Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը:

Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի ձեռքբերումները, որոնց շրջանակներում իրականացվել են նախակրթարանների, դպրոցների, բուժկետերի վերանորոգման և կահավորման, ինքնահոս ոռոգման ջրով ապահովման, ճանապարհների խճապատման աշխատանքներ:

«Հայ օգնության միություն»-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացնում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է առնվազն 90 ջերմատների կառուցում: ՀՕՄ-ն իր համաֆինանսավորման շրջա¬նակ¬¬ներում արդեն ապահովել է 30 ջերմատներում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը:

Կարևորելով համայնքներում կազմակերպության կողմից տարվող բարեգործական աշխատանքները, նախարար Լոքյանը, հղում անելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի հավելյալ արժեք ստեղծելու գաղափարը:

Հանդիպման ավարտին համայնքներում ՀՕՄ-ի աշխատանքներն ավելի թիրախային դարձնելու և նախարարության կողմից համապատասխան խորհրդատվություն ստանալու նպատակով կողմերը պայմանավորվել են հանդիպումներն առավել հաճախակի դարձնել:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել