Բնապահպանության նախարարությունում ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով հաստիքները կկրճատվեն 20 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե օպտիմալացման հետևանքով նախարարությունում քանի հաստիք կարող է կրճատվել:
«Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու կենտրոնական ապարատում:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչություններին, այլ նաև գործակալություններին: Նախնական հաշվարկով շուրջ 22 տոկոս կրճատման ծրագիր է ներկայացվել»,- տեղեկացրեց նախարարը:
Բացի այդ, նախարարությունը 4 ՊՈԱԿ-ների միավորման նախագիծ ունի, դրանք մոնիտորինգ իրականացնող և թափոնների գործընթացում ուսումնասիրություն իրականացնող ու տեղեկատվական ՊՈԱԿ-ների միավորումն է, ինչի արդյունքում շուրջ 20 տոկոս հաստիքների կրճատում է իրականացվելու:
Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում անդրադառնալու են բնապահպանական պետական տեսչության ռեֆորմին, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի առավել օպտիմալ համակարգ ձևավորելու նախաձեռնությանը:
yerkirmedia.am
Ամուլսարի հանքավայրի ծրագրով Ջերմուկն ու նրա բնակիչներն ապահովագրվելու են
Ամուլսարի հանքավայրի ծրագրով ներդրվելու է բնապահպանական ապահովագրության համակարգ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ծրագրի շուրջ առկա բողոքներին: «Երբ նախարարից պահանջում են փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, դրա համար օրենքը նախատեսում է հիմքեր: Ես խնդրել եմ՝ տվեք հիմքերը: Քանի դեռ չկան հիմքերը, որևէ նման թեմա քննարկել նշանակում է վտանգել ցանկացած ծրագիր: Այս ծրագրի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն ու քննադատություն, ես խնդրել եմ, որ զուգահեռ ուղեկցվի այլընտրանքային ծրագրով, այդ թվում՝ նկատի առնելով բնապահպանության բոլոր խնդիրները: Գտնում եմ, որ ցանկացած բնապահպանական հետևանք պետք է ապահովագրված լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ հավելելով, որ այդպիսի համակարգ Ամուլսարի պարագայում տեղեկացվել է, որ առկա է: Մինասյանը նշեց, որ խնդրել ծրագիրն իրականացնողներին, որպեսզի ապահովագրման ամբողջական համակարգը մանրամասն հրապարակվի, այդ թվում՝ նաև հասարակական կազմակերպությունների ու լրագրողների մասնակցությամբ: Ըստ Մինասյանի, հանքավայրը շահագործողները ցանկացած ռիսկ ու հետևանք ապահովագրելու են:
«Ապահովագրվելու է երրորդ անձանց պատճառված ցանկացած վնաս: Երրորդ անձ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, պետությունը: Ջերմուկը՝ որպես համայնք ապահովագրվում է, Ջերմուկի բնակիչները՝ որպես քաղաքացիներ, նրանց պատճառված վնասը ապահովագրվում է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե մյուս հանքավայրերի մասով գործո՞ւմ է ապահովագրություն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հատուկ ուշադրության տակ չի վերցրել մյուս հանքերը, բայց որպես բնապահպանության մեջ նոր մոտեցում՝ իրենք առաջ են քաշել բնապահպանական ռիսկերի ամբողջական ապահովագրման՝ օրենքով երաշխավորման համակարգի ներդրումը:
armenpress.am








