգարանում հաշվառվում է ավելի քան 6000 ցուցանմուշ, որից շենքային պայմանները հնարավորություն են տալիս ցուցադրելու շուրջ 1500-ը:

Անդրադառնալով խնդիրներին՝ թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն առաջնահերթ նշել է հենց ցուցասրահների սուղ պայմանները, շենքի վերանորոգման անհրաժեշտությունը:

Արծվիկ Մինասյանը հանձնարարել է կարճ ժամկետում ներկայացնել թանգարանի զարգացման ծրագիր, ինչը նաև հնարավորություն կտա գտնելու ինքնաֆինանսավորման աղբյուրներ՝ ապահովելով միջոցներ կառույցի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար:

Ծանոթանալով թանգարանում տեղակայված էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին` Արծվիկ Մինասյանը կարևորել է նաև թանգարանի ու կենտրոնի գործունեության հանրայնացումը՝ այն առավել տեսանելի դարձնելով թե՛ հայաստանաբնակների, թե՛ Հայաստան այցելող օտարերկրացիների համար:

Նախարարի հերթական կանգառը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային ստորաբաժանման գրասենյակն էր: Տեսչական բարեփոխումներով պայմանավորված՝ նախարարը կարևորել է տեսուչների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքը, ինչը նաև միտված պետք է լինի իրականացվող գործառույթների նկատմամբ հանրության կողմից վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը:

Բնապահպանության նախարարն այցելել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» և «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Նա ծանոթացել է կազմակերպությունների ունեցած մասնագիտական և տեխնիկական կարողություններին, աշխատանքային պայմաններին:

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում ծանոթանալավ օդի և ջրի լաբորատորիաների աշխատանքներին` Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումը, ինչը ոչ միայն կապահովի կառույցի տեխնիկական հագեցվածությունը, այլ նաև մասնագետների բարձր աշխատավարձերը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ աշխատանքային քննարկան ժամանակ նախարարն առաջնային է համարել փորձաքննական գործընթացները բացառապես օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելը:

Շրջայցի ավարտին Արծվիկ Մինասյանը ստորաբաժանումների պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ:

yerkir.am

Տպել Տպել