3,860,000 դոլար Հայ Դատի աշխատանքների համար

Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին:

Պատվո սեղանի շուրջ էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին վեհափառը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Վատիկանի Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն ու Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանն ու պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիս. Հովհաննիսյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

Ողջունելով ներկաներին եւ Հայ Դատի աշխատանքների համար հանգանակության մասնակցած բոլոր բարերաներին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձավ Հայ Դատի հանձնախմբերի գործունեությանն ու նրանց վարած աշխատանքի քաղաքական ու ռազմավարական կարեւորությանը։ «Հայ Դատի պայքարը անցյալի համար չէ։ Հայաստանի Հանրապետության, այսօրվա Հայաստանի անվտանգության պայքար է», շեշտեց նա։

unnamed

Բանախոսը հատուկ կարեւորեց հանգամանքը, որ Հայ Դատի համար աշխատանքները հիմնված են տեսլականի վրա՝ հանուն Հայաստանի եւ հայության։ «Եթե մենք դադարենք նպատակ ունեցող ազգ լինել, մենք կոչնչանանք, կկորչի մեր էությունը։ Պայքարն է, որ հայության զարգացման պայմանն է հանդիսանում», շեշտեց Հրանտ Մարգարյանն ու մանրամասնեց, որ հանուն Հայ Դատի պայքարը կուսակցական հարց չէ։ Նա ցավով արձանագրեց, որ այս բնագավառում աշխատող շատ քիչ թվով կազմակերպություններ կան, այդ իսկ պատճառով՝ ճակատագրով այդ գործը վիճակված է ՀՅ Դաշնակցությանը։ Եթե շատերը լինեին այդ պայքարում, ապա կլիներ առողջ մրցակցություն, ու արդյունքներն էլ ավելին կլինեին։ Թեեւ Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների մղած պայքարն ունի հսկայական արդյունքներ անգամ հիմա, շեշտեց Հրանտ Մարգարյանն ու հիշեցրեց վերջին թարմ օրինակը, երբ Ադրբեջանը բողոքում է այն փաստի դեմ, որ Ֆրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարարը նրանց սեւ ցուցակում է հայտնվել, քանի որ ՀՅԴ Հայ Դատի նախաձեռնությամբ այցելել է Արցախ։ Դրամահավաքով առավել հզորացած Հայ Դատի հանձնախմբերը շատ ավելի քաղաքական գործիչների կարող են բերել Արցախ, շատ ավելի գործ կարող են անել, ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ողջույնի իր խոսքում հիշեցրեց դեռ 10 տարի առաջ, նույն Փարիզում Pro Armenia խորագրով կայացած համաժողովը, երբ դեռ դեսպան էր Ֆրանսիայում։ Դրանից անցել են երկար տարիներ, արձանագրվել են բազում ձեռքբերումներ։ «Ոչ բոլոր ժողովուրդներն ունեն իրենց անունով դատ, երազում ենք գա մի օր, որ այս դատը լուծվի» շեշտեց նա։ Նա հաջողություն ցանկացավ Հայ Դատի աշխատանքներին ու մաղթեց, որ ձեռքբերումները ուղեկցեն այս դատի սպասավորներին։

Պայքարի անհրաժեշտությանն ու կամավորությանն անդրադարձավ նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ «Եթե չլիներ նվիրումը, հանձնառությունը, արդյունքն էլ չէր լինի։ Մենք հարուստ չենք, բայց նվիրումով, փոքր գումարով հսկա գործ է կատարվում։ Մենք պետք է կարողանանք միախմբվել» արձանագրեց Վեհափառը։ Նա խոսեց հայության իրավունքների պաշտպանության Դատի հետապնդման մասին, հիշեցնելով, որ օրերս Սիսի կաթողիկոսանիստի վերադարձի պահանջով դիմել են Եվրոդատարան։

Վեհափառը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հատուկ կարեւորեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի հաշվետվողականությունը։ Այն գումարները, որ հանգանակվում են, հետո նաեւ դրանց վերաբերյալ մանրամասն հաշվետվություն է ներկայացվում։ Դրա համար էլ այն վստահելի է ու արժանանում է աջակցության։

Հաշվետվությունը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր Խաչատուրյանը, յատուկ պատրաստված ցուցասալիկներով։ Նա ներկայացրեց հանձնախմբերի եւ գրասենյակների կատարած գործը, ապա մանրակրկիտ թվական հաշվետվություն ներկայացրեց հանրությանը։ Հավաքի ընթացքում ցուցադրվեց Հայ Դատի հանձնախմբերի անցած մի քանի տարվա ուղին ներկայացնող տեսանյութ։

unnamed

Ողջ հավաքի ընթացքում օրվա հանդիսավար Ստեփան Տեր-Պետրոսյանը պարբերաբար հայտարարում էր այն նվիրատվությունների մասին, որոնք կատարվում էին դահլիճում, ու մինչ այդ արդեն կատարվել էին անցնող շաբաթների ընթացքում։ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հայաստանում (Կենտրոնական գրասենյակ) եւ միջազգային կազմակերպություններում Հայ Դատի աշխատանքների համար, հազար դոլարից ու եվրոյից մինչեւ մի քանի տասնյակ հազարանոց նվիրատվություններ, որ կատարվում էին Եվրոպայի, Մերձավոր ու միջին Արեւելքի երկրներից, Ռուսաստանից ու հատկապես՝ Հայաստանից։ Ավարտին արդեն հրապարակվեցին նաեւ մի քանի խոշորածավալ նվիրատվությունների մասին տվյալներ։ 250 հազարական դոլարի նվիրատվություններ էին կատարել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել եւ Կարեն Կարապետյանները, 150 հազար՝ Սամվել Ալեքսանյանը, 100 հազարական դոլարի՝ Միքայել Վարդանյանը, Կարեն Վարդանյանը, «Փյունիկ» հիմնադրամը, Մայքըլ Սարյանը։ Արդյունքում հրապարակվեց վերջնական հանգանակված թիվը՝ 3 միլիոն 860 հազար դոլար, որը կարող է նաեւ ավելանալ առաջիկա օրերին։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ավարտին գոհունակություն հայտնեց դրամահավաքի արդյունքների համար, շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին, եւ վստահեցրեց, որ այն ծառայելու է մեր ժողովրդի իրավունքների, Հայասատանի հանրապետության ու Արցախի հանրապետության անվտանգության մեծացման եւ ամրապնդման գործին։
Ճաշկերույթն ավարտվեց ուշ գիշերին։ Իսկ ահա վաղ առավոտյան Հայ Դատի տարածաշրջանային հանձնախմբերի պատասխանատուներն ու ՀՅԴ Բյուրոյի հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամները գործնական աշխատանքի մեջ էին։

Օգտվելով հանգամանքից, որ այդ օրերին Փարիզում կայացել էր Եվրոպայի տարածքի Հայաստանի դեսպանների հավաքը, նրանք ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի եւ եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հետ, մոտ չորս ժամանոց խորհրդակցությունում քննարկեցին բազում հարցեր (լրատվությունն՝ առանձին)։ Քննարկումների վերաբերյալ փակագծերը չբացվեցին, բայց մասնակիցները վստահեցնում էին՝ համատեղ աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ Հայ Դատի դրամահավաքին

Տպել Տպել