Ազգային էության մասին

Ինչպիսի՞ն է մեր շարքային հայրենակցի ստանդարտ կամ համենայնդեպս հաճախադեպ արձագանքը՝ նոր տեղեկատվության, գաղափարի, վարկածի հանդեպ: Շատ պարզ և անդրդվելի՝ «Գիտեմ»: Այդ պատասխանին առնչվում ենք բոլորս և բոլորս նույնկերպ ենք վարվում: Եվ բոլորիս դա զայրացնում է, բայց… ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն: Դիապազոնը լայն է՝ գիտեն, թե ինչպես խորոված անեն և ինչպես ինտեգրվեն Եվրոպային, ինչպես երեխաներ մեծացնեն և ինչ երաժշտություն լսեն, ինչպես կաշառք վերցնեն և ինչպես տան: Լսեք մեր քաղաքագետներին և նույնիսկ քաղաքական որոշ գործիչների, կարդացեք նրանց հոդվածները, հարցազրույցները, նրանք ռուսներից լավ գիտեն, թե որոնք են Ռուսաստանի ազգային շահերը, նրանք ամերիկացիներից լավ գիտեն, թե ինչպես պետք է ամերիկացիները լուծեն իրենց ներքին և արտաքին խնդիրները, նրանք ներողամիտ քմծիծաղով եվրոպացիներին սովորեցնում և մատնանշում են տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Հատկապես ամեն ինչ լավ գիտեն մեր մշտադալար իշխանությունների ներկայացուցիչները: Մի հարցրեք, թե որտեղի՞ց ես մոգոնեցի այս տերմինը: Նրանք «մշտական» են, որովհետև հավերժ են, անփոխելի: Իսկ «դալարը» բնապահպանության հետ ոչ մի կապ չունի, պարզապես նրանք ինչպես եղել՝ այդպես էլ մնացել են դիլետանտ:

Խորհրդարանի անխտիր բոլոր նիստերում նախագահողը քննադատությանը (կարևոր չէ՝ արդարացի, թե անարդար) պարտադիր արձագանքում է նույն մեծամիտ արտահայտությամբ. «Խնդրեմ՝ մեզ դասեր չտաք…»: Շարունակությունն արդեն ըստ իրավիճակի՝ բարոյականության, հայրենասիրության դասեր և այլն: Ինչների՞ն են պետք խրատները: Նրանք ամեն ինչ գիտեն: Նրանց դասեր տալ չի կարելի: Ակամա ուզում ես հարցնել. «Իսկ ի՞նչ տանք ձեզ: Գուցե մռութների՞դ»: Բոլոր (հայերենից բացի) լեզուներում ծեծված մի խոսք կա՝ ճշմարտությունը ծնվում է վեճից: Իսկ մեզ մոտ մի քիչ այլ կերպ է՝ վեճը ոչ թե ճշմարտություն է ծնում, այլ տհաճություն, թերահավատություն, իսկ հետո նաև՝ ատելություն: Դա զարմանալի չէ՝ բանավեճի մշակույթը, որպես հասարակական գործունեության ձև, մեր երկրում դեռ սաղմնային վիճակում է: Պատճառը պարզ է՝ բանավեճն առհասարակ հասարակական երևույթ չի համարվում, որը տալիս է որոշակի արդյունք: Այն լավագույն դեպքում ընկալվում է որպես անվնաս դատարկախոսություն, իսկ վատագույն դեպքում՝ ընդդիմախոսին ճնշելու և ստորացնելու միջոց:

