Աշխատանքներ են տարվել ԼՂՀ ճանաչման ուղղությամբ

Հարցազրույց ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ

– Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կբնութագրեիք 2016 թվականը:

– 2016 թվականը բավականին ծանր էր ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլև Արցախի և, ընդհանրապես, ողջ հայության համար: Տարվա սկբզից ի հայտ եկան այն մարտահրավերները, որոնք մեզ կանգնեցրին դժվար կացության առջև: Դեռևս 2015-ի դեկտեմբերին՝ 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Դաշնակցության կողմից արված հայտարարության մեջ ահազանգ էր հնչեցվում, որ մենք կանգնած ենք օրեցօր ահագնացող ադրբեջանական ագրեսիայի վտանգի առջև, որից ելնելով՝ առաջարկեցինք, որ բյուջեի սոցիալական ուղղվածությունը վերափոխվի և այն ուղղվի անվտանգության բնագավառին: Ապրիլին սկսված ռազմական գործողությունները ստիպեցին վերանայելու մեր ներքին կյանքը, մեր քաղաքականությունը թե՛ տնտեսական, թե՛ քարոզչական և թե՛ պաշտպանության, անվտանգության բնագավառներում: Բնականաբար, առաջնայինը մեր ժողովրդի անվտանգության համակարգի ամրապնդումն էր և, որպես համահայկական դաշտում գործող կուսակցություն, ՀՅԴ Արցախի կառույցը դարձավ այն կարևոր օղակներից մեկը, որի միջոցով համակարգվեցին մի շարք խնդիրներ Սփյուռքի համայնքների հետ:

– ՀՅԴ Արցախի կառույցն ի՞նչ հարաբերություններ է ունեցել արտասահմանի իր կուսակցական գործընկերների հետ:

– Առիթ ենք ունեցել տարբեր միջոցառումների, տարբեր ձեռնարկների պատրվակի տակ լինելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Մեր կառույցի մի շարք պաշտոնյաներ եղել են Ամերիկայում, Եվրոպայում, Միջին Արևելքի երկրներում, Ավստրալիայում, մասնակցել ՀՅԴ 125-ամյակին և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարություններին, այդ այցելությունների ընթացքում հանդիպել նաև ՀՅԴ կառույցից դուրս գործող այլ քաղաքական ուժերի, այլ պատգամավորական մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացվել է Ղարաբաղյան հիմնահարցի մանրամասները, այն մարտահրավերները, որ կանգնել է հայ հանրության առջև, այն կարևոր ուղղությունները, որ նախանշվել են որպես գերակա: Որոշակի աշխատանքներ են տարվել Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացներում:

– 2016 թվականը Արցախի և Հայաստանի համար հոբելյանական տարի էր. տոնվեց 2 հայկական հանրապետությունների անկախության 25-ամյակը: Արդյո՞ք բավարար եք համարում տոնական միջոցառումների մակարդակը:

davit

– Հոբելյանական միջոցառումների համար ստեղծված պետական հանձնաժողովը նախատեսում էր մեծ շուքով ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Ռուսաստանում տոնելու անկախության 25-ամյակը, սակայն ապրիլյան իրադարձություններն ստիպեցին այլ կեցվածք ընդունելու, որոշակի սահմանափակումներ մտցնելու միջոցառումների ցանկում: Այնուամենայնիվ, խորհրդանշական է, որ Արցախի անկախության 25-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց Հալեպում, որտեղ հրավիրված էի պաշտոնական խոսք փոխանցելու: Այցի ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում առիթ ունեցա անդրադառնալու ոչ միայն Արցախի ժողովրդի անցած 25 տարվա ուղուն, այլև մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր համատեղ ջանքերի և մեր միասնականության դրսևորման անհրաժեշտությունը: Ճակատագրորեն նույն իրավիճակում հայտնված հայ ժողովրդի 2 հատվածների մարտահրավերները 2016 թվականին նույնն էին՝ մի տարբերությամբ միայն, որ մեկը հայրենիքում է, մյուսը՝ հայրենիքից դուրս:

– Որպես ԼՂՀ ԱԺ-ում «Դաշնակցության» խմբակցության ղեկավար, ինչպե՞ս կգնահատիեք խմբակցության գործունեությունը:

– 2016 թվականին Արցախի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունը, հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրերին, իր աշխատանքները կենտրոնացրեց ոչ միայն օրենսդիր դաշտի կատարելագործմանը, այլև ընտրողների առջև բաց ճակատով ներկայացավ՝ հաշվետվություններ ներկայացնելով կատարված աշխատանքների վերաբերյալ, անմիջական կապ հաստատելով՝ ի հայտ բերելու հանրության առջև ծառացած այն խնդիրները, որոնք կարոտ էին լուծման և որոնք ոչ միայն անհատական, այլև համապետական նշանակության խնդիրներ են: Այդ իսկ առումով՝ լինելով տարբեր շրջաններում, մենք հանդիսացանք այն կարևոր օղակը, որն ապահովում է իշխանություն-ժողովուրդ կապը, և մեր միջամտությամբ հնարավորինս տրվեցին լուծումներ:

«Դաշնակցություն» խմբակցությունը հանդես եկավ նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես՝ Ազգային ժողովի կողմից քննարկման դրվեց և հավանության արժանացավ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման մասին օրինագիծը:

Տարեվերջին մենք ակտիվորեն ներգրավված ենք 2017 թվականի բյուջեի քննարկումներին:

