Երբ առաջին նախագահը դառնում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ՀԱԿ համագումարում ունեցած իր ելույթի հանրային արձագանքների վերաբերյալ պարզաբանումներով: Ինչպես և սպասվում էր, ԼՂ կարգավորման իր տեսլականի մերժումը, առարկությունները, քննադատությունները նա իրեն բնորոշ ոճով և միակ ճշմարիտը լինելու մտասևեռմամբ որակում է «զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից և հիստերիկ», ընդ որում՝ առանց հիմնավորման փաստարկումների վրա կառուցված արձագանքները պարզապես զգացմունքային, մակերեսային մեկնաբանություններից տարբերակելու: Առաջին հայացքից ուղղակի անհավատալի է թվում, որ այլակարծության նկատմամբ այսպիսի անհանդուրժողականություն և նսեմացնող արհամարհանք դրսևորող անձը 8 տարի եղել է երկրի առաջին նախագահը: Բայց զարմանալու ոչինչ չկա, հակառակը` շատ սիմվոլիկ է, որ վերաինքնամերկացնող այս «պարզաբանումներով» Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս դեկտեմբերի 28-ին. 22 տարի առաջ հենց այս օրը նա շինծու մեղադրանքներով դադարեցրեց ՀՅԴ-ի գործուենությունը՝ դրանից բխող հետևանքներով: Բայց սա թողնենք մի կողմ:

Ինչ է, ըստ էության, որոշել «պարզաբանել» Տեր-Պետրոսյանը:

fotorcreated

1. Նա պնդում է, թե իր համար «անակնկալ» է եղել իր նախորդ ելույթի դրական արձագանքների առատությունը: Մնում է զարմանալ, թե որտե՞ղ է նա նման առատություն տեսել: Բացի իր անձի պաշտամունքով տարված ՀԱԿ-ի ակտիվից, որևէ շրջանակ այդ ելույթին դրական չի արձագանքել: Եթե սա է անակնկալ եղել նրա համար, նշանակում է` անգամ սեփական թիմից դրական արձագանքի ակնկալիք չի ունեցել: Նման անկեղծությունը, իհարկե, ողջունելի է:

2. Տեր-Պետրոսյանը պնդում է, թե իրականում դեկտեմբերի 17-ին ոչ թե ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է տվյալ պահին բանակցությունների սեղանին դրված եւ Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման կոնկրետ ծրագրի մասին, որի հետ ինքն ու ՀԱԿ-ը որեւէ կապ չունեն։ Նախ՝ այնքանով, որքանով կարգավորման այդ կոնկրետ ծրագրի հիմքերը դրվել են դեռ 1996-97թթ.` հենց իր անմիջական մասնակցությամբ ընթացած բանակցությունների արդյունքում, անձամբ Տեր-Պետրոսյանն ունի ուղղակի քաղաքական կապ: Իսկ բարոյական առումով նա այդ ծրագրի համար պատասսխանատու է, որովհետև շարունակում է պնդել դրա ընդունման անհրաժեշտությունը, ընդ որում` դա ներկայացնելով որպես լինել-չլինելուն հավասար հարց:

Երկրորդ՝ որևէ մեկը չի վիճարկել, որ բանակցությունների սեղանին փուլային կարգավորման տարբերակն է: Այդ փաստը վերջին տարվա ընթացքում առնվազն երեք անգամ խոստովանել է նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց հարցն այն է՝ արդյո՞ք սեղանին գտնվող այդ ծրագրի շուրջ հիմա առարկայական բանակցություններ ընթանում են: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին՝ Համբուրգում արված ընդգծված հակաադրբեջանական հայտարարությունից պարզ է դառնում, որ իրականում հայկական կողմը բուն կարգավորման կամ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններ չի վարում, ինչի համար էլ համանախագահները կոչ էին անում, շփման գծում հրադադարի ռեժիմն ամրապնդող մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնությունների ձեռք բերմանը զուգահեռ, սկսել բանակցությունները նաև կարգավորման շուրջ: Եթե բանակցություններ լինեին, այսինքն` լիներ գործընթաց, ապա նման շեշտադրում անելու կարիք չէր լինի: Իսկ եթե բանակցություններ չկան, ապա այդ հիմքով կարգավորում էլ լինել չի կարող: Եվ առնվազն տարօրինակ է, որ հենց այն իրավիճակում, երբ միջազգային հանրությունը հիմա Ադրբեջանի մաքսիմալիզմի ու պարտավորությունները չկատարելու պատճառով փաստացի հայկական կողմի՝ բանակցություններից հրաժարվելն արդարացնելու կեցվածք է ընդունել, Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս տարածքները անհապաղ հանձնելու և ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու խուճապահարույց հայտարարություններով: Ո՞րն է նպատակը, օժանդակե՞լ բանակցություններին: Եթե` այո, ապա դա օժանդակություն է բացառապես Ադրբեջանին, որի նպատակը, հիմա ԼՂ կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ սկսելով, Վիեննայի գագաթաժողովում իր վրա դրված պարտավորությունները վիժեցնելն է: Իսկ դրանք այնպիսի պարտավորություններ են, որոնց կատարումը օրակարգից հանում է պատերազմի հեռանկարը, դրանով իսկ` այն պատճառը, որի հիման վրա Տեր-Պետրոսյանը կառուցում է իր «խաղաղության կոնցեպցիան»: Որովհետև օրակարգից պատերազմի հեռանկարի հանումը նշանակում է, որ Ադրբեջանը ստիպված է լինելու հրաժարվել իր ներկայիս մաքսիմալիստական, նվաճողական քաղաքականությունից: Եվ ստացվում է, որ, պատերազմի ուրվականը սեփական երկրի հասարակությանը շանտաժի ենթակելու միջոց դարձնելով՝ Տեր-Պետրոսյանն ամրապնդում է իր կողմից ռացիոնալ պետական գործիչ հռչակված Իլհամ Ալիևի բանակցային դիրքերը:

