Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամը ընտրվել է ավստրալական նահանգի վարչապետ

ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին:

Հայ Դատի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամյա Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը:

Նա դեռ երիտասարդ հասակում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ավստրալիայի հայկական համայնքի կյանքին, եղել է Հայ Մարմնակրթական միության՝ ՀՄԸՄ-ի անդամ և զբաղվել բասկետբոլով:

Բերեջիքլյանը խորհրդարանում բարձրացրել է Ավստրալիայի հայ համայնքի խնդիրները՝ անդրադառնալով Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի կարևորությանը:

Բերեջիքլյանը արժանացել է Ավստրալիայի հայ համայնքի` «Տարվա ընկեր» մրցանակին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան պարգևատրել է նաև Երախտագիտության մեդալով:

Հիշեցնենք, որ Գլեդիս Բերեջիքլյանը 2013 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության կազմում Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»:

Տպել Տպել