Այդ պատճառով էլ մեր հասարակության բոլոր մակարդակներում կարելի է վստահաբար զանազանել վիճողների երկու տեսակ՝ դատարկախոսներ, ում հետաքրքրում է վեճի ոչ թե արդյունքը, այլ բուն գործընթացը և «բանտային» բանավեճի մասնագետներ, ովքեր կարողանում են հանճարեղ կերպով վեճի առարկան ոտից գլուխ շուռ տալ միակ նպատակով՝ «բռնացնել» ընդդիմախոսի որևէ սխալ բառը, հակասությունը, խեղդել, ծաղրել ու ստորացնել նրան: Դե, կան նաև անկառավարելի վիճողներ, ովքեր զայրույթով ժխտում են ձեր հայտնած ցանկացած դրույթ, իսկ հետո տերմինների մեջ խճճվելով, բայց շատ հանդիսավոր ոճով սկսում են ձեզ ճնշել ձեր իսկ փաստարկներով: Իսկ նրանք, ովքեր վեճի միջոցով ճշմարտությունն են փնտրում և ի վիճակի են ձեզ լսել, հասկանալ և ձեր փաստարկների ազդեցության տակ նույնիսկ փոխել իրենց տեսակետը՝ այնքան էլ շատ չեն՝ այդ տեսակի մարդիկ մեր երկրում պարզապես թանգարանային նմուշներ են: Քանի որ բոլորն ամեն ինչ գիտեն:

Մինչդեռ եթե մի քիչ ձևափոխելով վերլուծենք բոլորիս հոգնեցրած արտահայտությունը վեճի և ճշմարտության մասին՝ կարելի է եզրակացնել, որ վեճից դուրս ճշմարտությունը պարզապես չի ծնվում: Հենց դա էլ նկատվում է մեր երկրում:

Այս ամենը մեթոդիկայի հարց է՝ գիտական, կառավարման, ցանկացած: Կամ դուք հետևություն եք անում և ձեր հայեցակետը կառուցում հավաք ու համադրված փաստերի հիման վրա, կամ դա արդեն ունեք, իսկ փաստերը ձեզ պետք են միայն նրա համար, որպեսզի այդ հայեցակետը (ճիշտ կամ սխալ՝ կարևոր չէ) դրանցով՝ փաստերով ամրապնդեք: Երկրորդ դեպքում շատ քչերն են ի վիճակի զերծ մնալ փաստերն իրենց վարկածին հարմարացնելուց, դրանք կամայական ձևով մեկնաբանելուց կամ էլ ընտրաբար ներկայացնելուց: Ահա օրինակ՝ մեր իշխանություններն ունեն վարկած կամ նույնիսկ համոզմունք, որ իրենք լավ են աշխատում, արդյունավետ, որ իրենք անփոխարինելի են: Մանրակրկիտ ձևով ընտրված, հաճախ կեղծված փաստերը, որոնք կոչված են հիմնավորելու այս սխալ վարկածը, մենք ամեն օր լսում ենք մեր ղեկավարության ելույթներում և որոշ հեռուստաալիքների ռեպորտաժներում: Մյուս փաստերն ստիպված ենք քաղել տեղեկատվության այլ աղբյուրներից: Բայց նույնիսկ այդ փաստերի ակնհայտ հակասությունը չի հանգեցնում առողջ բանավեճի՝ փաստերն ապրում են իրենց կյանքով՝ չբախվելով, չհակադրվելով և ճշմարտություն չծնելով: Վեճն ի սկզբանե դատապարտված է անարդյունավետության, քանի որ չկա դատավոր, ով կկարողանար համեմատել և գնահատել փաստերը, հետևություն անել և որոշում կայացնել: Դատավոր պետք է դառնար հասարակությունը, բայց չի դարձել: Իսկ որոշումները սովորաբար ընդունվում են ընտրությունների շրջանում, բայց եթե դատավորը կաշառք է վերցնում, ապա նման ընտրությունների (ինչպեսև դատավորի) տխուր ճակատագիրը կանխորոշված է:

Կամ ասենք՝ հիմա շատ նորաձև է դարձել ազգային արժեքների, ազգի էության, առաքելության և ուրիշ դժվարամատչելի հասկացությունների մասին բանավիճելը: Անկեղծորեն ասած՝ չէի ցանկանա այդ վեճերը (երբեմն խելացի, հաճախ՝ ոչ այնքան) շարադրել «Հայաստանի զրուցակցի» էջերում: Բայց տագնապով եմ նկատում, որ այդ վեճերում ավելի ու ավելի հաճախ և բարձր են հնչում խորամանկ հայեցակարգի ածանցյալ գաղափարները, այսինքն, որ այն, ինչ ունենք՝ մեր ազգային խոր էության, մեր արժեքների, ավելին՝ Երկրագնդի վրա հայ ժողովրդի առաքելության արդյունքն է: Ես այս հայեցակարգն անվանում եմ խորամանկ, քանի որ ինչպես ցանկացած հաջողված սուտ, այն հիմնականում բաղկացած է ճշմարտության, ստի ու կիսաճշմարտության խորամանկ միահյուսվածքից: Մանրամասնել չեմ ուզում, բայց այդ հայեցակարգի ընդհանուր բովանդակությունը հետևյալն է՝ հայերն անհատներից կազմված ժողովուրդ են, այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեն ենթարկվում կարգուկանոնի, չեն դառնում պետական ազգ, այդ պատճառով էլ ոչ մի կերպ չի ստացվում վերանայել նրանց արժեքների «նախնական» համակարգը, այդ պատճառով էլ ոչ մի կերպ չի հաջողվում նրանց գլխավոր արժեքը դարձնել մի բան, որը դուրս է նրանց անձից՝ ասենք հայրենիքը, պետականությունը, ժողովրդավարութունը, ազատությունը, մարդու իրավունքները: Հայերի համար շարունակում է գլխավոր նպատակ մնալ ընտանիքը, այդ պատճառով էլ հանուն ընտանեկան բարեկեցության՝ նրանք զանգվածաբար լքում են իրենց երկիրը: Ոմանք նույնիսկ հասնում են այն եզակացությանը, որ այդ արտագաղթի հիմքում ժառանգական հակումն է, այդ պատճառով էլ այն ոչ միայն անխուսափելի է, այլև նույնիսկ դրական տարր ունի, քանի որ հայերին ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Հետևություն՝ արտագաղթն այնքան սարսափելի չէ, որքան այն նկարագրում են ընդդիմադիրները:

Մի կողմ թողնենք ինքնըստինքյան ենթադրվող բանական պատասխանը՝ լինել ճանաչված՝ դեռ չի նշանակում լինել հարգված: Կարևորն այն չէ, որ ձեզ պարզապես ճանաչեն, կարևորն այն է, թե ինչպես ձեզ ճանաչեն: Վստահեցնում եմ ձեզ, որ աշխարհում շատ քչերն են մեր ազգային բնավորության մասին դատում Ներսես Շնորհալու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններով: Ավելի շատ արտասահմանցիները մեր մասին դատում են ըստ այն պաշտոնյաների և պատգամավորների, ովքեր խանութներից կոստյումներ և փողկապներ են գողանում, ըստ գլենդեյլյան բենզալցակայանների դիմաց անթրաշ պպզածների, զանազան պատվիրակությունների անդամների, ովքեր ոչ մի լեզվի չեն տիրապետում, բայց հանդիսավոր կերպով մասնակցում են արտասահմանյան գիտաժողովներին և նիստերից ճողոպրում, որպեսզի շոփինգի գնան, ըստ սանձարձակ տղաների, ովքեր արևածաղկի սերմ են չրթում Մոսկվայի մետրոյում և այլն: Հայ լինելը բոլորին դուր է գալիս, երբ խոսքը Արամ Խաչատրյանի, Վարդգես Սուրենյանցի կամ մեր շախմատի ազգային հավաքականի մասին է: Իսկ ինչո՞ւ չեք հիշում ձեր այն համաքաղաքացիներին, այդ թվում բարձրաստիճան, ովքեր հազիվ թե կարողանան ֆեյս քոնթրոլ անցնել որևէ վայելուչ ռեստորանում և որոնց հետ ազգային կապ ունենալու մտքից արդեն որոշակի անհարմարություն եք զգում հատկապես արտասահմանում: Ես կնախընտրեի, որ նրանց ներկայությամբ ինձ պարզապես չճանաչեին:

Այնպես որ ճանաչված լինելը երկսայրի թրի է նման:

Եվ առհասարակ՝ ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բոլորին ազգային՝ իբր ընդհանուր բնավորության կարծրատիպով դատել:
Իսկ գուցե ավելի խորությա՞մբ վերլուծենք, բարեկամներ: Կվերլուծենք: Հաջորդ համարում:

Վ. Մարինոսյան
«Հայաստանի Զրուցակից»

Տպել Տպել