Յուրաքանչյուրը քեզ յուրովի է հիշում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի նամակը Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ

Սիրելի Հրանտ,

Դժվար է հավատալ, որ արդեն տասը տարի է՝ դու մեզ հետ չես մարմնապես։ Դժվար է հավատալ, որովհետև դու այլապես միշտ էլ ներկա ես եղել այս տասը տարիներին․ քո մասին, գաղափարներիդ, ասածներիդ և չասածներիդ մասին այնքան է խոսվել և խոսվում է, որ դժվար է հավատալ, որ չկաս։ Քո մասին պարբերաբար խոսեցնում է նաև քո սպանության գործով ընթացող դատավարությունը, կամ դատավարությունները։ Կներես, որ մանրամասնորեն չեմ հետևում այդ ներկայացումներին, որովհետև դրանք նման են ամեն ինչի, միայն ոչ՝ դատավարության։ Ավելի շուտ ալաթուրքա հեռուստասերիալի են նմանվում։ Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ մենք արդեն գիտենք՝ ով էր քեզ սպանողը։ Թուրքական պետությունն է այդ ոճրագործը, որ չկարողացավ հանդուրժել քեզ պես, իսկապես Թուրքիային հավատարիմ, բայց ոչ հլու-հնազանդ ու հայ ինքնությունը պահող քաղաքացու համարձակությունը։


Թեև մենք՝ դու և ես, քաղաքական որոշ մոտեցումներով ընդդիմախոս էինք, բայց քո քաջությունը, համարձակությունը, քո համոզվածությունը գաղափարներիդ ինձ մղել են, որ հարգեմ քեզ որպես մարդու, որպես հայի։

Վստահաբար ուրիշներն էլ արդեն քեզ տեղեկացրել են, որ այս տասը տարիներին բավական բան է փոխվել թուրքիայում՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ կշռույթով։ Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ կցանկանայիր մեր օրերի Թուրքիայում ողջ լինել՝ ֆիզիկապես ողջ։

Սակայն, ինչպես արդեն ասացի, դու կաս։ Դու շատերի համար կաս, և յուրաքանչյուրը քեզ յուրովի է հիշում։ Շատերը, քո մասին ասվածները լսելով, կարող են զարմանալ, որ բոլորը նույն մարդու՝ քո մասին են խոսում։ Համենայնդեպս՝ ինձ համար կարևորն այն է, որ քո մասին խոսում, մտածում է Թուրքիայի՝ գոնե պոլսի հայ երիտասարդության մի մասը այն էլ հարգանքով, անկեղծ սիրով է խոսում։ Եվ կարծես որոշել է վարակվել, կամ արդեն վարակվել է քո համարձակությամբ, քո ինքնավստահությամբ։

Ի դեպ, 2013-ին այցելցի քո սպանության վայրը, աշխատավայրդ և քո շիրիմին։ Չկարողացա չզայրանալ այդ մեծ անարդարությունից։ Կրկնում էի, որ դու երկրորդ մարդն էիր, ով ինձ Պոլիս էր հրավիրել։ Առաջինը իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր էր ժամանակին, այդ ժամանակ՝ փախստական իր երկրից։ Իսկ դու․․․ դու սպանված՝ պետության կողմից։ Համենայնդեպս՝ կարծում եմ, որ շատերը կցանկային գոնե քեզ պես ապրել այդ երկրում։

