Եթե իմանամ դրանով կօժանդակեմ խնդիրները կարգավորելուն, ուրախ կլինեմ, բայց չեմ ակնկալում

«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ և համասեփականատեր Տարոն Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«ՀՅԴ Կոտայքի մարզի կառույցը և Արագածոտնի կառույցը ինձ առաջադրել են: Որտեղ որ կորոշի ՀՅԴ Գերագույն մարմինը, ես էդ մարզում էլ կառաջադրվեմ: Գերագույն մարմինը որտեղ որ կգտնի ավելի նպատակահարմար, ես կկատարեմ Գերագույն մարմնի հանձնարարությունը»,-ասաց ԲԿ-ի գլխավոր բժիշկը:

Քանի որ «Երևան» ԲԿ-ն տևական ժամանակ չի գործում ու Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ կենտրոնի համասեփականատեր, հայտնի գրող Զորի Բալայանը ուզում է խլել կենտրոնը, Տոնոյանից հետարքրքվեցինք, թե հնարավո՞ր է իր բժշկական կենտրոնի խնդիրները լուծելու ակնկալիքով է դառնում պատգամավոր:

«Եթե իմանամ դրանով կօժանդակեմ խնդիրները կարգավորելուն, ուրախ կլինեմ, բայց ես չեմ ակնկալում էդպիսի բան: Քանի որ դա չի լուծման ճանապարհը, ես նման ակնկալիքներ չունեմ: Մանավանդ, որ դա ոչ թե իմ, այլ իմ ընկերների նախաձեռնությունն է: Էդպիսի պարտնյոր չունեմ, որ այդ լծակներով ազդեմ իրենց վրա, որովհետև նրանք էլ բավական ազդեցիկ մարդիկ են, և սեփական հարցերը լուծելու համար քաղաքական դաշտը մտնելը ես հետընթաց եմ համարում»,- ասաց գլխավոր բժիշկը:

Դիտարկմանը, թե Հայաստանում հիմնականում բոլորը սեփական հարցերը լուծելու համար են մտնում քաղաքական դաշտ, դաշնակցական բժիշկը հակադարձեց. «Շատ օրինակներ մենք ունենք շատ ազնիվ պատգամավորների»:

Հարցին, թե՞ ինչ փուլում է այս պահին բժշկական կենտրոնի խնդիրը, քանի որ ինքը հայտարարում էր, որ Զորի Բալայանն ուզում է խլել իրենից այդ կենտրոնը, պատասխանեց. «Կարծում եմ՝ կարելի է դրա մասին արդեն անցյալ ժամանակով խոսել՝ ուզում էր: Արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ ուժի դիրքերից արդյունքի չհասան, հարկավոր է ավելի տրամաբանական բանակցություններ վարել և աշխատել: Ես դրան պատրաստ եմ, բայց կարծում եմ՝ իրենք դեռևս պատրաստ չեն: Կենտրոնը որպես բուժական հաստատություն չի գործում»:

Թե ինչու հայտնի բժիշկը որոշեց պատգամավոր դառնալ հարցին ի պատասխան Տոնոյանն ասաց. «Բաներ կան, որ մենակ մեր ուզելով չի: Եթե պետք է օգնեմ իմ կուսակցությանը, ես համոզված եմ, որ իմ կուսակցությանն օգնելով, հաստատ օգնում եմ մեր պետությանը, մեր ժողովրդին, ես պարտավոր եմ դա անել: Գուցե և որպես անձ կկորցնեմ շատ, քանի որ ես իմ սիրած գործով եմ զբաղվում՝ վիրահատություններ և այլն, սա նույնիսկ իմ տարերքն է: Դա չի նշանակում, որ ես իմ պրոֆեսիոնալ գործունեությամբ էլ չեմ զբաղվելու»:

Տպել Տպել