Այն, ինչ վերցվել է բնությունից, պետք է վերադարձվի բնությանը

Ոլորտում անելիքների, ծրագրերի, նպատակների ու առկա խնդիրների մասին «Անկախը» զրուցել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ:

– Քանի որ կարծիքներ էին արտահայտվում, թե բնապահպանությունն այնքան էլ Ձեր ոլորտը չէ, հետաքրքիր է` որո՞նք եք համարում այստեղ Ձեր հիմնական անելիքները, ինչպե՞ս եք պատկերացնում այս ոլորտը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում և ի՞նչ առաջարկություններ ունեք:

– Նախևառաջ ընկալման փոփոխության խնդիրն է, որովհետև շրջակա միջավայրը միշտ դիտվել է որպես ստորադասվող ոլորտ, մինչդեռ այն բոլոր հարաբերությունների հիմքն է, լինի տնտեսական, մշակութային, սոցիալական, առողջապահական թե այլ, և այս փոփոխությունը ենթադրում է նաև սահմանադրական պահանջի կատարում, ըստ որի երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումն ու առաջընթացի ապահովումն է, նաև սերունդների նկատմամբ պատասխանատվության լիարժեք դրսևորումը:

Երկրորդ կարևոր խնդիրը՝ այսօրվա գործող մի շարք ուղղություններում շրջակա միջավայրի կամ բնապահպանական հարցադրումը դարձնել կենտրոնական: Որովհետև մենք հաճախ ենք հանդիպում նույնիսկ արհեստական դեպքերի, երբ տնտեսական նախաձեռնությունները հակադրվում են բնապահպանականին, մինչդեռ դրանք կարող էին հաջողությամբ իրար լրացնել` հիմքում ունենալով, օրինակ, բնությունից ստացած մեծ արժեքը: Այլ կերպ ասած` արդեն իսկ ունեցած արժեքը բազմապատկել տնտեսական նախաձեռնություններով, ոչ թե այդ արժեքը վերացնել և նորը ձևավորել:%d5%a1%d6%80%d5%ae%d5%be%d5%ab%d5%af

Մյուս կարևոր խնդիրը միջազգային մեծածավալ դրամաշնորհների ուղղորդումն է թե՛ տեխնոլոգիաների փոխանցման, թե՛ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հարմարվողականության մոտեցումների կիրառման, այդ թվում նաև մարդկանց համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համապատկերում:

Եվ, ի վերջո, ժամանակակից զարգացումներին համապատասխան՝ ունենալ կայուն զարգացող հասարակական հարաբերություններ:

– Այդ ծրագրերից ո՞րն է հնարավոր իրականացնել և որը պետք է թողնել, այսպես ասած, ավելի լավ ժամանակների:

– Ես կարծում եմ` կառավարության ծրագրով նախատեսված առաջիկա 6 ամիսների բոլոր գործողությունները` ամբողջությամբ, իրատեսական են: Վստահ եմ, որ մենք կունենանք եթե ոչ 100 տոկոս արդյունք, ապա էականորեն ձևավորված հիմքեր:

– Բազմիցս մատնանշվել են Հայաստանում բնապահպանական տարբեր խնդիրներ: Անձամբ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների գոնե այնպիսի լուծումները, որոնցից ո՛չ տնտեսությունը տուժի, ո՛չ էլ բնությունն ու բնապահպանությունը:

– Դուք լավ ձևակերպում տվեցիք. հավասարակշռված որոշումը պետք է լինի զարգացման հիմքը, դա հենց կայուն զարգացման հայեցակարգն է: Բայց կայուն զարգացման հայեցակարգում ճշգրտում պետք է տեղի ունենա, որ հիմքը պետք է կանաչ էկոնոմիկան լինի, ոչ թե արդյունաբերական այնպիսի զարգացումը, որը կարող է շրջակա միջավայրն ու մարդու առողջությունը դարձնել թիրախ և հարվածել դրանց: Սա նշանակում է, որ ցանկացած նախաձեռնություն պետք է այլընտրանքային համակարգում դիտարկվի: Մենք այսօր հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ տնտեսական որևէ նախաձեռնություն ուղղակի էմոցիոնալ մակարդակում կամ ապրիորի քննադատում ենք` առանց այլընտրանքային նախաձեռնություն ներկայացնելու: Իմ գլխավոր խնդիրներից մեկը համարում եմ այն, որ ցանկացած բնապահպանական հետևանք առաջացնող առաջարկություն անպայման ունենա այլընտրանքային մոտեցում, որով բնապահպանական հարցերը մաքսիմալ արդյունավետ լուծումներ կունենան:

Երկրորդ` անպայման պետք է ներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ: Մենք հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ տնտեսական նախաձեռնություններն անգամ բազմաթիվ բնապահպանական կազմակերպությունների քննադատության, նույնիսկ պետական լիազոր մարմնի առարկությունների պայմաններում ընդունվում են: Բայց դրան զուգահեռ չի գործում ապահովագրման այնպիսի համակարգ, որ եթե այնուամենայնիվ, նկարագրված ռիսկերից բացի, այլ ռիսկեր դրսևորվեն, ապա ինչպիսի՞ վճարումների համակարգ կգործի, և ինչպե՞ս պետք է շրջակա միջավայրին ու մարդկանց պատճառված վնասը վերականգնվի, եթե այդ ծրագրերը ձախողվեն կամ ունենան կողմնակի ու ոչ ցանկալի բնապահպանական հետևանքներ: Սա մի համակարգ է, որն այսօր Հայաստանում բացակայում է, և մեր քաղաքականության կարևոր տարրերից մեկը լինելու է այսպիսի համակարգի լիարժեք ձևավորումը:

Մյուս կարևոր խնդիրը բնությանը հասցված վնասի վերականգնմանը կամ «այն, ինչ վերցվել է բնությունից, պետք է վերադարձվի բնությանը» կոնցեպցիայի գործադրումն է, որը ենթադրում է, որ նաև արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ծրագրերի ներքո բնապահպանական և բնօգտագործման վճարների վերադարձը դեպի շրջակա միջավայր ապահովելու համար:

– Ի դեպ, այդ բնօգտագործման ու բնապահպանական վճարները փոքր չե՞ն, եթե հաշվի առնենք հասցված վնասների ու տվյալ գործունեությունից ստացվող շահույթների չափերը:

– Եթե վերցնում ենք այսօրվա մեծությամբ, ապա այն կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ, դրա դիմաց այսօր, ցավոք, բոլոր ծրագրերով իրականացվող «վերադարձի» չափը չի գերազանցում 8 միլիարդ դրամը: Այսինքն` մենք նախ խնդիր ունենք բնությանը վերադարձվող ծրագրերի իրականացման ընթացքում պահպանելու այս 35 միլիարդ դրամը:

Երկրորդ` մենք ունենք կենսառեսուրսներ, որոնց համար ակնհայտորեն սահմանված են ցածր գներ, և այս ցածր գները հաճախ ստեղծում են նաև կոռուպցիոն տարրեր: Այսինքն` մենք անպայման պետք է վերանայենք կենսառեսուրսների գները, մի կողմից, այդ կենսառեսուրսների վերարտադրությունն արդյունավետ կազմակերպելու, մյուս կողմից` երկրի տնտեսական համակարգում գնագոյացման արդյունավետ համակարգ ձևավորելու ուղղությամբ: Եվ, ի վերջո, բոլոր այն էկոհամակարգերը, որտեղից վերցվում են այդ կենսառեսուրսները, պետք է ինքնավերարտադրվելու հնարավորություն ունենան: Արհեստական միջոցառումները հնարավորինս պետք է քիչ լինեն, և դա վերաբերում է բոլոր էկոհամակարգերին` սկսած Սևանից ու ավարտված անգամ ամենափոքր անտառով: Այս տեսակետից մենք իսկապես ունենք ավելի հետևողական ու նպատակային քաղաքականության իրականացման անհրաժեշտություն:

– Ներդրողները շատ են բողոքում, որ ներդրումային ծրագրերը ներկայացնելիս բնապահպանական լիցենզիաների, թույլտվությունների, տարբեր տեսակի ու բազմաթիվ փորձաքննությունների ու ստուգումների ներկայացման պահանջները խոչընդոտում են ներդրումների իրականացումը: Այս հարցում դյուրացման կամ արդյունավետությունը բարձրացնող նախաձեռնություններ սպասվո՞ւմ են:

– Անպայման: Մենք էկոլոգիական քաղաքականության շրջանակներում մտադիր ենք ամբողջությամբ անցում կատարել մեկ պատուհանի սկզբունքին, որպեսզի էկոլոգիական թույլտվությունների ամբողջ համախումբը տրվի մեկ անգամ ու մեկ վայրից: Ուզում եմ պարզապես այս ամբողջ գործընթացի մեջ կարևորել փորձաքննության դերն ու նշանակությունը: Այսօր ՀՀ-ում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, որը, սակայն, դեռևս չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք գործում են միջազգային լավագույն փորձի պայմաններում: Դրա պատճառը թե՛ տեխնիկական, տնտեսական և մասնագիտական, և թե՛ փորձաքննության կարևորության գիտակցման առումով դեռևս բաց է մեր իրականության մեջ: Նույն ներդրողն ինքը պետք է շահագրգռված լինի օր առաջ ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն ոչ թե այն պատճառով, որ օրենքն է պարտադրում, այլ որովհետև այդ փորձաքննության շնորհիվ է, որ ինքը կարող է բացահայտել ու կանխատեսել իր համար բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք հետագայում կարող են վրա հասնել, և ինքն ի վիճակի չլինի այդ ռիսկերը չեզոքացնել ու պարզապես ստիպված լինի գնալ սնանկացման կամ լուծարման: Այսինքն` այս տեսանկյունից մենք փորձագիտության կարևորության գիտակցման մակարդակը բոլոր ուղղություններով բարձրացնելու կարիք ունենք, ներառյալ՝ պետական մարմնում: Որովհետև այն հաճախ դիտարկվում է, որպես լրացուցիչ գումարներ գանձելու, լրացուցիչ պահանջներ դնելու մի մեխանիզմ, որի վերջնական նպատակը, այնուամենայնիվ, շրջակա միջավայրի վիճակի հարցում շահելը չէ, այլ ավելի շատ որոշ մարդկանց փոքր կամ խմբային շահը սպասարկելը: Սա էլ պետք է փոխվի, և այս փոփոխությունը ենթադրում է երկար ու քրտնաջան աշխատանք:

Մյուս խնդրահարույց կետը ջրօգտագործման թույլտվություններն են, որոնք, ինչպես նշեցի, ջրավազանային կառավարման համակարգի և առհասարակ ջրօգտագործման թե՛ մակերևութային, թե՛ ընդերքային ջրերի մասով համակարգերի վերակառուցում են ենթադրում:

Սրանք հարցեր են, որոնք պահանջում են թե՛ փոփոխություններ քաղաքականության մեջ, թե՛ լուրջ ներդրումներ: Ներդրումների մասով ես մտահոգություն չունեմ, քանի որ կան միջազգային մեծածավալ գրանտային հնարավորություններ: Արդեն իսկ բացվել է 4 միլիոն դոլարանոց ծրագիր հարմարվողականության հիմնադրամի շրջանակներում կոնկրետ ծրագրեր իրականացնելու մասով: Եվ եթե մեզ հաջողվի այս 4 միլիոնը, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ ակտիվ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել, նվազեցնել ու հանել կոռուպցիոն ռիսկերը, վստահ եմ, որ կկարողանանք երկիր շատ ավելի մեծ գումարներ բերել: Ի դեպ, ասեմ, որ միջազգային ներկա տենդենցներով` գրանտային ու դրամաշնորհային միջոցներն ավելի շատ բնապահպանական ուղղվածության են:

– Մեկ հարց էլ` կապված ազգային պարկերի, արգելոցների, ինչպես նաև Արարատյան արտեզյան ավազանի վերականգնման հետագա ծրագրերի հետ. այս ուղղություններով ինչպիսի՞ ծրագրեր ունեք:

– 2017 թվականին նախատեսում ենք առնվազն 20 ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրում Արարատյան դաշտի արտեզյան ավազանում: Հատկապես ձկնաբուծական տնտեսությունների մասին է խոսքը, և սա շարունակական է լինելու, որպեսզի հասնենք լիարժեք ու առարկայական կառավարման համակարգի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա նաև վերահսկելի դարձնելու ջրօգտագործման համակարգը: Մյուս կողմից` բազմաթիվ հորեր արդեն լուծարվել են, և փակման գործընթացն իրականացվում է մեր կողմից, ինչը նույնպես էականորեն նպաստում է Արարատյան դաշտում անապատացման դեմ պայքարին` մի կողմից և մյուս կողմից՝ ջրային համակարգերում անհրաժեշտ հավասարակշռության պահպանմանը:

Ազգային պարկերի կտրվածքով մենք մի քանի կոնցեպտուալ հարցեր ունենք: Առաջին` ազգային պարկն ինքնանպատակ չէ, այլ կենսաբազմազանության և էկոհամակարգերի կարևոր տարր, ուստի պետք է նաև ստեղծենք այն անհրաժեշտ միջավայրն ու արժեքը, որտեղ ներդրողները կկարողանան իրենց իրավունքների իրացումը տեսնել` առանց վնաս պատճառելու շրջակա միջավայրին: Հետևաբար, մտածում ենք, որ այստեղ պետք է մասնավորի ներգրավում իրականացնենք կոնկրետ ծրագրերի ներքո` սկսած առանձին ոլորտները կոնցեսիոն պայմանագրերով և այլ ձևերով նրանց կառավարման հանձնելուց և ավարտված նրանով, որ մասնավորի մասնակցությունը պետք է նաև բարձրացնի այդ կենսատարածքների նկատմամբ հանրության հետաքրքրությունը: Օրինակ` ունենք մի քանի ծրագրեր, ըստ որոնց մտածում ենք Հայաստանի վայրի բնության հիմնադրամի մասնակցությամբ նաև Իրանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում ձևավորել նոր` առաջին անդրսահմանային հատուկ պահպանվող տարածքը` իր լանդշաֆտային, կենդանական ու բուսական ներաշխարհով: Երկրորդը Կովկասյան հովազի բուծման և արեալի ընդլայնման ծրագիրն է, որն էականորեն կփոխի նաև կենդանական աշխարհի նկատմամբ ընկալումը և աշխարհի մի շարք էկոտուրիստական կազմակերպությունների կմղի դեպի Հայաստան, և Հայաստանի ճանաչողությունը կբարձրանա այդ առումով:

