Սպասում ենք նոր պարզաբանումների

Տեր-Պետրոսյանը հիմա էլ հանդես է եկել դեկտեմբերի 17-ի իր ելույթի պարզաբանումներով: Թե ինչո՞ւ, երևի միայն ինքը գիտի, որովհետև երբեք չի պատահել, որ նա իր որևէ ցնցող ելույթից մի քանի օր անց սկսի մի հատ էլ պարզաբանել: Եվ, առհասարակ, պարզաբանում է նա, ով մտածում է, թե իրեն ճիշտ չեն հասկացել: Այսինքն պարզաբանումը որոշ առումներով արդարացում է, նաև՝ ասածի հետողորմյա կամ նման մի բան:

Ահավասիկ նա ասում է, որ իրեն զարմացրել է դեկտեմբերի 17-ի համագումարյան ելույթի դրական արձագանքների առատությունը: Լավ կլիներ՝ մի քանի անուն տար՝ մենք էլ իմանայինք, թե այդ ովքեր են այդպես դրական արձագանքել, որ ինքն էլ հուզվել է ու որոշել է նորից պարզաբանել այդ չքնաղ ելույթը:

Շատ են եղել նաև քննադատությունները, որոնք ՀՀ առաջին նախագահը խնամքով դասակարգել է ըստ հետևյալի՝ բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ: Ճաշակի հարց է, իհարկե, սակայն հետաքրքիր է, թե անձամբ ինքը իր նշած այս կատեգորիաներից որին կվերապահեր «ոչմիթիզհողական» որակավորումը: Այն թե բացասական է, թե զգացական է, թե խեղաթյուրիչ, թե մեղադրական, թե սպառնալից և թե, մանավանդ, հիստերիկ:

5007231

Դիցուք՝ իմ կարդացած արձագանքների մեջ մեծ տեղ են գրավում այնպիսիք, որոնց հեղինակները Տեր-Պետրոսյանին մեղադրում էին օրվա իշխանություններին իր և ՀԱԿ-ի ծառայություններն առաջարկելու մեջ: Ես հիմա չգիտեմ, թե Տեր-Պետրոսյանը հատկապես որ խմբում է դասավորել այս կարգի քննադատությունները, բայց, որ դրանց առանձին կետով չի անդրադարձել իր դարակազմիկ պարզաբանումների մեջ, նշանակում է՝ կամ լռելյայն համաձայն է հեղինակների այդ գայթակղիչ դիտարկմանը, կամ էլ պարզապես չի ցանկանում, որ ընտրություններից առաջ շատ մարդ իմանա այդ մասին: Սա, ինչպես հասկանում եք, բավականին խորքային հարց է և թերթային մեկ հոդվածում դժվար է այդպիդի տրանսֆորմացիան հանրամատչելի կերպով ներկայացնելը: Բանն այն է, որ նշմարվող համագործակցության մի կողմը Տեր-Պետրոսյանն է, իսկ նրա նախընթաց բոլոր համագործակցությունները, եթե չասեմ խայտառակ, ապա տխուր վախճան են ունեցել, և սա է պատճառը, կարծում եմ, որ իշխանությունն ի դեմս ՀՀԿ-ի միանգամից չթռավ Տեր-Պետրոսյանի գիրկը, երբ նրա ելույթը ՀԱԿ համագումարում ընդունվեց բրեժնևավայել երկարատև և անընդմեջ ծափերով:

Իսկ հիմա՝ բուն պարզաբանումների մասին:

Ես կգամ վերջից: «Շատերին զայրացրել է նաեւ այն բանը, որ ես Իլհամ Ալիեւին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ եմ համարել»,- այս կետի իր մեկնաբանությունն է սկսում Տեր-Պետրոսյանը: Դատելով վերևում բերված Տեր-Պետրոսյանի դիտարկումից, թե քիչ չեն եղել դրական արձագանքները, կարելի է ասել, որ շատերին է հիացրել ՀԱԿ համագումարում հնչած այդ դատարկախոսությունը կամ, որ ավելի վատ է, Տեր-Պետրոսյանի նման կրթված մարդուն ոչ սազական այդ արտահայտությունը: Հիմա եկել, արդարանում է (իբր պարզաբանում է), թե մարդուն ռացիոնալ գործիչ ասելը դեռ չի նշանակում գովաբանել նրան: «Քանի որ մարդը բանական կենդանի է, մտածողության այդ եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը։ Այսինքն, ռացիոնալ մտածողությունը նորմ է, իռացիոնալը՝ բացառություն»,- ասում է Տեր-Պետրոսյանը՝ չնկատելով, որ ինքն է ակամա հայտնվում մարդկանց բացառիկ, այն է՝ իռացիոնալ տեսակի մեջ, երբ ռացիոնալ է ասում իռացիոնալին:: Եթե մեկը քնած հային կացնահարողին հերոսացնում է, ապա անհնար է, որ նա համարվի ռացիոնալ մտածող պետական գործիչ: Եթե մեկը բանակցային գործընթացի ժամանակ հրամայում է պատերազմ սկսել, ուրեմն նա բանական կենդանի չէ: Եթե մեկը, որպեսզի չկրակի, հարևան երկրի հողերն է պահանջում, ներառյալ Զանգեզուրն ու Սևանը, ուրեմն նա առհասարակ պետական գործիչ չէ: Իսկ գուցե ռացիոնա՞լ գործչի արարք էր Չինարիում երեկ տեղի ունեցածը: Եվ ուրեմն չի կարելի ճիվաղին մարդու տեղ դնել, հետո էլ պարզաբանել, թե ինչ բան է բանականությամբ առաջնորդվելը: Եթե Տեր-Պետրոսյանն իր հաջորդ պարզաբանման մեջ կարողանա նաև բացատրել, թե ինչու է Ալիևին համարում բանական կենդանի, մենք ուղղակի երախտապարտ կլինենք նրան:

Իր մեկ այլ պարզաբանման մեջ Տեր-Պետրոսյանը փորձում է հանգցնել սեփական փեշերի կրակը և հայտարարում է, թե ինքն ու ՀԱԿ-ը հեչ կապ չունեն Ղարաբաղի հարցի կարգավորման՝ այսօր սեղանին դրված փաստաթղթի հետ և փուլային կարգավորման համար պատասխանատվություն է կրում իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի և Դաշնակցության»: ՀԱԿ-ը, գուցե, կապ չունի, իսկ ի՞նքը: Բանն այն է, որ այդ փաստաթղթի հիմքերը դրվել են 1996-97 թվականներին, երբ Տեր-Պետրոսյանը Հայաստանի, ձեռքի հետ էլ հայտնի գեղի կլուբի պատվավոր նախագահն էր: Այսուհանդերձ, եթե նա այս ամենի հետ կապ չունի (հոգևոր և ֆիզիկական) ապա որքանո՞վ է բարոյական՝ մի կողմից քննադատել բանակցությունների սեղանին գտնվող փաստաթուղթը, իսկ մյուս կողմից ՀՀԿ-ին հորդորել, թե Սերժ Սարգսյանին թասիբի գցեք, որ ստորագրի…

Ցանկացած ռացիոնալ քաղաքական գործիչ կհաստատի, որ մի բան է սեղանին եղած փաստաթուղթը, մեկ այլ բան՝ այդ փաստաթղթի շուրջ բանակցողների մտադրությունը: Հայաստանի համար այդ շատ վատ փաստաթուղթը և հարցի կարգավորման գործընթացը քանիցս վիժեցվել է Ադրբեջանի և մասնավորապես Ալիևի կողմից: Սա անշուշտ նշանակում է, որ հայկական կողմը ունի դեռ չբացված խաղաքարեր կամ այնտեղ կան կետեր, օրինակ Ղարաբաղի կարգավիճակը, որին պատրաստ չէ Ալիևը: Ի՞նչ անենք, ավելի շա՞տ զիջենք, որ Ալիևը համաձայնի ստորագրել: «Միթիզհողական» Տեր-Պետրոսյանը հենց դա է առաջարկում, ինչի հետ անգամ ամենաիռացիոնալ էշը չի կարող համաձայնել:

Մի հարցում միայն Տեր-Պետրոսյանի հետ կարեելի է համաձայնել: Առջևում ընտրություններ են, և շատ բան կարելի է դուրս գրել նախընտրական տրամադրությունների հաշվին: Տեր-Պետրոսյանն էլ, ահա, փորձում է հասարակությանը ներկայանալ Մադրիդյան սկզբունքներն առաջինը հրապարակողի՝ ռահվիրայի տեսքով: Ով հիացած է Տեր-Պետրոսյանով, թող շարունակի հիանալ և բերանը բաց ծափահարել նրան, բայց հո Տեր-Պետրոսյանն էլ գիտի, որ ինքը հայտնություն չի արել՝ հրապարակելով փուլային կարգավորման 5 սկզբունքները: Դրանք մինչ այս պարզաբանումն էլ հրապարակվել են, այն էլ քանիցս, հետևաբար, երբ Տեր-Պետրոսյանը պնդում է, որ նախընտրական շրջանը լավագույն պահն է նույնիսկ ուրիշների կողմից հրապարակված բաները սեփականացնելու համար, մեղմ ասած, ազնիվ չէ: Լսենք իրեն. «Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի»:

Չգիտեմ՝ ում ինչ, իսկ ինձ Լևոն Տեր-Պետրոսյանի «շիտակությունն» է դուր գալիս: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 10-ին, երբ Մինսկում Հայաստանը ստորագրում էր ԵՏՄ-ին միանակլու համաձայնագիրը, Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանի հետ հրավառություն սարքեց՝ ի նշան Լուկաշենկոյի, Նազարբաևի և, իհարկե, Ալիևի հետ համերաշխության՝ ապուշի տեղ դնելով հրապարակում ծովացած ժողովրդին: Այդ օրը Տեր-Պետրոսյանը փայլեց իր ողջ հմայքով:

Հ.Գ. Երեկ Չինարիում տեղի ունեցածը կարելի է իրավամբ համարել Իլհամ Ալիևի աջակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական պայքարին: Ալիևն այդ կերպ մեզ փորձեց հասկացնել, որ ազատագրված տարածքները չվերադարձնելու դեպքում կարող ենք ավելին կորցնել՝ ընդհուպ ՀՀ տարածքներ: Այնպես որ, ճիշտ ժամանակն է, որ Տեր-Պետրոսյանը հանդես գա իր պարզաբանումների վերապարզաբանումներով: Դրա համար ավելի լավ ժամանակ, քան նախընտրական շրջանն է, չի կարող լինել:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am

Տպել Տպել