Հողը թեթև գա, սիրելի՛ Հրանտ։

Ջերմ բերևներով՝

Կիրո Մանոյան

«ԱԿՕՍ»
yerkir.am

Արեւմտահայերէն բնագիրը

Սիրելի Հրանդ,

Դժուար է հաւատալ, որ արդէն տասը տարի է, որ դուն մեր հետ չես մարմնապէս։ Դժուար է հաւատալ, որովհետեւ դուն այլապէս միշտ ալ ներկայ եղար այս տասը տարին. քու մասիդ, քու գաղափարներուդ, ըսածներուդ ու չըսածներուդ մասին այնքան խօսուեցաւ ու կը խօսուի, որ դժուար է հաւատալ, որ չկաս։ Պարբերաբար, քու մասիդ կը խօսեցնէ նաեւ քու սպանութեանդ գծով ընթացով դատավարութիւնը կամ… դատավարութիւնները։ Կը ներես, որ մանրամասն չեմ հետեւիր այդ… ներկայացումներուն, որովհետեւ դատավարութենէ զատ, անոնք ամէն ինչի, յատկապէս՝ ալաթուրքա հեռուստասերիալի կը նմանին… Կը կարծեմ, որ շատերը կը համաձայնին իմ հետս, թէ՝ մենք արդէն գիտենք ով էր քեզի սպաննողը։ Թրքական պետութիւնն է այդ ոճրագործը, որ չկրցաւ հանդուրժել քեզի պէս իսկապէս Թուրքիոյ հաւատարիմ, բայց՝ ո՛չ հլու-հնազանդ ու հայ ինքնութիւնը պահող քաղաքացիի մը համարձակութիւնը։

Թէեւ մենք՝ դուն եւ ես, քաղաքական կարգ մը մօտեցումներով իրարու ընդդիմախօս էինք, բայց քու քաջութիւնդ, համարձակութիւնդ, քու գաղափարներուդ մէջ համոզուածութիւնդ՝ մղած էին, որ յարգեմ քեզի որպէս մարդու, որպէս հայու։

Վստահաբար ուրիշներ ալ արդէն քեզի տեղեկացուցած կ՚ըլլան, որ այս տասը տարուան մէջ բաւական բան փոխուեցաւ Թուրքիոյ մէջ, մէկ քայլ առաջ-երկու քայլ ետ կշռոյթով։ Անկեղծ ըսած, վստահ չեմ, որ դուն պիտի ուզէիր այս օրերուն Թուրքիոյ մէջ ողջ ըլլալ, ֆիզիքապէս՝ ողջ։

Սակայն, այլապէս, ինչպէս արդէն ըսի, դուն կաս։ Դուն կաս շատերու մօտ եւ իւրաքանչիւրը քեզի կը յիշէ իւրովի։ Շատեր ուրիշ շատերու կողմէ քու մասին ըսածները լսելով, կրնան զարմանալ եթէ բոլորը նոյն մարդուն՝ քու մասիդ կը խօսին։ Ամենայնդէպս, ինծի համար կարեւորը այն է, որ քու մասիդ կը խօսի, կը մտածէ Թուրքիոյ, գոնէ՝ Պոլսոյ հայ երիտասարդութեան մէկ մասը եւ այն ալ՝ խոր յարգանքով, անկեղծ սիրով եւ կարծես որոշեր է վարակուիլ, կամ արդէն վարակուեր է, քու համարձակութեամբ, քու ինքնավստահութեամբ։

Ի դէպ, 2013-ին այցելեցի քու սպանութեան վայրը, քու աշխատանքի վայրը եւ քու շիրիմիդ։ Չկրցայ չջղայնանալ այդ մեծ անարդարութեան յիշեցումէն։ Խօսակիցներուս կը կրկնէի, որ դուն երկրորդ անձն էիր, որ զիս հրաւիրած էիր Պոլիս։ Առաջինը, ժամանակին իշխող AKP կուսակցութեան երեսփոխան մը, արդէն փախստական էր երկրէն դուրս։ Իսկ դուն… դուն ալ սպաննուած՝ պետութեան կողմէ։ Ամենայնդէպս, կը կարծեմ, որ շատեր պիտի ուզէին գոնէ քեզի պէս ապրիլ այդ երկրին մէջ։

Հողը դեդեւ գայ, սիրելի Հրանդ։

Ջերմ բարեւներով՝

Կիրոյ (Մանոյեան)

Տպել Տպել