Բոլորի ցանկությունն է, որ խաղաղությունն ամրապնդվի, իրար մեջք մեջքի տված վերականգնեն երկիրը

Զարմիկ Պողիկյանը՝ հալեպահայերի ցանկության մասին


Հալեպի բնակչությունը շատ դրական տրամադրությամբ է պատրաստվում դիմավորել Նոր տարին․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: «Հինգ տարվա զրկանքներից, չարչարանքներից հետո մեր ժողովուրդն այսօր ուրախ է: Մարդիկ համախմբվել են, զարդարել են փողոցները, Նոր տարվա տրամադրություն ենք տեսնում: Միությունները, դպրոցները, բոլորը տոնում են Ամանորն ու Սուրբ ծնունդը»,- ասաց նա:

fotorcreated-6

Նրա խոսքով՝ Սիրիայից դուրս և Սիրիայի այլ քաղաքներում ապաստանած հայերի մոտ արդեն տրամադրվածություն կա վերադառնալու Հալեպ՝ իրենց բնակավայրը, բայց առայժմ, ըստ նրա, մեծ ճիգեր այդ ուղղությամբ չկան: «Պատերազմը տակավին չի վերջացել: Կան ընտանիքներ, որ Լիբանանից, Սիրիայի այլ նահանգներից վերադարձել են, հաստավել են և անցել են իրենց կենսակերպին: Իսկ եթե խաղաղությունը ամբողջ Սիրիայում ամրագրվի, ավելի մեծ թվով հայեր կվերադառնան իրենց բնակարանները»,- ասաց Զարմիկ Պողիկյանը։

Նրա խոսքով՝ Հալեպի Ազգային ճեմարանը , որը գտնվում էր Նոր գյուղի սկզբում և զրկվել էր իր վարժարանից, մաքրել իր դպրոցը, դրա մոտ տոնածառ դրել։ «Այստեղ հույս ունեն, որ 2017֊-ին դպրոցը կբացվի և իր գործունեությունը կշարունակի»,- ասաց նա՝ հույս ունենալով, որ շուտով հայերը, համախմբելով իրենց ուժերը, պետության աջակցությամբ, կկարողանան վերականգնել իրենց ունեցածը Հալեպում, և առաջիկա տարում վերածնունդ կապրեն:

«Գանձասարի» խմբագիրը նշեց, որ խաղաղության մեջ գտնվող Հալեպը հիմա կանգնած է քաղաքը վերականգնելու դժվարին խնդրի առաջ։ Նրա խոսքով՝ դա հնարավոր է անել տևական ժամանակամիջոցում: «Ամբողջ քաղաքը պատերազմի հետևանքով ավերվել էր: Հիմա արդեն փողոցներն են վերականգնվում, երթևեկությունը կվերականգնվի: Բայց արդեն նոր տարվա համար խորհրդարանում հարց բարձրացվեց, որ 2017 թվականի համար քաղաքը վերականգնելու գործողություններ մշակվեն, վերակառուցման համար: Դա մեծ աշխատանք է, 2-3 շաբաթվա գործ չէ»,- ասաց նա:

Հիմա հալեպահայերի միակ ու ամենամեծ ցանկությունը խաղաղությունն է․ «Հիմա ամբողջ Սիրիայում դեռ պատերազմն ավարտված չէ: Բոլորի ցանկությունն է, որ խաղաղությունն ամրապնդվի, կարողանան բոլորով, իրար մեջք մեջքի տված վերականգնել այս երկիրը»,- ասաց Զարմիկ Պողիկյանը:

tert.am

Տպել Տպել