«Դաշնակցություն» խմբակցությունը միշտ էլ կարևորել է բյուջեի ուղղվածությունը և նրա ռազմավարական ուղղությունները:

2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները տարբեր ձևաչափերով մեզ հնարավորություն են տվել խորապես ընկալելու և նաև որոշակիորեն ազդելու իրատեսական բյուջե ունենալու համար:

Գնահատելի է, որ գործադիրը ներկա տնտեսական ու ֆինանսական սուղ պայմաններում տրամադիր է հեռանկարային նոր ծրագրեր կյանքի կոչելուն, որում տեղ են գտել նաև Դաշնակցության մի շարք առաջարկներ: Հատկապես շեշտելի է անվտանգության համակարգի ուժեղացմանն ուղղված հատկացումների միտումները:

2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ ԼՂՀ կառավարությունը ստիպված էր այն հարմարեցնել 2016 թ. ապրիլյան դեպքերից հետո ստեղծված իրավիճակին, ինչը բնական էր: Տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը և աշխարհաքաղաքական զարգացումները չեն բացառում իրավիճակի սրացումներ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտներում: Դրանից ելնելով՝ Դաշնակցություն խմբակցությունն առաջարկել է գործադիրին՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում մշակել և ԱԺ-ին ներկայացնել ճգնաժամային բյուջեի նախագիծ՝ հավանական զարգացումները առավելագույնս հեզասահ հաղթահարելու համար:

– Նախատեսվում է, որ հաջորդ տարվա սկզբին հանրաքվե անցկացվի ԼՂՀ Սահմանադրության բարեփոխումների և նոր Սահմանադրության համար: Ի՞նչ դիրքորոշում է ընդունել Դաշնակցությունն այդ ուղղությամբ:

– 2016թվականը նշանավորվեց նաև Սահմանադրական բարեփոխումների քաղաքական լուրջ գործընթացով: Դեռևս փետրվարին մեկնարկած քննարկումների փուլը, որն իր մեջ ներառում է խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը, ի հայտ բերեց քաղաքական ուժերի բևեռվածությունը գործող կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ: Սակայն քննարկումների ընթացում, մանավանդ՝ պայմանավորված ապրիլյան իրադարձություններով, քաղաքական վեկտորը փոխվեց և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացվեց կենտրոնացված նախագահական համակարգ ունենալու հայեցակարգը: ՀՅԴ Արցախի կառույցն իր անհանգստությունն արտահայտեց այդ հայեցակարգի վերաբերյալ: Սահմանադրության նախագիծը հրապարակվեց նոյեմբերի 8-ին, Դաշնակցությունը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ և քաղաքական որոշակի պահանջներով: Բարեփոխումների նախագիծն արդեն ներկայացվել է ԱԺ, և 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին այն կդրվի համաժողովրդական քվեարկության: Մենք բարձրաձայնում էինք, որ Արցախի պարագայում մեզ համար ընդունելի է, որ խորհրդարանական կառավարման որոշ դրույթներ ներգրավվեն վերջնական տարբերակի մեջ: Մենք 4 տասնյակից ավելի առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք տեղ չեն գտել ԱԺ-ում Սահմանադրության նախագծի մեջ: Ակնկալում ենք, որ Սահմանադրության շուրջ քննարկումները կարդյունավորվեն և Արցախում գործող քաղաքական ուժերը կկարողանան առաջնորդվել միասնական մոտեցումներով, որոնք պետք է ամրապնդեն երկրի զարգացման արդյունավետ ուղին և անվտանգությունը:

– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ զարգացումներ ունեցավ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացն անցնող տարում:

-2016 թվականին Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների կողմից հնչեցին՝ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի հողային զիջումների միջոցով հասնել վերջնական տարբերակին, որին, որպես պատասխան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում տվեց «Մադրիդյան», ապա նաև «Կազանյան» փաստաթղթերին միանալու «պատրաստակամությունը», որում հնչեց այն տեսակետը, որ ղարաբաղցիներն են որոշելու Ղարաբաղի հետագա ճակատագիրը և ուրիշ ոչ-ոք իրավասու չէ այդ հարցում:

Հրապարակվեց նաև IPSC սոցիոլոգիական ընկերության կողմից 2016 թվականի մարտին արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որում ղարաբաղցիների բացարձակ մեծամասնությունը (համարյա 90%-ը) դեմ էր արտահայտվել հողային որևէ զիջումների:

Սակայն տարեվերջին հայ հասարակության մեջ զայրույթի ալիք առաջացրեց ՀԱԿ համագումարում Լևոն տեր-Պետրոսյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 17-ին հողային զիջումների մասին արված հայտարարությունը՝ անհանգստության տեղիք տալով թե՛ մեր կառույցում, թե՛ ողջ արցախցիների մոտ: Այն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, և կարող եմ վստահ ասել, որ Ղարաբաղում ոչ-ոք չի կիսում այդ պարտվողական կեցվածքը:

– Ի՞նչ պատգամ ունեք Արցախի ժողովրդին 2017 թվականի շեմին:

– Խոսքս ամփոփելով՝ արցախահայությանը կցանկանայի մաղթել խաղաղ լուսաբացներ ու ամանորյա շնորհավորանքներով միանալ մեր բոլոր բարի կամեցողներին:

Հարցազրույցը՝ Լիլիա Բաղրյանի

aparaj.am

Տպել Տպել