Նրան փոխարինել շատ դժվար է լինելու

Այսօր լրանում է դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան 2 տարին:

Երևանի քաղաքային պանթեոն, ուր ամփոփված է Վահան Հովհաննիսյանի աճյունը, նրա հիշատակը հարգելու էին եկել ՀՅԴ ԳՄ-ի և Բյուրոյի անդամներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Վահան Հովհաննիսյան գործչի, նրա թողած ավանդի մասին, նշեց, որ և’ սովորական կյանքը, և’ քաղաքական դաշտը ամայացավ Վահանի Հովհաննիսյանի կորստով:

vahan

«Վահան Հովհաննիսյանը կարողանում էր հավասարակշռել մեր ապրելակերպի հիմնական իրավիճակները: Բոլորս շատ տխրեցինք, որովհետև Վահանը ոչ միայն հանդես էր գալիս որպես կուսակցության անդամ, այլև որպես բարձրադիր հայ, մտերիմ մարդ, ով իր ամբողջ կյանքը երազում էր այն Հայաստանը, որը բոլորս ենք երազում: Այս պայմաններում, երբ Հայաստանում քաղաքական դաշտը գնալով ավելի առաջ է գնում, Վահանի դերակատարումը շատ մեծ պետք է լիներ: Մենք ցավում ենք Վահանի համար: Մենք և ապագա սերունդները շատ բան ունենք սովորելու Վահան Հովհաննիսյանից»,- ասաց ԱԺ նախագահը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ Վահան Հովհաննիսյանի բացը դժվար թե լրացվի: «Ամեն մի անհատ մի աշխարհ է: Վահանն այնքան հարուստ կերպար էր Դաշնակցության մեջ… Եվ, ընդհանրապես, բոլոր նրան ճանաչողներն են այդ կորուստը զգում: Նա նման էր այն բոլոր դաշնակցական անձանց, ովքեր իրենց կյանքով կարողացել էին մեկ անձի մեջ մարմնավորել թե’ մեծ մտավորականի բարձր հատկանիշները, թե’ զինվորի և թե’ մեր ընդհանուր գործի մշակի»,- ասաց նա` հավելելով` Վահան Հովհաննիսյանը բոլոր ասպարեզներում մեծ հետք է թողել, և նրան փոխարինել շատ դժվար է լինելու:

Այնուհետև Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ այն ճանապարհը, որ նրանից առաջ է գծվել և Վահանով շարունակվել, շարունակողներ շատ կլինեն:

Ընկերոջ շիրմին խնկարկումից հետո ներկաները ականատես եղան երդման արարողության: Դաշնակցության շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով: Նորագիր դաշնակցականների երդման օրը խորհրդանշական էր: Նրանք երդվեցին հավատարիմ մնալ ՀՅԴ կանոնադրությանը եւ եթե հարկ լինի, կյանքի գնով պայքարել հայ ժողովրդի ազատության համար հենց այն օրը, երբ տարիներ առաջ ապօրինաբար կասեցվել էր հայոց նորագույն պատմության մեջ իր տեղը զբաղեցրած կուսակցության գործունեությունը:

Տպել Տպել