Մյուս կարևոր ծրագիրը վերաբերում է Երևանի բուսաբանական այգուն, որի նպատակն այն ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական հետազոտությունների կենտրոն դարձնելն է, վայր, որտեղ մարդիկ կկարողանան իրենց կենսաբանական զգացողություններն իրացնել` սկսած հանգստի կազմակերպումից և ավարտված երեխաների կամ առհասարակ, ցանկացած այցելուի ճանաչողությունը, գիտելիքները բարձրացնելով և հասարակության էկոդաստիարակության համար կարևոր մի հատված դարձնելով:

Ի վերջո, մի լավ ծրագիր կա` բնության շուրջ 232 հուշարձանները դարձնել իսկապես թե՛ ներդրումային ոլորտի համար գրավիչ կետեր, թե՛ նաև տուրիստական կենտրոններ, հատկապես էկոտուրիզմի սիրահարներին ներգրավել այդ ոլորտներում:

Ինչ վերաբերում է Սևանին, ապա այն կոնցեպտուալ նոր լուծումների, մոտեցումների արժևորման և վերանայման կարիք ունի: Այնտեղ հիմնական խնդիրները վերաբերում են թե՛ ձկնապաշարի և ապօրինի որսի կանխման իրական մեխանիզմների ներդրմանը, թե՛ Սևան թափվող գետերի ջրերը կամ առհասարակ Սևանի ջրավազանային համակարգն ամբողջությամբ կենսաբանական մաքրման ենթարկող կայանների ներդրմանը:

Մյուս ուղղությունը Սևանա լճի ափամերձ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կազմակերպումն է: Այս ուղղությամբ պետք է աշխատանքները կազմակերպվեն բնակչությանը ներգրավելով, մյուս կողմից` կան տեղեր, որտեղ, իմ խորին համոզմամբ, կարող ենք չկտրել անտառաշերտը. կա՛մ կարող ենք կիրառել ծառերի տեղափոխում, կա՛մ կառուցել դամբաներ, եթե հարցը վերաբերում է այնպիսի բնակավայրերի, որոնք իրենց կենսատարածքի առումով պետք է գոյատևեն:

Կարևոր խնդիր է Սևանի հայելին որպես տնտեսական գոտի դիտարկելը: Մենք այսօր չունենք այս հնարավորությունը, բայց իմ խորին համոզմամբ, եթե կարողանանք սա դիտարկել, ապա կունենանք նաև շատ արդյունավետ կառավարման համակարգ: Որոշ փակագծեր հիմա չեմ ուզում բացել, բայց դա հնարավորություն կտա, օրինակ, մեծացնելու Սևանի մակերեսից ստացվող տնտեսական օգուտը:

Եվ, ի վերջո, այսօր ունենք չվերահսկվող` անօրինական ձկների որսի դեպքեր, ինչը ամբողջությամբ վերացնելը գրեթե անհնար է բազմաթիվ պատճառներով: Ուստի մտածում ենք անցում կատարել կառավարելի և փոքր որսի: Ես ավելի շատ կողմնակից եմ այս կոնցեպցիային: Դա նշանակում է, որ պետական համակարգը պետք է իր ամբողջ ներուժը ներդնի և ձևավորի այնպիսի համակարգ, որը, մի կողմից, թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել որսը` առանց վնաս պատճառելու սիգի, իշխանի և այլ ձկնատեսակների վերարտադրությանը Սևանա լճում, մյուս կողմից` պատժելի դարձնել ցանկացած ոտնձգություն ու անվտանգության խնդիրները բարձրացնել, որովհետև այսօր չվերահսկվող կամ անօրինական որսի պայմաններում մենք ունենում ենք նաև բազմաթիվ մարդկային կորուստներ` զոհեր: Մենք չենք կարող աչքներս փակել ու չտեսնել այս ամենը, հետևաբար այստեղ կոնցեպտուալ խնդիր կա, որ պետք է լուծենք, ու ես կարծում եմ, որ այս առումով միջազգային շատ լուրջ փորձի դիտարկման կարիք ունենք:

ankakh.com

Տպել Տպել