Ազատամարտիկների պահեստային գումարտակը վարժանքներից հետո պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի

ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հարցերով հանձնախմբի կոչին արձագանքել է 650 քաղաքացի, ձևավորվել է պահեստային գումարտակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ հավելելով, որ գումարտակը հետագայում մարտի դաշտում գործելու է Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված։

«Ապրիլյան դասերը մեզ ստիպեցին, որպեսզի սպառնալից ժամանակահատվածում ձևավորենք գումարտակ, որպեսզի պատրաստ լինենք լայնամասշտաբ գործողությունների վերսկսման դեպքում ՝ ավելի կազմակերպված, ավելի արագ օգտակար լինել սահմանների պաշտպանության գործին։

ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյան

Արտաշես Մխիթարյանն ընդգծեց, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել և պատահական չէ ասված՝ եթե խաղաղություն ես ուզում, պիտի պատրաստ լինես պատերազմի։

«Հիմա ստորաբաժանումների ձևավորման աշխատանքներ են ընթանում, կամավոր գրվածներն՝ ըստ մարզերի բաշխվում են ջոկերի, վաշտերի։ Աշխատանքների ավարտից հետո կսկսենք անցկացնել վարժական հավաքներ՝ համաձայնեցված Պաշտպանության նախարարության հետ։ Յուրաքանչյուր զինվոր իմանալու է իր տեղը մարտի դաշտում, խրամաբջիջը, իր կրակի ուղղությունը, հակառակորդի հարձակման հավանական ուղղությունը»,- մանրամասնեց նա։

Tert.am-ը գնդապետից հետաքրքրվեց, թե ինչով է գումարտակը տարբերվելու արդեն եղած ազատամարտիկների այլ միություններից՝ «Ազատամարտիկների դաշինքից», ԵԿՄ-ից, «Երդվյալ ազատամարտիկների» միությունից, «Արցախյան պատերազմի վետերաններ» միությունից։ Արտաշես Մխիթարյանը պատասխանեց, որ միությունը լինելու է «Շուշիի» առանձնակի գումարտակի կորիզի հիման վրա՝ համալրված երիտասարդներով։

«Հիմնականում մինչև 45 տարեկան տղաներ են։ Կորիզը՝ այսինքն՝ նախաձեռնողները, հիմնադիրները «Շուշիի» առանձնակի գումարտակից են, այդ թվում՝ գիտեք՝ ես»,- շեշտեց նա։

Գնդապետը վստահեցրեց, որ իրենք այլ միությունների հետ մրցակցելու խնդիր չունեն։

«Կուսակցական պատկանելիության խնդիր չկա, քաղաքական հարցերում երբեք չի հոլովվելու գումարտակի անունը, դա բացառված է»,-եզրափակեց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Տպել Տպել