3. Ի դեպ առաջին նախագահը նաև փաստացի անգրագետ է համարում բոլոր նրանց, ովքեր, իբր, չեն հասկացել, թե ինչ նկատի ունի ինքը՝ Իլհամ Ալիևին ռացիոնալ պետական գործիչ համարելով: Ռացիոնալիզմ ասելով՝ նա նկատի ունի այն, որ, իր կարծիքով, չնայած պատերազմական հռետորաբանությանը, Ալիևն ունակ է «խաղաղությանը հասնելու համար համաչափ քայլ կատարել և իր ժողովրդին տանել անհրաժեշտ ուղղությամբ»: Այդ «ռացիոնալ» մտածող պետական գործիչն առայժմ իր ժողովրդին պարգևատրում է հայերին կացնահարելու, գերի ընկած հայ զինվորներին տանջամահ անելու և նրանց մարմիններն անարգելու համար՝ մի ողջ ազգի թունավորելով ամենակատաղի ռասիզմով: Այդ ռացիոնալ գործիչը ժողովրդին ներշնչում ու կրթում է երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը և Երևանը գրավելու իդեալներով: Եթե սա ռացիոնալիզմ է և սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստելու եղանակ, ապա Տեր-Պետրոսյանն ինքն է իռացիոնալ դաշտում: Մանավանդ, որ ռացիոնալիզմի մասին դատողություններ է անում` ընդամենը Ալիև հոր նկատմամբ ունեցած պատկառանքից ելնելով և Ալիև կրտսերի պարագայում ռացիոնալիզմի դրսևորման որևէ փաստ չվկայակոչելով:

Եթե Տեր-Պետրոսյանն ինքն իռացիոնալ չէ, ապա ինչո՞ւ է համառորեն խուսափում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ էր Ալիևը 2011թ. Կազանում հրաժարվում ստորագրել «Մադրիդյան» այն փաստաթուղթը, որը կարծես վերջնականապես համաձայնեցված էր, և որը, ինչպես հետագայում պարզվեց, ընդունելի էր համարել նաև Երևանը: Եթե մերժողը եղել է Բաքուն, էլ ի՞նչ նոր բան է ուզում նրան զիջել Տեր-Պետրոսյանը՝ հանուն խաղաղության: Գուցե եթե Ադրբեջանը ցանկանա նաև Զանգեզուրը, Տեր-Պետրոսյանը «զիջում ես մասը, կարողանում ես պահել մյուս մասը» իր կոնցեպցիայի սահմաններում դա՞ էլ է պատրաստ զիջել՝ հանուն խաղաղության և հանուն Երևանի մասը պահելու համար:

4. Տեր-Պետրոսյանը նաև պնդում է, թե այդ փուլային կարգավորման համար պատասխանատվություն է կրում իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի և Դաշնակցության: Ակնհայտորեն երևում է, որ Դաշնակցության ուրվականը մինչև հիմա նրան հանգիստ չի տալիս: Այստեղ ավելի էական է այն, թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը կամավոր ստանձնել այդ իշխանության մամուլի քարտուղարի պարտականությունները: Իշխանությունը նրան պատվիրակե՞լ է իր անունից հանդես գալու գործառույթ: Եթե` այո, ապա այստեղ պարզաբանելու բան ոչ թե նա ունի, այլ նախագահականը կամ էլ ՀՀԿ-ի գրասենյակը՝ շարունակ լռություն պահպանելու փոխարեն: Եթե չի պատվիրակել, ապա ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն այսքան շտապում:

Նա հայտարարում է, թե հիմա է խաղաղության դեսպանի առաքելություն ստանձնելու պահ ընտրել, որպեսզի «Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի»։ Ի՞նչ է ուզում սրանով ասել Տեր-Պետրոսյանը. որ ամեն ինչ արդեն վճռվա՞ծ է, որ Ալիևն ու Սարգսյանն արդեն հողերը հանձնելու և ԼՂ միջանկյալ կարգավիճակի շուրջ վերջնական համաձայնությա՞ն են եկել ու մնում է միայն ջարդել հասարակության դիմադրոթյունը: Սա մանիպուլյացի՞ա է, թե՞ սադրանք: Որովհետև տպավորություն է, թե նա, համառորեն ԼՂ հարցում զիջումների օրակարգ պարտադրելով, սլաքները միտումնավոր ինքն իր դեմ է ուղղում, որպեսզի Սերժ Սարգսյանը զիջումների գնալու հարցում գործողությունների ազատություն ունենա: Սա ևս պարզաբանման կարիք ունի, որովհետև նման բանի շուրջ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն որևէ պայմանավորվածություն, կարծես, չունեն: Նրանց համատեղ ստորագրած հուշագրում ԼՂ հարցով ընդամենը մեկ, բայց խորքային ձևակերպում է տրված. «Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը»: Ոչ ավելի, ոչ պակաս…

Գևորգ Դարբինյան

yerkir.am

Տպել Տպել