Ռուսաց լեզուն ՀՀ-ում պետական լեզու չի դառնա

fotorcreatedՌուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, ՀՀ պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական պոտենցիալ, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետումից զատ ունենան օտար լեզուների իմացություն. «Եվրոպական երկրներում արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի հարց»:

Նախարարն ասաց, որ տարանջատել է պետք լեզվի պետականացման և լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս երկու հարցը իրարից տարանջատեք և ՀՀ-ում նման հարց մի բարձրացրեք: Խոսքս ուղղում եմ նաև մասնագիտական շրջանակներին, որևէ օտար պաշտոնյա, որևէ պաշտոնատար անձ ՀՀ-ից դուրս կարող է ցանկացած կարծիք հայտնել, բայց մենք ունենք օրենսդրություն, և այդ օրենսդրությունը փոխելու հիմք չկա»,-ասաց նախարարը և ասաց, թե անհանգստացնող է, որ մի պաշտոնյայի ասած կարծիքը Հայաստանում քննարկման թեմա է դառնում:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ Հայաստանում պետք է լինեն լեզուների զարգացման հայեցակարգեր, ընդ որում՝ ռուսերենի զարգացման հայեցակարգն ընդունվել է 1998-ին, որի զարգացման համար երկու կարևոր դաշտ կա՝ ԵԱՏՄ-ն և ռազմական համագործակցությունը:

Ճշտող հարցին, թե հիմա ռուսերենը պետական լեզու չի՞ դառնում, նախարարն ասաց. «Մեկընդմիշտ ֆիքսեք, չի դառնում: ՀՀ-ն անկախ երկիր է, և եկեք մենք մեզնից չվախենանք և մեր ուժերին վստահենք»:

Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի կողմից իր գլխավորած գերատեսչությունում բացահայտումներին, նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում է դատախազությունը, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն: Կառավարության նիստից հետո Մկրտչյանը նշեց, որ ստուգումների արդյունքները վերաբերում են 2014 թվականին, դատախազությունն իր իրավասությունների շրջանակում որոշակի ուղղություններով ևս կոնկրետ ստուգումներ է անում:

Դիտարկմանը, որ 2014-ին նախարարությունը գլխավորում էր Հանրապետական Արմեն Աշոտյանը՝ հնարավո՞ր է նա պատասխանատվության կանչվի, Մկրտչայնն ասաց, որ իր կարծիքով հարցն իրեն չպետք է ուղղել:

«Կաշխատի դատախազությունը, կոնկրետ կքննարկենք և աշխատանքների արդյունքների մասին կտեղեկացնենք: Մենք հնարավորինս մեր լիազորությունների շրջանակում օժանդակում ենք աշխատանքներին»,- ասաց նախարարը:

Տպել Տպել